Սերժ Սարգսյանի ամենամեծ գաղտնիքը

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի քաղաքական կյանքում, մասնավորապես` սահմանադրական փոփոխությունների գործընթացի տեսքով, առնվազն մի քանի տարիների նախապատմություն ունի և թելադրված չէ իրավիճակային դրդապատճառներով, ինչպես փորձում են ներկայացնել շատերը։ Այդ գործընթացի արմատները ձգվում են առնվազն մինչև 2008 թվական, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական արգելքի պատճառով իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին։

Դեռ 2008 թվականին, ընտրություններից անմիջապես հետո քաղաքական-փորձագիտական դաշտում գերիշխում էր այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանը չի կարողանալու պաշտոնավարել անգամ մինչև նախագահական մեկ ժամկետի ավարտը, շատ-շատերն էին համոզում, որ նրա օրերը հաշված են` հատկապես, որ նա իշխանության եկավ Մարտի 1-ի դեպքերով։

Սակայն կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն պաշտոնավարեց մեկ ժամկետ, այլ առանց լուրջ ցնցումների շարունակեց նախագահական իշխանությունը նաև երկրորդ ժամկետում, ու հիմա, ինչպես պնդում են նրա ընդդիմախոսները` սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ցանկանում է երկարաձգել իշխանությունը նաև երրորդ, չորրորդգ անսահման ժամկետներով։ Կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխություններով իսկապես հավերժացնել իր իշխանությունը, թե՞ քաղաքական իրողությունների թելադրանքով ընդհանրապես որևէ կարգավիճակ չի ունենա իշխանական համակարգում, ցույց կտա ժամանակը։

Սակայն, անկախ դրանից, պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն անցած 7 տարիներին կարողացել է դուրս գալ անգամ ամենաֆորսմաժորային թվացող իրավիճակներից` սկսած Մարտի 1-ով, նա կարողացել է հաղթահարել իր իշխանությանը սպառնացող վտանգները` ամեն անգամ ավելի ամրապնդելով դիրքերը։ Տվյալ դեպքում խոսքն անձնապես իր` որպես պաշտոնյայի ու քաղաքական գործչի, դիրքերի մասին է, և ասվածն ամենևին չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը նույն «կատարելությանը» հասել է նաև պետական խնդիրների լուծման հարցում։

Ճիշտ հակառակը` սեփական դիրքերը, որպես կանոն, շատ հաճախ նա ամրապնդել է` ի հաշիվ պետության շահերի։ Բայց փաստն այն է, որ 2008 թվականից սկսած ունենալով անհաղթահարելի թվացող ներքին դիմադրություն, թե ներքին, թե արտաքին լեգիտիմության լրջագույն ճգնաժամ, Սերժ Սարգսյանին ոչ միայն հաջողվել է հաղթահարել սեփական իշխանությանը սպառնացող այդ ներքին ու արտաքին մարտահրավերները, այլև մտածել իշխանությունն անգամ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո երկարաձգելու մասին։

Ինչպե՞ս։ Այս հարցին պատասխանելու համար կարելի է և գուցե անհրաժեշտ է խորը քաղաքագիտական ուսումնասիրություններ կատարել. պատասխանները կարող են լինել բազմաթիվ, գնահատականները` իրարամերժ ու հակասական։ Բայց, ի թիվս այլ պատճառների, Սերժ Սարգսյանի հաջողության ֆենոմեններից մեկը պետք է համարել այն սկզբունքի հետևողական իրագործումը, որն ընդունված է անվանել «բաժանիր, որ տիրես»։ Նախագահական պաշտոնավարման 7 տարիները ցույց են տալիս, որ առաջին հերթին ներքին կյանքում, ինչպես` տնտեսական, այնպես էլ` քաղաքական հարթություններում, Սերժ Սարգսյանը գործնականում իր բոլոր քայլերը կառուցել է հենց այդ սկզբունքի հիման վրա, ընդ որում, դա կիրառել է ինչպես` սեփական քաղաքական թիմում, այնպես էլ` բոլոր այն քաղաքական միավորների պարագայում, որոնք այս կամ այն չափով գտնվել են իր ազդեցության տիրույթում։

Այսօր, ինչպես իշխանության, այնպես էլ քաղաքական համակարգի այլ միավորների ներկայացուցիչները գործնականում ունեն այն, ինչ ցանկանում են` կարգավիճակային ու նաև նյութական առումով։ Բայց այդ ունենալու առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուրն «ունի» մյուսի հաշվին, իսկ մյուսի դերում հանդես են գալիս առաջին հերթին` սեփական թիմի ներկայացուցիչները։ «Ունենալու» այս առանձնահատկության մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ բոլորը կախված են Սերժ Սարգսյանից` թե՛ անձնապես, թե՛ ինստիտուցիոնալ առումով։

Այսինքն` նա և սեփական քաղաքական թիմում, և քաղաքական դաշտում ընդհանրապես հանդես է գալիս բոլորին «բաժանողի» դերում և տիրում է նրանով, որ բոլորը ներքին հակադրություն ունենալով միմյանց միջև` անհատապես կախված են իրենից։ Լայն իմաստով, սահմանադրական փոփոխություններն ամրագրում են հենց այս հարաբերությունները, դրանց տալիս են սահմանադրական բովանդակություն։ Այսինքն` անցած 7 տարիներին Սերժ Սարգսյանը քաղաքական համակարգը ձևել ու վերաձևել է այնպես, որ այսօր արդեն դրա արդյունքում հաստատված քաղաքական իրողությունները դառնում են նոր սահմանադրություն։

Ընդունված է համարել, որ բոլոր ղեկավարներն էլ առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։ Այդպես էին շատերը գնահատում նաև Սերժ Սարգսյանի նախորդների` Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը` իհարկե, յուրաքանչյուրի դեպքում որոշակի անձնային ու քաղաքական առանձնահատկություններով։ Սակայն այդ գնահատականները փոքր-ինչ չափազանցված էին, կամ, եթե կարելի է այդպես ասել, արտահայտում էին երևույթը «հակառակ կողմից»։

Առաջին և երկրորդ նախագահների գործունեության բազմաթիվ դրվագներ ցույց են տալիս, որ իրականում Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն առաջնորդվում էին ավելի շատ «տիրիր, որ բաժանես» կամ «տիրելուց հետո միայն բաժանիր» սկզբունքներով` դրանց փոխաբերական իմաստով, բնականաբար։ Ու գուցե նաև այդ պատճառով նրանք չկարողացան անել այն, ինչ այսօր ցանկանում է անել Սերժ Սարգսյանը` սեփական իշխանության համար։ Դա է Սերժ Սարգսյանի անձնական իշխանության հաջողության գաղտնիքներից մեկը։ Գուցե` ամենակարևորը։

 

Տեսանյութեր

Լրահոս