«Բիզնեսի համար սա շատ կարևոր իրադարձություն է». Հակոբ Ավագյան
Հարցազրույց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի հետ
– Կառավարության նախորդ նիստում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքի նախագծի փաթեթը, արդյոք սպասելի՞ էր այն բիզնես միջավայրի համար:
– Մեր հայկական բիզնես միջավայրը վաղուց Հարկային օրենսգրքի կարիքն ունի: Ի տարբերություն այս օրերին լայն քննարկվող՝ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցին, այս դեպքում պատճառը հստակ է՝ մենք ունենք առանձին հարկատեսակների մասին օրենքներ, դրանք փոփոխող բազմաթիվ օրենքներ, դրանց առանձին հոդվածների կիրառությունը մեկնաբանող բազմաթիվ պարզաբանումներ, դատական նախադեպեր, դեռևս վիճահարույց մնացող շատ հարցեր: Այսինքն՝ միանշանակ կարող ենք ասել, որ մեզ պետք էր մաքրագրել, սրբագրել հարկային օրենսդրությունը, ի մի բերել մինչ այժմ եղած խնդիրները, տարընթերցումները, գույքագրել դրանք և ձևավորել մեկ միասնական հարկային օրենսգիրք, ասել է թե՝ մեկ միասնական խաղի կանոններ հարկային մարմինների և բիզնեսի միջև, մոտակա մի քանի տարիների համար: Բայց այդ օրենսգրքի նախագծի հայտնվելը կառավարության օրակարգ, իհարկե, անակնկալ էր, որովհետև մինչ այդ տեղի չէին ունեցել լայնածավալ քննարկումներ՝ փոփոխվող սկզբունքների, հիմնարար փոփոխությունների շուրջ, և այլն: Այս դեպքում էլ մենք նորից գործ ունենք կամայականություն ցուցաբերող հարկային քաղաքականություն մշակող պետական մարմնի՝ մեզ արդեն հայտնի գործելաոճի հետ:
– Այսինքն՝ բիզնեսի ներկայացուցիչները տեղյակ չէի՞ն, որ Ֆինանսների նախարարությունը նման նախաձեռնություն ունի:
– Նախաձեռնությունը մեզ բոլորիս հայտնի էր: Ամեն ինչ սկսվեց 2014-ի հունիսին, երբ USAID-ի կողմից կազմակերպված Հարկային օրենսգրքի միջազգային համաժողովում պաշտոնապես տրվեց Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների մեկնարկը, որտեղ, ի դեպ, վարչապետն իր ողջույնի խոսքում հստակ նշեց՝ «Հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվելու են առավելագույնս թափանցիկ. այդ աշխատանքների ընթացքում ներկայացվող առաջարկությունները, ծագող խնդիրները կամ հարկային համակարգին վերաբերող կարևոր փոփոխությունները նախապես քննարկվելու են գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ՝ տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով կազմակերպվող հանդիպումների ընթացքում»:
Համենայնդեպս, այս մեկ տարվա ընթացքում ինձ հայտնի է ընդամենը 3-4 հանդիպում այս թեմայով, որտեղ քննարկում այդպես էլ չի ստացվել, որտեղ բիզնես ասոցիացիաների կողմից փորձ է արվել սկզբում քննարկման առարկա դարձնել օրենսգրքի կոնցեպտուալ հարցերը, նոր անցնել առաջ: Բիզնեսի համար սա շատ կարևոր իրադարձություն է: Իհարկե, հիմա, երբ նայում ենք նախագծի ծավալներին, ակնհայտ է, որ ահռելի աշխատանք է արված, բայց ամենևին չցանկանալով թերագնահատել այս փաստաթուղթը մշակողների աշխատանքը, պետք է ընդունել, որ սա շատ լուրջ և մանրակրկիտ վերլուծվելու կարիք ունի, այստեղ պետք է հավաքվեն տարբեր ոլորտի բիզնես ասոցիացիաներ, մասնագետներ, տրոհեն նախագիծն ըստ գլուխների և, հատիկ առ հատիկ վերլուծելով, քննարկելով, ինչո՞ւ չէ՝ վեճերով, պետք է ձևավորվի բիզնեսի մայր օրենսգիրքը: Հակառակ դեպքում, այս տեսքով Ազգային ժողովում հայտնվելու դեպքում այնտեղ քննարկումներ չենք կարող ապահովել և կունենանք ավելի վատ պատկեր, քան այսօր:
– Իսկ կոնցեպտուալ շա՞տ փոփոխություններ են արված:
– Դե, բնական է, այս մի քանի օրում խորությամբ դեռ չենք հասցրել ուսումնասիրել, դրա համար դեռ նոր խմբեր ենք ձևավորում, բայց, իհարկե, արդեն ակնհայտ է, որ հիմնարար սկզբունքների փոփոխություններ առկա են: Ինչպես հաշվարկային փաստաթղթերի նկատմամբ սահմանափակումները, անհատ ձեռնարկատերերին շահութահարկի դաշտ բերելը, շրջանառության հարկի 40 մլն դրամ շեմ սահմանելը, շահութահարկի, եկամտային հարկի 20 տոկոս դրույքաչափն ու պրոգրեսիվ դրույքաչափից հրաժարվելը, և այլն: Կարևոր է նաև այն փաստը, որ նույն իմ հիշատակած միջոցառմանը, երբ ներկա էին Վրաստանի ներկայացուցիչները և իրենց նմանատիպ ռեֆորմների փորձից էին կիսվում, հստակ նշվեց, որ ցանկացած լավ գրված օրենսդրություն պետք է ապահովված լինի հակակշիռներով:
Մենք այսօր էլ ունենք լավ օրենքներ, բայց մենք խնդիր ունենք դրանց կիրառության մեջ դեֆորմացիայի հետ, երբ կամայականություն է ցուցաբերվում տվյալ հոդվածի կիրառության ժամանակ: Դրա համար նույն Վրաստանում, երբ ներդրվեց նոր հարկային օրենսգիրք, դրա հետ միասին՝ ներդրվեց նաև Հարկային օմբուդսմենի գրասենյակը՝ որպես օրենսգրքի կիրառության երաշխիք բիզնեսի համար, ներդրվեց այլընտրանքային հարկային ստուգումը՝ ոչ հարկային մարմինների, այլ լիազորված աուդիտորական կազմակերպության տեսքով, որը նույնպես երաշխիք է ազնիվ հարկ վճարողների համար: Նմանատիպ մոտեցումներ, ցավոք սրտի, այս փաստաթղթում ևս բացակայում են, մենք նորից միջազգային փորձը կիսատ ենք վերցրել, միայն հարկ հավաքելու տեսանկյունից:
– Ի՞նչ եք նախատեսում ձեռնարկել:
– Հիմա մենք փորձում ենք ձևավորել Բիզնես շահերի պաշտպանության միություն, մի քանի բիզնես ասոցիացիաների հետ արդեն պայմանավորվել ենք: Այդ միությունով կձևավորենք մեր ասոցիացիաների կազմում եղած մասնագետների խմբեր, որոնց հետ միասին կկազմենք առարկությունների, փոփոխությունների առաջարկություններ և կներկայացնենք կառավարությանը: Ստիպված ենք նորից գնալ արված աշխատանքի հետևից, կարծես մեզ մոտ չի ստացվում ի սկզբանե երկխոսել, համատեղ աշխատելու ճանապարհով ստեղծել արդյունք: