ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կողմերի պայմանավորվածության հիման վրա. Իգոր Պոպով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը բազմիցս հայտարարել են հակամարտությունը կարգավորելու, վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու իրենց ձգտման մասին, սակայն վերջին շրջանում ակնհայտ է հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված հակամարտության ակտիվացումը հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, հրթիռային կայանների օգտագործմամբ:
Զգալի ավելացել է կորուստների թիվը, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Դրա հետ միասին, կողմերը ավանդաբար հրադադարի խախտման պատասխանատվությունը միմյանց վրա են գցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական ու ԼՂ հակամարտության գոտում լարվածության մեծացմանը:
Վերջինիս խոսքով՝ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ոչ ԵԱՀԿ մոնիտորները, որ գտնվում են հակամարտության գոտում, հնարավորություն չունեն պարզել մեղավորներին՝ առանց համապատասխան հետաքննության անցկացման:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, Պոպովը նշել է, որ հենց շնորհիվ միջնորդների ջանքերի՝ կողմերին հաջողվել է զգալի մոտեցնել դիրքորոշումները բազմաթիվ վիճելի հարցերի շուրջ: «Հիմնականում համաձայնեցվել են կարգավորման հիմնարար սկզբունքները: Դրանք բոլորին քաջ հայտնի են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս այն շարադրել են իրենց հրապարակային հայտարարություններում: Ընդհանուր առմամբ չհերքելով այդ սկզբունքները, կողմերը տարբեր կերպ են տեսնում դրանք կյանքի կոչելու հաջորդականությունը: Դրա հետ կապված՝ խոսքն այն մասին չէ, որ արմատապես փոխեն մոտեցումներն ու հրաժարվեն այն ամենից, ինչի հնարավոր էր եղել հասնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Խնդիրը կողմերին օգնելն է՝ գտնել հավասարակշռված որոշում առկա մշակումների հիման վրա՝ դրանցում կատարելով անհրաժեշտ ուղղումներ»,- հայտարարել է Իգոր Պոպովը:
Նա նաև հայտնել է, որ այդ ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ այս ամսվա վերջին տարածաշրջան կգան համանախագահները՝ ճշտելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումները: «Նպատակ ունենք գնալ նաև Ղարաբաղ»,- հայտնել է նա:
Ադրբեջանցի լրագրողի խնդրանքով անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է», Պոպովն ասել է, որ «տեղեկատվական և քարոզչական ֆոնի հետևողական խտացումը, իսկ դրա համար վերջին շրջանում առիթներ քիչ չեն եղել, բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա»:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այն պետք է որոշվի հակամարտության կողմերի պայմանավորվածության հիման վրա»: