«ժառանգություն»-ում իրար «գլխի» չեն հավաքվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ժառանգության» կուսակցությունում, առավել եւս՝ ՍԺ «ժառանգություն» խմբակցությունում այս օրերին անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ թե՛ խորհրդարանում, թե՛ կուսակցությունում ժառանգականները «թեւերի» են բաժանվել, ու ամեն մեկն իր դիրքորոշումն է ներկայացնում։ Դա ավելի ակնհայտ դարձավ հոկտեմբերի 5-ին՝ ԱԺ-ում Սահմանադրության նոր նախագծի քվեարկության ժամանակ, երբ խմբակցության երեք պատգամավորները տարբեր կերպ քվեարկեցին։ Երեկ «ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է խմբակցությունն իր գործունեությունն իրականացնելու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ։

–Պարոն Պողոսյան, Դուք որեւէ կուսակցության անդամ չեք, սակայն խորհրդարանում կողմ եք քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Ինչպե՞ս եք Դուք իրականացնելու Ձեր այո-ի քարոզարշավը, ո՞րն է լինելու Ձեր գործունեության ձեւաչափը։

– Արդեն մի անգամ նշել եմ, որ տեղյակ չեմ, թե ովքեր եւ ինչ են նախաձեռնում, երբ է դա լինելու, ինչպես են այդ քարոզարշավն իրականացնելու, այդպիսի հատուկ խնդիր չունեմ դրած։ Եթե առիթ կլինի երբեւէ խոսելու, ապա անպայման իմ տեսակետները կներկայացնեմ, չեմ դադարի խոսել խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետության մասին։

Իմ առաջարկությունները կապված են եղել քաղաքացիական իրավունքի ամրապնդման, ինչպես նաեւ՝ վերահսկողական ֆունկցիաների մեծացման հետ։ Բայց մինչեւ հիմա դեռեւս տեղյակ չեմ, թե ինչ քարոզարշավներ կան, իրականացնողների կամ մասնակիցների վերաբերյալ եւս որեւէ տեղեկություն չունեմ։ Այնպես որ, այդպես հատուկ բանի չեմ մասնակցելու, բայց եթե առիթ կլինի իմ դիրքորոշումը ներկայացնելու, անպայման խոսելու եմ, ներկայացնելու եմ։

–Քաղաքական կուսակցություններն արդեն որոշե՞լ են, թե որտեղ են լինելու եւ ինչպե՞ս են իրենց քարոզարշավն իրականացնելու, գուցե այո-ի ճամբարի որեւէ քաղաքական ուժի հետ ինչ-որ մի մարզ, գյուղ մեկնե՞ք՝ Ձեր դիրքորոշումը ներկայացնելու համար, թե՞ նման մտադրություն չունեք։

–Ես կուսակցական խնդիր չունեմ ու ուրախ եմ, որ ինչպես ոչ-ի, այնպես էլ այո-ի ճամբարները նախաձեռնություններ ունեն, թող իրենք էլ անեն այն ամենը, ինչը ցանկանում են։ Ըստ օրենքի՝երկու կողմերին էլ հավասար պայմաններ են ընձեռնվում, հիմա յուրաքանչյուրն ունի հավասար իրավունք, ու ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչպես է իրականացնելու իր քարոզարշավը։ Ես ծրագրեր չունեմ մարզեր գնալու, տեղյակ չեմ, թե մյուսներն ինչպես են դա կազմակերպելու, գուցե կուսակցությունները ներսում նման քննարկումներ իրականացնում են, եթե առիթ լինի, ես իմ դիրքորոշումը կներկայացնեմ։ Արդյունավետությունն էլ կգնահատենք հանրաքվեի արդյունքներով։

–Այսօր ձեր խմբակցությունում իսկական խառնաշփոթ է, այն աստիճան, որ խմբակցության անդամներով չեք հավաքվում՝ նիստ գումարելու եւ խմբակցության ղեկավար նշանակելու համար։ Դուք՝ որպես խմբակցության քարտուղար, չեք կարողանո՞ւմ համախմբել խորհրդարանի Ձեր գործընկերներին՝ միահամուռ որոշում կայացնելու համար։

–Հիմա մեզ մոտ ձեւավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք, որպեսզի սա անցնի։ Քանի որ չի ստացվում միասին նստել, հարցեր քննարկել, միասին դիրքորոշումներ ձեւավորել, երեւի ինչ-որ ժամանակ կանցնի, ամեն ինչ կհարթվի։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս