«Փաստեր կան, որ ուզեցել են գցել 3-րդ հարկից». Ասում է սպանված կուրսանտի հայրը

Սպանված կուրսանտի հայրը պատասխանում է փաստաբանին

2015թ. հունվարի 29-ին պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերված ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, պատասխանել է գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի պաշտպանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ փաստաբան Արմեն Նադիրյանը մեզ հետ զրույցում անդրադարձել էր մի շարք հանգամանքների՝ նշելով, որ Վ. Սահակյանը սպանության մեղադրանքը չի ընդունում:

Երեկ Հ. Բարսեղյանի հայրը՝ Ա. Բարսեղյանը, մեզ հետ զրույցում ասաց, թե տհաճ հայտարարություններ են արվում գործի վերաբերյալ: Նա նախ նշեց՝ շնորհակալ է, որ Ա. Նադիրյանը ցավակցում է իրեն. «Վաչեից մի փոքր ավելի գրագետ գտնվեց, որովհետև, երբ Վաչեն նամակ էր գրել, այնտեղ ոչ մի ցավակցական խոսք չկար, և ներողություն էլ չէր խնդրում մի բանի համար, որն ասում է՝ չի արել: Շնորհակալ եմ նրա համար, որ ցավակցում է: Բայց երբ ասում է, որ դաժան սպանություն չի եղել, դա աբսուրդ է: Ես հայտարարում եմ, որ աբսուրդը նրա ասածներն են: Ես հասկանում եմ՝ ինքը փաստաբան է, բայց կոռեկտությունը լավ բան է: Ծնողին կրկնակի, տասնապատիկ, հազարապատիկ նորից վիշտ պատճառելը…»:

Ա. Բարսեղյանն ասաց, որ արդեն երկրորդ հրապարակման մեջ փաստաբանը նշում է, որ դաժան սպանություն չի եղել: Նշենք, որ մեզ հետ զրույցում Ա. Նադիրյանը հայտնել էր, որ առանձին դաժանությունը ենթադրում է, որ դիտավորությունն ուղղված է սպանվողին կտտանքների, տանջանքների ենթարկելուն. ըստ նրա՝ դատաբժշկական փորձաքննությամբ տուժողի բերանի շրջանում ընդամենը մի քանի վնասվածք է հայտնաբերվել, իսկ մահվան պատճառը ենթալեզվային ոսկորը կոտրվելու հետևանքով րոպեների ընթացքում վրա հասած շնչահեղձությունն է, փորձաքննության եզրակացությամբ խոշտանգման, կտտանքների ենթարկվելու, տանջահարման բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել: Հ. Բարսեղյանի հայրը, սակայն, հակադարձում է՝ կատարվել է շատ դաժան սպանություն.

Կարդացեք նաև

«Ասում է՝ բերանի շրջանում մի քանի վնասվածք կար: Այդպես չէ: Դրանից առաջ տարել են, երեխուն ծեծել են, կանչել են, այն ժամանակ 6 թե 7 հոգով են եղել, թե 4-ն են եղել: Տարել են բիտովկա կոչվածը, իրենք խմելիս են եղել: Այդտեղ ծեծի են ենթարկել երեխուն, ինքը միայնակ է եղել: Հետո նորից եկել են սենյակ, հարձակվել են վրան, ոտքերն են բռնել: Երեխու գործը հիմա ինձ մոտ է, ես կարդում եմ: Ես ուզում եմ հասկանալ՝ իր համար դաժան սպանությունը ո՞րն է: Հայտարարում է՝ 18 տարեկան երեխաներ են: Ես էլ եմ ցավ ապրում, որ 18 տարեկան երեխաներ պետք է գնան-կորեն: Ավելի լավ էր` նման բան չլիներ, իմ երեխան էլ կենդանի լիներ, իրենք էլ իրենց համար լավ ծառայեին, այս հայրենիքի համար ծառայեին, վերջացնեին, բոլորս էլ լավ ապրեինք»:

Անդրադառնալով Ա. Նադիրյանի այն հայտարարությանը, թե Վ. Սահակյանը ծառայության ընթացքում միջամտել, հարցերին ճիշտ լուծում է տվել, Ա. Բարսեղյանն ասաց. «Ես չեմ հասկանում, պարո՛ն Նադիրյան, դա բե՞րդ է եղել, որ ինքն էլ հարց լուծող է եղել այդտեղ: Իր ի՞նչ գործն է եղել, որ ինքը հարցեր լուծի, կանչի Հայկազին կամ մեկ ուրիշին, պահանջի, թե ինչու է այսպես եղել»:

Մեզ հետ զրույցում Ա. Նադիրյանը նշել էր, որ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ սպանությունը կարող էր կատարվել Հ. Բարսեղյանի հետ նույն ննջարանում քնող կուրսանտների կողմից, որոնք ցուցմունք են տալիս իր պաշտպանյալի և մյուս մեղադրյալների դեմ:

Ա. Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, եթե փաստաբանը գիտի, թե ով է կատարողը՝ թող անուններ տա. նրա խոսքով՝ փաստաբանը նշում է, որ այդ կուրսանտներից մեկը կոնֆլիկտներ է ունեցել իր որդու հետ, իր որդին նրան ծաղրուծանակի է ենթարկել: «Ես գործերը կարդացել եմ և կարդում եմ: Այդպիսի բան չի եղել: Այդ կուրսանտն իրեն լավ էլ ձիգ է պահել: Ընդհակառակը, ես կարդում եմ, դեպքեր կան, որ նա է իրեն մի փոքր վատ պահել: Մյուս երեխաների ցուցմունքներում էլ կա, որ ինքն է իրեն վատ պահել: Հենց մի անգամ Հայկազիկին ինքն է հարվածել: Այդ ինչպե՞ս եղավ՝ հարվածող տղան ծաղրուծանակի ենթարկվեց և ուզեցել է ինքնասպան լինել: Նման բան չկա:

Նման բան չկա գրված, որ ինքն ուզեցել է ինքնասպան լինել: Դա աբսուրդ է: Ես եմ ասում՝ աբսուրդ է, որ ինքն այդպիսի հայտարարություններ է ուզում անել՝ ուզում են դաժան սպանություն դնել, 18 տարեկան երիտասարդներ են: Հիմա ի՞նչ անես, որ քո պաշտպանյալն այդպիսի դաժան լակոտ է դուրս եկել: Ի՞նչ անես: Մայրը նամակ է գրում խմբագրություն, որ ուշքի գամ: Մեկ շաբաթ, 15 օր անց ինքը՝ Վաչեն է նամակ գրում ինձ, որ ես չեմ արել, ներողություն չեմ խնդրի: Էլի լավ տղա է խաղում: Ինքն իրեն կինոյի հերոս է սարքել, երևի այդ կինոների տակ է մնացել»,- ասաց սպանված կուրսանտի հայրը՝ նշելով, որ փաստաբանը կրկնակի դաժանություն է անում սպանված կուրսանտի ծնողների հանդեպ, երբ նման հայտարարություններ է անում, «երբ երեխուն դանակի հարվածից հետո դնում են, խեղդամահ են անում». «Դրանից հետո փաստեր կան, որ ուզեցել են գցել 3-րդ հարկից: Ես չգիտեմ՝ ում վարկածն է, բայց Գնելն ասում է՝ պալիտ կլինենք, տենց բան չանենք: Շորերը հագցնում են և իջեցնում երեք հարկ` արդեն սպանված վիճակով, տանում են և կախում:

8-10 ժամ էլ, երեխեն, թեկուզ մահացած, այդ սառնամանիքին կախված մնում է` մինչև իրեն գտնում են: Ես ուզում եմ իմանալ՝ Նադիրյանի համար ո՞րն է դաժանություն: Թուրքն այդպիսի բան արած լիներ, ամբողջ աշխարհում կհայտարարեին՝ տեսեք՝ թուրքերն էլի այս ինչ արեցին: Հիմա, երբ այդ լակոտներն են անում, Նադիրյանը կանգնում-ասում է՝ աբսուրդ է, ինչ դաժանություն: Դաժանություն է եղել, պարոն Նադիրյան: Ուշքի եկեք, դուք էլ ուշքի եկեք: Ես հասկանում եմ, որ գումարներ ես վերցրել և պիտի հայտարարություններ անես, որ ինչ-որ տեղ ծնողի դուրը գա, ասի՝ Նադիրյանն աշխատանք է կատարում, բայց շատ կեղտոտ աշխատանք ես կատարում: Ես գիտեմ փաստաբաններ, որ ասել են՝ ամեն տեսակ գումարի դիմաց մենք չէինք կանգնի, դրանց համար փաստաբան չէինք լինի»:
Ա. Բարսեղյանի խոսքով՝ երրորդ հարկից որդուն իջեցրել են թևերի տակ ընկած, իսկ երբ օրապահը հարցրել է, թե ինչ է տեղի ունեցել, պատասխանել են, որ վատ է զգում, տանում են բուժկետ.

«Ու փաստորեն երեխեն բուժկետ էլ չի գնացել, բուժկետում էլ չի եղել: Տարել են ու իրենց այդ սև գործը շարունակել մեկ էլ դրսում»:

Քրեական գործի նյութերից Ա. Բարսեղյանը դրվագ նկարագրեց վկայի ցուցմունքից այն կուրսանտի առնչությամբ, ով, ըստ Ա. Նադիրյանի, ծաղրուծանակի է ենթարկվել Հ. Բարսեղյանի կողմից: «Կարդում եմ տղաներից մեկի ցուցմունքը: Ասում է՝ մենք օրապահ ենք եղել, և այդ կուսանտը եկավ, ասաց՝ Հայկազ, դու այստեղ կմաքրես, դու՝ այնտեղ, ես էլ՝ այնտեղ: Հայկազը և մյուս տղան գնացել, իրենք աշխատանքը կատարել են: Եկել են, տեսել են՝ այդ տղան` փռված տեղերի վրա, իր աշխատանքը չի կատարել: Հենց այդ տղան է հարցրել. թե ինչու չի արել իր աշխատանքը: Ասել է՝ պետք է, չեմ անում: Դա ծաղրուծանակի ենթարկվող երեխայի՞ պատասխան է, երկու հոգու դեմ կանգնում-ասում է՝ լավ եմ արել, չեմ արել: Ինքը մի փոքր շատ կասկածելի վարք էլ է ունեցել:

Ինչ եղել է, ինքն անմիջապես հետո Վաչեի կողքին է հայտնվել՝ ինձ այսպես, այնպեսգ ու Վաչեն անմիջապես հետո կանչում է՝ եկեք այստեղ, նրան ո՞վ է բան ասել»,- ասաց Հ. Բարսեղյանի հայրը՝ նշելով, որ որդուն չեն կարողացել ճնշել, նա չի ընկճվել «բանդայի դեմ»:

Ա. Բարսեղյանն անդրադարձավ նաև փաստաբանի այն հայտարարությանը, որ խմիչք քիչ է եղել. «Ինքն ասում է՝ այդքան օղի չի խմել, մի բաժակ է խմել:

Պարոն Նադիրյան, իրենք լավ ալկոհոլի ազդեցության տակ են եղել, 24-ին իր՝ Վաչիկի ծնունդն է եղել, և պայմանավորվել են հունվարի 28-ին՝ Բանակի օրն անել, ոչ թե Բանակի օրը նշեն, այլ Վաչիկի ծննդյան օրը նշեն, և ուժեղ ալկոհոլի տակ են եղել»,- ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով` անգամ «մանիակ» մարդասպանին թույլ կտային հոգալ բնական կարիքները, մինչդեռ փաստաբանը նշում է, որ մեղադրյալն իր բնական կարիքները հոգալու հնարավորություն չի ունեցել:

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ ստի դետեկտոր անցկացնելու միջնորդություն է եղել, Ա. Բարսեղյանն ասաց, որ այդ մասին փաստաբանը նշել է օգոստոս ամսին. «Ես էլ ասում եմ՝ իսկ ինչի՞ համար սկզբից այդ հայտարարությունը չարեցիք, սկզբից, երբ արդեն փաստաբանը դարձաք: 8 ամիս անց Դուք այդպիսի հայտարարություն եք անում, երբ արդեն կրքերը հանգստացել են, ինքը հանգստություն է ձեռք բերել: Սկզբից անեիք, երբ դեռ այն վիճակն էր. կարող էր և ստի դետեկտորը ցույց տալ, որ իսկապես ինքն է եղել: Իսկ ինչ վերաբերում է դրան, դատը ցույց կտա՝ ի՞նքն է եղել, թե՞ ինքը չի եղել»: Նրա խոսքով՝ վկաները քիչ չեն. վեց հոգի եղել է սենյակում, հարցաքննվել են նաև օրապահները.

«Ուրեմն այդքան մարդը ստախոս դարձան, սարքող դարձան, և այլն, և այլն: Ես էլ հարց եմ տալիս, պարոն Նադիրյան, լավ, ինչո՞ւ հենց առաջին կասկածվողները պետք է այդ սենյակում 6 քնողները լինեին, ինչո՞ւ եկան, հենց այդ չորսին ձերբակալեցին, որ տարբեր սենյակներում են մնում: Ինչի՞ համար: Լավ, այդ վեցն ասել են, թող ուրիշ անուններ տային: Ես չեմ հասկանում՝ իրենց կյանքի հե՞տ են խաղում, երբ կանգնում են, պետի տեղակալի որդու անունն են տալիս: Դա աբսուրդ է:

Եթե այդպիսի բան չլիներ, ու կանգնեին-ասեին՝ պետի տեղակալի որդին էլ կա, իրենք պետք է պատասխան տային: Ասում է՝ տարել են, փակած են պահել (գործով մի քանի վկաների նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառված եղել.- Օ.Հ.): Փակած չեն եղել: Ինձ չի թվում, որ նրանց ծողները նման հայտարարություններ արած լինեին, որովհետև նրանց ծնողները միշտ էլ գնացել են, իրենց որդիներին տեսել են: Եվ դա զգուշության համար է արված եղել։ Ոչ մի երաշխիք չկար, որ զորամասում մնալով` իրենք կարող էին վախի ենթարկվել և ցուցմունքները փոխեին: Ես էլ այդ հարցն եմ տալիս: Իրենք ոչ թե պատանդի վիճակով են եղել, որ այդպիսի հայտարարություններ է անում, այլ` ընդհակառակը, իրենց մոտ պաշտպանված է եղել»:

Իսկ այն հանգամանքը, որ այդ վկաներն ընդունվել են Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ, ըստ Ա. Բարսեղյանի, երկրորդ հարցն է. «Ես էլ մի փոքրգ Երբ իրենց աչքի առաջ այդ սպանությունը տեղի է ունենում, ոչ մի բան չեն ձեռնարկում, և հետո իրենք ուսումը շարունակում են, որ սպա դառնան: Ես միշտ էլ ասել եմ, նորից եմ ասում՝ եթե մի երեխա չի կարողանում մի սենյակում իր ընկերոջ պատիվը պահել, և այլն, և այլն, երբեք չեմ հավատում, որ նա կարողանա սահման նայել: Ինձ թվում է՝ նա թշնամու մի կրակոցից էլ` որպես սպա, կթողնի զինվորին, կփախչի: Ես այդքանը կարող եմ ասել: Ես այդ մասով համաձայն եմ: Պետք է նրանց ընդհանրապես հեռացնեին այդ հաստատություններից, և այլն, և այլն»:

Ա. Բարսեղյանն ասաց, որ երբ որդին հայտարարել է, որ ցանկացել է այնտեղ սովորել, ինչ-ինչ պատճառներով մերժվել են. «Մերժվեց, որ Ռուսաստան՝ Վորոնեժ, գնա սովորի, նաև ավիացիա ասաց, ասացին՝ ոչ: Չգիտեմ՝ ինչ պատճառներով մերժվեց: Եվ հետո լսում եմ, որ այդ սենյակի 6 հոգուց 3-ն ընդունվել են: Ես չգիտեմ՝ կարող է` լավ սովորում են, բայց Հայկազն էլ այդ բոլոր գիտելիքներն ուներ, որ կարողանար այնտեղ սովորել: Դրա վառ ապացույցն այն է, որ Մոնթեում էլ է լավ սովորել, Վազգեն Սարգսյանում էլ էր լավ սովորում: Ուրեմն այնտեղ էլ լավ կսովորեր: Ես էլ եմ դա ասում: Բայց եթե ինքը (նկատի ունի Ա. Նադիրյանին.- Օ.Հ.) կոնկրետ անուններ գիտի, որ սպանողներն այդ չորսը չեն եղել, թող կոնկրետ անուններ տա, հայտարարելով չէ՝ իրենք չեն, իրենք չեն: Հիմա եթե Վաչիկին կամ թեկուզ այդ չորսին արիության համար ինչ-որ մեդալ տային, իհա՛րկե նրանք չէին մերժի, կասեին՝ այո, մենք այսպիսի բաներ արեցինք:

Բայց երբ իրենց այս բանի մեջ են մեղադրում, հո չե՞ն կանգնելու, ասեն` մենք ենք արել: Այդ ո՞ր մի հիմարն է կանգնում- ասում՝ մենք ենք արել: Իհարկե, պետք է ժխտեն այդ ամեն ինչը: Եվ եթե այդքան վկան ասում է՝ իրենք են եղել, ինքը՝ մեկ ոգի, ասում է՝ ես չեմ եղել, և փաստաբանն էլ ասում է՝ ինքն ասում է՝ ես չեմ եղել, ես էլ ասում եմ՝ պարոն Նադիրյան և մյուս փաստաբաններ, միայն իրենց ասելով հո չէ՞»:

Եզրափակելով՝ Ա. Բարսեղյանն ասաց, որ, եթե 4 մեղադրյալներն անմեղ են, երբեք չի ցանկանա, որ նրանք դատապարտվեն: «Ես էլ եմ հասկանում, որ 18 տարեկան են, այլ ընտանիքներն էլ չկործանվեն: Իրականում ով արել է, թող նա դատվի: Բայց եթե քննություն է կատարվել, ձերբակալվել են նրանք, պարզվել է, որ իրենք են եղել, ինչո՞ւ է այդպիսի անհիմն հայտարարություններ անում: Հիմնովին կապացուցվի դատարանում»,- ասաց նա՝ կոռեկտության կոչ անելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս