Արա Աբրահամյանը ՌԴ-ում գիշերները հանգիստ չի քնում
Նա անդադար հայրենիքի մասին է մտածում
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ հերթական անգամ փայլատակեց մտքի աշխարհացունց գոհարներով: Եվ ցնցողը ոչ այնքան այն է, որ նա պատրաստվում է քաղաքական գործունեություն ծավալել՝ կուսակցություն հիմնել, մասնակցել 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ու փրկել Հայաստանը կործանումից, որքան այն, որ այդ ամենը՝ աղավաղված հայերենով, ասվում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում՝ ԳԱԱ նախագահության ներկայությամբ:
Երեկ, ըստ էության, հայ հանրությանը պաշտոնապես ազդարարվեց երկրորդ «փրկչի» գալստյան մասին: Առաջինը Գագիկ Ծառուկյանն էր: Բայց այս անգամ մեր «փրկիչն» Արա Աբրահամյանն է, ինչպես հայտարարեց՝ իր ծրագրերը նախապես համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ ու ստացել նրա «դաբրոն»:
«Դա որևիցե մեկին դեմ չի: Իհարկե, Սերժ Սարգսյանի հետ ես քննարկել եմ խնդիրը, ասել եմ, որ այսպիսի ծրագրեր ունեմ, ու ինքը շատ հանգիստ, շատ նորմալ ասեց՝ եթե դուք ունեք ծրագրեր, եթե այս երկրին կարող եք օգտակար լինել, ինչո՞ւ չէ, մասնակցեք,- ասաց Ա. Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ չի կրկնի Ծառուկյանի ճակատագիրը,- Գագիկ Ծառուկյանը շատ լավ մեր ընկերն ա: Իր ունեցած փորձը մենք հաշվի առնում ենք ամեն ինչը: Եթե դուք մտածում եք՝ մենք որևիցե մի բան հաշվի չենք առնում, ես զարմանում եմ, ո՞նց կարող ենք հաշվի չառնենք, Գագիկ Ծառուկյանի կատարած որոշումները իր որոշումներն ենգ Դա իր որոշումն է, մենք ամեն ինչ հաշվի առնում ենք: Ցավոք սրտի, մենք պատմությունից դասեր չենք քաղում: Մենք հաշվի առել ենք, մենք պատրաստ ենք ամեն ինչի, եթե որոշում կայացնենք, գնալու ենք, եթե ստանանք մեկ ձայն՝ դա կլինի 1 ձայն: Մենք որևէ խնդիր չունենք որևիցե մեկի հետ, որովհետև մեր արածները լինելու են շատ հստակ, շատ պարզ, և բոլորը հասկանալու են՝ ինչ ենք մենք ուզում: Մենք ամբողջ ժողովրդի հետ միասին շարժվելու ենք առաջ: Ամեն ինչ լինելու է թափանցիկ, ժողովրդավար, ոչ մի խնդիր չի լինելու: Հավատացե՛ք»:
Ա.Աբրահամյանը հիշեցրեց իր անցած ճանապարհը, որն, ըստ նրա՝ «նման չէ որևիցե մեկի անցած ճանապարհին», իսկ իր «փորձը նման չէ որևիցե մեկի փորձին», որ 17 երկրում պարգևատրվել է բարձր շքանշաններով, և հավաստիացրեց, թե չի ուզում որևիցե մեկին «արժեքազրկել»: Նա չբացահայտեց՝ արդյոք իր կուսակցությունը միավորվելո՞ւ է ՕԵԿ-ի կամ ՍԴՀԿ-ի հետ, գործելու է ընդդիմադի՞ր, թե՞ դիմադիր դաշտում. «Կուսակցություն ստեղծելը չի կարող բիզնես լինել:
Մեր հիմնական գաղափարախոսությունը մեկն է՝ հավաքել մի այնպիսի խումբ, որ իրագործենք ծրագրեր, որ ոչ թե 10-25 տարվա զարգացման, այլ նոր մոտեցումներ լինեն: Եթե տեսնենք, որ դա բերելու է հաջողության, անկախ, թե ով ինչ կգրի, մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին: Մենք ուզում ենք, որ բոլորի համար լավ լինի, արտագաղթը կանգնի»:
Ա.Աբրահամյանը մի քանի անգամ կրկնեց, որ իր կողմից կուսակցություն հիմնելը հերթական բիզնես նախագիծը չէ, այլ երկրի ապագայով մտահոգ քաղաքացու քայլ, և ինքը չի կարող ՌԴ-ում գիշերները հանգիստ քնել, իրեն լավ չի զգում ճոխ սեղանների մոտ՝ իմանալով, որ այստեղ վիճակը վատ է։ «Ինչ անում եմ, ձեր համար, բոլորի համար եմ անում»,- ասաց նա: Իսկ կուսակցություն հիմնելու որոշումը, նրա խոսքով, այնպես չէ, որ «գիշերը չի քնել, առավոտ զարթնել ու որոշել է կուսակցություն բացել»: ՌՀՄ նախագահը հայտարարեց, որ իր համար աշխատում են 250-300 իրավաբաններ «միջազգային տարբեր երկրներում», որոնք կազմելու են ծրագիր, հստակեցնելու կուսակցության գաղափարը, ինչի մասին վերջնական որոշումը կկայացվի հաջորդ տարվա մարտին: Նա խոստացավ առաջադրվել՝ առանց որևէ խախտում անելու, այդ մասին անգամ իրեն հյուրանոցի դռնապանն է զգուշացրել, թեև լավ գիտակցում է, որ ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ դառնալու իրավունք չունի, քանի որ վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում: Նա մեծ անդրադարձ կատարեց իր անցյալին, թե ինչպես է Մալիշկայից ՌԴ հասել, աշխատել, թե ինչ մեծ ամբիցիաներ ունի:
Ա.Աբրահամյանը շուրջ 1 ժամ տևած ասուլիսի ընթացքում, ինչպես ասում են՝ հարվածում էր և՛ նալին, և՛ մեխին: Իր քաղաքական ամբիցիաներին զուգահեռ` նա նշեց, թե չի ուզում «կարիերա ստեղծել», ինքը բիզնեսմեն է, և, որ «մկների ժողովը չի՝ ճառը ասեն, զանգը չկախեն»: Բայց և հայտարարեց՝ «Ես իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում, ես ուզում եմ ընտրությունների մասնակցել»:
Թե ի՞նչն է խանգարում Աբրահամյանին ՌԴ-ում զբաղվել քաղաքականությամբ, ՌՀՄ նախագահը վրդովված հայտարարեց, թե այնպես չի, որ ՌԴ-ում ինքը «չորրորդական դիրքերում է գտնվում, և էլ տեղ չունի զարգանալու», պարզապես իր միակ փափագը հայրենիքին օգնելն է, որ իր անձնական հաշվին ՌՀՄ-ն 147 մլն է ծախսել: Նրան չի մտահոգում նաև իր թերի ռուսերենը. «Էդ մեծ-մեծ խոսացողները, որ ժամանակին ինձ ասում էին՝ պարոն Աբրահամյան, ձեր ռուսերեն խոսալը, դուք չե՞ք ամաչում, ռուսերեն այդպես չեն խոսումգ Ես ասեմ՝ էդ ռուսերեն խոսացողները բոլորդ իրար հետ հավաքվեք, մի կառույց բացեք, ինձ էլ ազատեք, էս հոգսերը վերցրեք ձեր վրա»:
Ա.Աբրահամյանը լիովին բնական է ընդունում նաև ՌԴ նախագահ Պուտինի արհամարհական վերաբերմունքն իր անձի հանդեպ:
Լրագրողների հիշեցմանը, որ Վ.Պուտինը հայտնի տեսանյութում իրեն կշտամբել էր, որ Հայաստանում 3.2 միլիոնից քիչ մարդ է ապրում, Ա.Աբրահամյանը հպարտությամբ հայտարարեց. «Միշտ Պուտինը ճիշտ ա: Ռուսաստանում, իրոք, ապրում ա մոտ 3 մլն հայ»:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում բնակվող հայերի իրական քանակը թվերի խաղ է, օրինակ՝ ՌԴ 85 մարզում ՌՀՄ-ն ունի մասնաճյուղեր, և այնտեղ բնակվող հայերին հաշվելիս` իրենք հիմնվում են դրանց ցուցակների և ոչ թե «կառավարական» թվերի վրա: ՌԴ նախագահի հետ իր հարաբերությունները Ա.Աբրահամյանը որակեց «շատ լավ», իրենք նույն հանձնաժողովում են, Պուտինը դրա ղեկավարն է և հանձնարարություններ է տալիս, Ա.Աբրահամյանն էլ կատարում է. «Ինքը նախագահ ա, ես՝ քաղաքացի»: ՌԴ-ի կողմից Հայաստանի գաղութացման ցանկության մասին ահազանգերն Ա.Աբրահամյանի մոտ միայն ծիծաղ են առաջացնում. «Գիտե՞ք ինչ կա՝ ՌԴ-ն մեր պարտնյորն ա, ռազմաբազաներ ունի այստեղ, ՌԴ-ն կարևոր դեր ունի»:
«168 Ժամի» հիշեցմանն ի պատասխան, թե` մի անգամ հայտարարել եք, որ ռուս եք, Ա.Աբրահամյանը կրկնեց. «Այո, իհարկե, ես ռուս եմ: Բա, որովհետև, եթե ՌԴ-ում ապրում եմգ գիտե՞ք՝ ինչ ա նշանակում` ռուս: Դուք գիտե՞ք դա ինչ ա: Էսօր Ռուսաստանում եթե ես դուրս եմ գալիս, գալիս եմ Ամերիկա Ռուսաստանից, ինձ ընդունում են` որպես ՌԴ քաղաքացի, ասենք, իրանք ասում են՝ մեր ռուս հյուրը: Ռուս արդեն դա չի նշանակում, ասենք, ինչ-որ ազգություն, դա ոնց որ` ամերիկացի: Ես հայ եմ, հպարտանում եմ իմ հայությամբ»:
Ըստ Աբրահամյանի՝ եթե ինքն ասում է՝ ռուս եմ, դա չի նշանակում, որ ազգությամբ է ռուս. «Ես հոգով, սրտով հայ եմ: Ես ամբողջ աշխարհով մեկ տարածում եմ իմ հայությունը: Ես բոլոր տեղերը նշում եմ, բոլոր տեղերն ասում եմ մեր տարբերությունը: Ես ՄԱԿ-ում ելույթ եմ ունենում շատ հաճախակի և ասում եմ հայերի տարբերությունը ընդհանրապես ամբողջ աշխարհից՝ որն ա մեր տարբերությունը, որն ա մեր տրադիցիան, որն ա մեր կուլտուրան, որ կարելի ա օրինակ ծառայի այլ ազգերի էլ: Ես հաճախակի եմ դա ելույթ ունենում տարբեր միջազգային բարձր ամբիոններից, ՅՈՒՆԵՍԿՕ, և այդ մասին պատմում եմ: Ես լիարժեք հայ եմ, կարող եք չկասկածել»:
«Ես, հետո, ինտերնացիոնալ մարդ եմ»,- հավելեց Ա.Աբրահամյանը:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»