Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստի պատճառով անգամ պատարագներն են արագացված կարգով արվում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին, որն այս տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու հազարավոր հետեւորդների էր հավաքել իր շուրջը, եւ մարդիկ անգամ մայրաքաղաքի այլ ծայրամասերից այցելում էին այս եկեղեցի՝ աղոթելու, պատարագների մասնակցելու եւ Աստծո խոսքը լսելու, կամաց-կամաց հրաժարվում են այցելել Սուրբ Սարգիս եկեղեցի։
Պատճառն այնտեղ գրեթե ամեն շաբաթ կատարվող հոգեհանգստի արարողություններն են, որոնք այնքան հաճախակի են դարձել, որ շրջակա շենքերի բնակիչները գերադասում են այլեւս եկեղեցի չայցելել, քան ամեն անգամ երեխաներով, թոռներով անծանոթի հոգեհանգստի արարողությանը ներկա գտնվել։
Որեւէ մեկը դեմ չէ ինչ-որ արարողությունների միջոցով եկեղեցու սպասավորների գումար աշխատելուն, սակայն հոգեհանգստի արարողության ճիջոցով գումար աշխատելու այս եկեղեցու ցանկությունն ու ախորժակն այնքան է մեծացել, որ իր հոտի անդամների դժգոհությունների վրա անգամ եկեղեցին աչք է փակում։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ այստեղ հանգուցյալ դնելը եւ հոգեհանգստի արարողությունը կազմակերպելը մի քանի հազար դոլար արժե։
Եվ հիմնականում փողատեր զանգվածն է կարողանում այդ ծառայությունից օգտվել։ Եվ ամենեւին կապ չունի, թե հանգացյալն իր կենդանության օրոք հայտնի է եղել, թե ոչ։ Տարածքի բնակիչների խոսքերով՝ երբ որոշվեց, որ ի թիվս այն մի քանի եկեղեցիների, որտեղ թույլատրվեց հոգեհանգիստ կազմակերպել, Նոր Նորքի Սուրբ Սարգիսում էլ պետք է նման արարողություն լինի, հոգեւոր դասի պատասխանատուները վստահեցրել էին, որ այն բացառիկ դեպքերում է լինելու, եւ միմիայն հանրաճանաչ մարդկանց հոգեհանգստի ճիջոցառումներն են այստեղ կազմակերպվելու, որը այսպես հաճախակի բնույթ չէր կրելու, այլ տարին մեկ-երկու անգամ էր եկեղեցու բակը սգո ծաղկեպսակներով պատվելու, դիակ տեդափոխող մեքենաներով լցվելու եւ թաղման թափորով շրջապատվելու։ Բայց սգո այդ արարողություններն այստեղ այնքան են հաճախակիացել, որ շրջապատի բնակիչները եկեղեցի այցելելու ճանապարհին միմյանցից պարտադիր ճշտում են՝ հո դիակ չկա՞ր եկեղեցում։ Եվ եթե իմանում են, որ կա՝ հետ են դաոնում։ Հոգեհանգստի պատճառով այս եկեղեցում անգամ պատարագներն ու ժամերգություններն են արագացված կարգով կազմակերպում։ Բնակիչների խոսքերով՝ պատարագի կեսից մեկ էյ տեսնում ես՝ եկեղեցու սպասասավորներ նստարանները սկսում են հանել, այս ու այն կողմ տանել ու սրահը ձեւափոխել սգո արարողությանը պատրաստելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: