
Պուտինը «ոչ կառուցողական» է անվանել ԱՄՆ-ի կողմից ռուսական պատվիրակությանը չընդունելու փաստը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչ կառուցողական» է անվանել այն, որ ԱՄՆ-ը հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը, որը ցանկանում էր քննարկել Սիրիայում համագործակցությանն առնչվող հարցեր, սակայն հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես բաց է երկխոսության համար:
«Այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարող են ամերիկացի գործընկերները քննադատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, եթե հրաժարվում են ուղիղ երկխոսությունից կարևորագույն ուղղությամբ, ինչպիսին է քաղաքական կարգավորումը: Կարծում եմ, որ այդ դիրքորոշումը ոչ կառուցողական է»,- հայտարարել է Պուտինը:
Այդպես է ՌԴ նախագահը պատասխանել Interfax-ի հարցմանն այն մասին, որ ԱՄՆ-ը հրաժարվել է ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:
«Տվյալ դեպքում ամերիկյան դիրքորոշման թուլության հիմքում ընկած է այդ հարցերով օրակարգի բացակայությունը, երևի թե խոսելու բան չկա: Սակայն մենք, այդուամենայնիվ, դռները բաց ենք թողնում ու մեծ հույս ունենք երկխոսություն վարել այդ բարդ գործընթացի բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ ամերիկացի գործընկերների»,- հավելել է Պուտինը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ը հրաժարվել էր ընդունել Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ: Այդ կապակցությամբ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը «հուսահատության ճիչ» էր անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ քննարկել Սիրիայում ռազմական համագործակցության հարցերը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը հրաժարվել է ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը, որը պլանավորում էր քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կոորդինացիայի հարցերը:
«Մեզ (Միացյալ Նահանգների կողմից) ասվել է, որ Մոսկվա (ամերիկյան) պատվիրակություն ուղարկել չի ստացվի ու ռուսական պատվիրակությանն էլ Վաշինգտոնում ընդունել նույնպես չի ստացվում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում:
«Դա հուսահատության ճիչ է». Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու չի ցանկացել ընդունել Մեդվեդևին