Արդյոք մատաղը հեթանոսական սովորություն չէ՞
– Արդյոք մատաղը հեթանոսական սովորություն չէ՞:
– Մատաղն ընծա է Աստծուն, փրկության հույս է, ողորմություն: Մատաղը երախտագիտության արտահայտություն է առ Աստված, մարդուն հիվանդությունից և այլ փորձանքներից զերծ պահելու համար: Մատաղը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, որպես կերակուր կարիքավորների համար: Մատաղը չի կարելի խնջույքի վերածել: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` «մատաղ նշանակում է մատուցել աղ»:
Օրհնված աղը մաքրագործում և սրբագործում է մատաղացու կենդանին: Ըստ ժողովրդական ավանդության՝ մատաղը բաժանվում է հետևյալ կերպ.
1. աքաղաղը` 3 ընտանիք
2. գառ, խոյ` 7 ընտանիք
3. արջառ` 40 ընտանիք:
Սակայն դա օրենք չէ. կարելի է մատաղը ոչ թե բաժանել, այլ ձեր տուն կանչել աղքատներին և կերակրել. կամ մատաղն անել եկեղեցու բակում և բաժանել հավատացյալներին:
Քանի որ մատաղն Աստծուն՝ ի դեմս աղքատների մատուցվող ընծա է, ապա մատաղացուն պետք է արդար վաստակի արդյունք լինի` ընտիր և լավագույն: Քրիստոնեական մատաղի ակունքները գալիս են առաքելական ժամանակներից, երբ առաջին քրիստոնյաները Սուրբ Պատարագից հետո հավաքվում էին սիրո ճաշի:
Մատաղը չի կատարվում մատաղացուի արյունով մեղքերից թողություն ստանալու ակնկալիքով, ինչպես փորձում են մարդկանց շփոթության մեջ գցել աղանդավորները, որովհետև աղի օրհնությունը կատարվում է, որպեսզի մատաղացուն տարբերվի կուռքերին մատուցվող զոհերից: Մատաղ չի կարելի անել չորեքշաբթի, ուրբաթ օրերին, ինչպես նաև պահքի շրջանում: Մատաղի միսը նույն օրը պետք է եփվի և բաժանվի աղքատներին: Մատաղի մնացորդները պետք է թաղվեն: Մատաղը մարդասիրական արարողություն է:
Օրհնությամբ` Տ. Շահե քահանա Հայրապետյան