Ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը, ի՞նչ ծրագրեր ունի նա
Դեռ այս տարվա հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել էր առաջարկել Միջպետական բանկին «Ռայնովիլ փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին: Նպատակը Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը և անշարժ գույքը գրավից ազատելը և տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն էր: Մինչ օրս անհասկանալի մնացած հիմքով կառավարությունը ենթադրում էր, որ Միջպետական բանկը «Նաիրիտի» բաժնետոմսերը կզիջի ընդամենը 100 դոլարով: Մինչդեռ, հիշեցնենք, «Նաիրիտի» ընդհանուր պարտքը բանկին շուրջ 235 մլն դոլար է:
168.am-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցում ուղարկեց՝ խնդրելով տեղեկացնել, թե ԱՊՀ Միջպետական բանկից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերադարձի հարցն ինչպե՞ս հանգուցալուծվեց, և այժմ ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը, ի՞նչ ծրագրեր ունի նա:
Ի պատասխան մեր հարցադրումների՝ նախարարությունից հայտնեցին, թե ԱՊՀ Միջպետական բանկի կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի փոխանցման գործընթացը շարունակվում է, ավարտից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի։
«Ինչ վերաբերում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ կապված հետագա ծրագրերին, ապա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանը բազմիցս հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել գործարանը վերագործարկելու վերաբերյալ ցանկացած ողջամիտ առաջարկություն։ Կառավարությունը հակված է ամեն ինչ անել «Նաիրիտը» վերագործարկելու համար։ Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին ուսումնասիրությունները, դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ»,- գրված է նախարարության պատասխան նամակում։
Ըստ էության, սա նշանակում է, որ գործարանի բաժնետոմսերը վերադարձնելու կառավարության նախաձեռնությունը տապալվել է: