Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Հայ ազգի հպարտությունը, որպես ազգային հարստություն, միշտ իր  քաջարի զավակներն են եղել: Աշխարհագրական քարտեզների վրա ու թշնամու համակ ուշադրության կենտրոնում են մնացել մեր անհատնում հանքավայրերը, որից միշտ օտարել են մեզ, հողի ու տիրոջ մեջքը՝ վստահելով միջանցիկ քամուն, հիշենք Լոուրենս Արաբացու խոստովանությունը: Սակայն մեր տան պատերի ներսում միշտ արթուն են եղել հայ հերոսները, որոնք նոր ծնվող մանկան ճակատին դրոշմել են հայրենիքի տիրոջ կնիքը, որպես ճակատագիր: Մեր քրիստոնեական կերտվածքը, պարոն նախարար, հանդուրժող հային միշտ զոհասեղանին է դրել և արդյունքում՝ ուխտադրուժ ու խորամանկ թշնամին տիրել է ոչ միայն հայոց հողին ու նրա բեղուն ընդերքին, այլև՝ սպանդի ենթարկել նրա հզոր  ուժը՝ հողի ներկա ու վաղվա սերնդին…

Ձեզ եմ դիմում պարոն նախարար, քանզի դարձդարձիկ դիվանագիտության ներկա անհորիզոն հարաբերությունների օրերում, Ձեր արյան երակներով են անցել արցախյան պատերազմի հաղթանակներն ու կորուստները, որոնք անձնավորել եք հաճախ, Ձեր վրա վերցնելով ազգի պաշտպանվածության մեծ զարկերակի ուժը՝ որպես գենի փոխկանչ, համոզված լինելով, որ ներկա օրերի վստահությունը թիթեռի կյանք ունի, իսկ հարաբերությունների մեջ՝ զոհը պայմանական չէ:

Վերջերս ԵՏՄ նախագահության անդամներից մեկի անտարբեր ու սպառնալից հայտարարությունը՝ ազատագրված տարածքների վերաբերյալ, մեզ ոչ թե զարմացրեց, այլ համախմբեց մեր ինքնապաշտպանության պրիզմայի՝ Հայոց ազգային բանակի շուրջ, քանզի նա է մեր վստահության քվեն և մեր սահմանները պահող հայոց խաղաղ լուսաբացները: Հազարամյակները մեզ պաշտպանել են մեր բազում թշնամիներից միայն նրա համար, որ մենք մեր թշնամու զավակին չենք շպրտել  կողք-կողքի շարված սրերի վրա, ողջ-ողջ չենք թաղել հողի տակ, կանիբալիզմով չենք զբաղվել, օրորոց չենք այրել… Արցախը հայկական տարածք է և արցախի ժողովուրդը ոտքի ելավ, որովհետև ստրուկին ստրուկ լինել չէր կարող հայը…

Հարգարժան նախարար, ճիշտ է արտագաղթը նոսրացրել է մեր մարդկային ռեսուրսը, բայց արտագաղթողների ոգին նույնպես մնացել է իրենց դատարկ տների ներսում, որովհետև հայն արտագաղթում է միայն զավակներին սնելու, որպեսզի նրանց նախապատրաստի հայրենիքի պաշտպանության մեծ կռվի ժամին…

Ազգը  Ձեր կողքին է, Եռաբլուրը նույնպես, մենք գաղութացման ծանր լուծը թոթափեցինք, ազգի ուժն ու իմաստությունը պահելու համար: Սերունդները մեզ չեն ների այն մեծ բացթողման համար, որի շուրջ վխտում են ադրբեջանամետ խլյակները… չեն ների, ինչպես այսօր չենք ներում մենք 1915 թվականին հայ առաջնորդների ու պատասխանատուների սխալները՝ մի ողջ ժողովրդի Դեր էլ Զորի ավազուտների սպանդին թողնելու համար: Ազատագրված յոթ տարածքները Ստեփանակերտի  պատնեշներն են, իսկ Ստեփանակերտը՝ Հայաստանի: Մեզ թելադրողներից և ոչ մեկը մեր ցավի ժամին ձեռք չմեկնեց մեզ, մենք արյունով ենք վերցրել մեր պատմական տարածքները: Հայոց եղեռնի 100-ամյա տարելից ենք նշում, հարյուր տարի հետո էլ, մեր թշնամին մեզ հայրենազրկելով հրաժարվում է իր ոճրագործություններից, ի՞նչ է, այսօր մենք մեր տան մեջ ինքնուրույն ապրելու իրավունքի՞ց էլ ենք զրկված…

Պարոն նախարար, մենք ապավինում ենք Ձեր սուրբ գործի ռազմական հմտություններին, իմաստնությանը, ազնիվ հայրենապաշտությանը, թշնամուն սանձելու Ձեր վարպետությանը, որը մեր կարևոր և հզոր զենքերից մեկն է: Ձեր ներկայությամբ, մենք համոզված ենք, որ ոչ մի թիզ հող այլևս չի պղծվի թշնամու ապականված շնչից: Այո՛, մենք ազգ- բանակ ենք և կանգնած ենք Ձեր և մեր սքանչելի Հայրենիքի կողքին…

Թույլ մի տվեք, որ Ձեր նվիրյալ ժողովուրդը այլևս չվստահի ինքն իրեն: Արյունով ձեռքբերածը չի հանձնվում…

Բանաստեղծուհի, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս