ԵՄ-ն ներգաղթյալների հոսքը զսպելու համար Թուրքիայի օգնության կարիքն ունի
Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ գագաթաժողով, որը նվիրված կլինի Եվրոպա ներգաղթյալների հոսքին: Եվրոպացի ղեկավարներն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Թուրքիայի հետ համագործակցությանը, հայտնում է BBC-ն:
Եվրամիությունը հույս ուներ Թուրքիայի հետ համաձայնագիր կնքել գագաթաժողովի նախօրեին, սակայն բանակցությունները հետաձգվել էին՝ կապված շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հայտարարված եռօրյա սգի հետ:
Այս տարի արդեն մոտ 600 հազար ներգաղթյալ է հայտնվել ԵՄ-ում ծովային ճանապարհով: Նրանց մեծ մասը, համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Եվրոպա է հասնում Թուրքիայով:
Համարվում է, որ Թուրքիայում ներկայում գտնվում է մոտ 2 մլն ներգաղթյալ, որոնք երկիր են ժամանել հիմնականում Սիրիայից:
Եվրամիությունը առաջարկում է Թուրքիային գործողությունների համատեղ ծրագիր, որը նախատեսում է ԵՄ-ի կողմից ֆինանսական ու լոգիստիկական աջակցություն Թուրքիային միգրացիայի հարցերում, թույլտվություն եվրոպական նավերին՝ պարեկային հսկողություն իրականացնել Թուրքիայի ափերին, պայքարել նրանց դեմ, ովքեր զբաղվում են փախստականների անօրինական տեղափոխմամբ, նպաստել անօրինական ներգաղթյալների՝ հայրենիք վերադառնալուն:
Դրա հետ միասին, Բրյուսելը փորձում է հասնել այն բանին, որ Անկարան նոր պրոցեդուրաներ սահմանի ապաստան տրամադրելու հարցում, արագացնի փախստականների ընդունման 6 կետերի բացումը, որոնք կառուցվել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ:
Սպասվում է, որ դրա դիմաց Թուրքիան պետք է ստանա իր քաղաքացիների համար Շենգենյան գոտի մուտքի ազատ այցագրեր: