«Սիրիական ճգնաժամը հայ-ադրեբեջանական հակամարտության հետ շատ ավելի մեծ կապ ունի, քան թվում է». Լիլիթ Գևորգյան
«Հարավային Կովկասում Մոսկվան հակված կլինի համագործակցել Արևմուտքի հետ ԼՂ-ի հարցում, հատկապես ճնշում գործադրելով Ադրբեջանի նկատմամբ սահմանային ներխուժումները կանխելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը`անդրադառնալով խորացող սիրիական ճգնաժամին և դրա հնարավոր ազդեցությանը տարածաշրջանի վրա:
Նա նշեց, որ զարմանալիորեն, սիրիական ճգնաժամը հայ-ադրեբեջանական և ուկրաինական հակամարտությունների հետ ավելի մեծ և ուղղակի կապ ունի, քան առաջին հայացքից է թվում: Ռուսաստանը, ըստ նրա, չնայած իր աննահանջ կեցվածքին, իրականում լրջորեն մտահոգված է իր տնտեսության ապագայով, ինչպես նաև ձևավորվող նոր աշխարհաքաղաքական համակարգով, որում Ռուսաստանը, Խորհրդային Միության նման, մեկուսացված կլինի, և սա ուղղակի հարվածելու է Ռուսաստանի տնտեսությանը և հատկապես՝ նախագահ Պուտինին շրջապատող խոշոր գործատերերին:
«Ռուսաստանը, ինչպես և նախկինում, չի կարողացել բարեփոխել իր տնտեսությունը, ուստի կշարունակի կախված լինել նավթի արտահանումներից ստացվող եկամտից: Վատ լուրն այն է, որ նավթի գները մոտակա վեց տարում չեն վերականգնվի: Ի դեպ, սիրիական վերջին իրադարձությունների պարճառով նավթի գնի որոշ թանկացումը շատ փոքր է և, ամենայն հավանականությամբ, կարճակյաց կլինի Ռուսաստանի տնտեսական լուրջ խնդիրները բուժելու համար: Նավթի համաշխարհային գինը ցածր կմնա գերմատակարարման, ԵՄ-ի թույլ տնտեսական աճի և Չինաստանի տնտեսության թուլացման, ուստիև՝ նավթի ներկրման պահանջի անկման հետևանքով: Ռուսաստանն անզոր է այս միտումների դեմ: Բացի այդ, ռուսական ընկերություններն արևմտյան վարկերի կարիք ունեն, ինչը հիմա անհասանելի է կամ շատ թանկ՝ պատժամիջոցների պատճառով»,- ասաց Գևորգյանը` շարունակելով,- եթե Սիրիայում Ռուսաստանին հաջողվի համագործակցել Արևմուտքի հետ, ապա սա կարող է շրջադարձային կետ լինել Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, դրանք դարձնելով ավելի կառուցողական, ինչը, ի վերջո, կարող է բերել պատժամիջոցներըի թուլացմանը, գոնե ամենացավալի ֆինանսական պատժամիջոցների առումով:
Նրա կարծիքով` արդեն իսկ դրական ազդեցություն է նկատելի Ուկրաինայում, ուր զինադադարը սեպտեմբերի 1-ից պահպանվում է, և ռուսամետ շրջանները որոշել են հետաձգել խիստ հակասական տեղական ընտրությունները: Հարավային Կովկասում նույնպես, Գևորգյանի համոզմամբ, Մոսկվան հակված կլինի համագործակցել Արևմուտքի հետ ԼՂ-ի հարցում, հատկապես ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա՝ կանխելու սահմանային ներխուժումները:
«Ավելին, եթե Ռուսաստանը զգա, որ ապամեկուսացվում է Արևմուտքի կողմից, ապա կթուլացնի Եվրասիական միության հապճեպ ընդլայնման ջանքերը: Սա Հայաստանին ավելի բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն կտա: Սա նաև կթուլացնի Ադրբեջանի դիրքերը Ռուսաստանի հետ իր ենթադրյալ հետկուլիսային բանակցություններում: Բայց սիրիական ռազմական արշավը կարող է նաև վատ ավարտվել Ռուսաստանի համար, եթե այն հանգեցնի լուրջ տարաձայնությունների և անգամ՝ բախումների Արևմուտքի հետ: Այս դեպքում իրավիճակը շատ ավելի կարող է սրվել շփման գծում, և Ռուսաստանի քայլերն ավելի կտրուկ և անկանխատեսելի կարող են լինել ԼՂ-ի և հարակից տարածքների հարցում»,- նման տեսակետ հայտնեց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբանը: