Երեք նախագահների թակարդը
Հայաստանի քաղաքական կյանքը շարունակում է պտտվել երեք նախագահների առանցքի շուրջ: Այն, ինչ տեղի է ունենում երկրում, հանրային քաղաքական կյանքում, ուղղակի կամ անուղղակի կապված ու պայմանավորված է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց ընդդատյա ու նրանց սպասարկող համակարգերի հետ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այսօր պրակտիկ քաղաքականության մեջ երեք նախագահներից միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է մնացել, քանի որ Տեր-Պետրոսյանը՝ ներկայացված լինելով իր ղեկավարած ՀԱԿ-ով, ըստ էության, մարգինալացվել է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացված չլինելով անգամ իր ստեղծած ԲՀԿ-ով ու իր չստեղծած, բայց իր ազատագրած ՀՅԴ-ով, դուրս է մնացել ընթացիկ քաղաքական զարգացումներից: Իրականությունը, սակայն, փոքր-ինչ այլ է ու այն է, որ անկախ մակերեսային ու երևացող դրսևորումներից՝ քաղաքական համակարգը կառուցված է ու պտտվում է այս երեք անձերի շուրջ:
Ի դեպ, նույն շարժումից սերող երեք երբեմնի զինակիցների ու գաղափարակիցների շուրջ: Ու նրանց շուրջ պտտվում է ոչ միայն ընթացիկ քաղաքական կյանքը, այլ անգամ առաջիկա տարիների քաղաքական հարաբերությունների հեռանկարն ու տեսլականը: Պտտվում է ուրվականի ու անեծքի նման: Որովհետև օրհնություն լինելու դեպքում՝ Հայաստանը վաղուց քաղած կլիներ դրա պտուղները: Բայց այսօր ու նաև երեկ ու նաև վաղը ոչ միայն՝ չի քաղել պտուղներն այդ, այլև՝ տառապում է դրանից:
Երեք նախագահների առանցքներն իրականում արգելակի դեր են խաղում քաղաքական, և ոչ միայն՝ քաղաքական կյանքի զարգացման հարցում, այդ դերով արգելակում են ոչ միայն՝ քաղաքական, այլ նաև դրանով պայմանավորված՝ հոգևոր, մշակութային կյանքը, արժեքային տրանսֆորմացիաներն ընդհանուր առմամբ: Եվ, ի դեպ, այս տեսանկյունից միանգամայն դատարկաբանության են հավասար այն պնդումները, թե այսօր ՀՀԿ-ն մենիշխանություն ունի և սահմանադրական փոփոխություններով ցանկանում է հավերժացնել մենիշխանությունը: Իրականում Հայաստանում հաստատված է եռիշխանություն, և այն, թե երեք առանցքներից որն է տվյալ ժամանակի ու տարածության մեջ առավել արտահայտիչ՝ հարաբերական է: Ինչպես որ հարաբերական է այդ առանցքների միջև մրցակցությունը կամ պայքարի պատրանքը: Քանի որ, եթե անգամ քաղաքական միավորների ու շահերի հարթությունում այդ պայքարն իրական է, նրանց երեքին միավորողը վեր է առարկայականությունից, շոշափելիությունից և գտնվում է ենթագիտակցական հարթությունում:
Դա երևի այն է, ինչն ընդունված է անվանել դարաշրջան՝ էպոխա: Հենց էպոխայի առումով՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը հավերժ դաշնակիցներ են, որը խախտելու փորձերը կարծես դատապարտված են: Ու որքան էլ տարօրինակ է, նման փորձ-առաջարկ արել է Սերժ Սարգսյանը: Արել է, բայց ստացել է մերժում ու այդ մերժումով նաև օբյեկտիվորեն լեգիտիմացրել է իր՝ անձամբ իր իշխանության շարունակականությունը: «Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումներն իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով:
Եվ ձեր առաջ, քննարկումների փուլը սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին:
Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում….»,- այս հայտարարությունը Սերժ Սարգսյանն արել է անցած տարվա ապրիլին:
Սա ուղղակի առաջարկ էր Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Միասին հեռանալու առաջարկ, որը մերժվեց: Սերժ Սարգսյանը մարդկայնորեն և քաղաքականապես ձեռք բերեց իշխանության մեջ ու իշխանության ղեկին մնալու իրավունք: