Ինչպե՞ս «մարսել» հարկային օրենսգիրքը
ՀՀ կառավարությունը նախորդ շաբաթ հավանության արժանացրեց «Հարկային օրենսգիրքը», որի ընդունման դեպքում 2 խնդիր կա՝ դրական և բացասական: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Դրականն այն է, որ ամբողջը մի օրենսգիրք է դառնոմ, ինչպես աշխատանքային օրենսգիրքն է: Ճիշտ է՝ ծավալը շատ մեծ է՝ ավելի քան 700 էջ, ավելի քան 450 հոդվածներով: Եվ մի գրքի մեջ դա ունենալը ձեռնտու է գործարարին, օրենքների փոփոխված տարբերակներ այլևս չեն լինի, մեկ ամբողջական հստակ գրված օրենսգիրք կլինի, և դա ավելի ճիշտ ու ավելի հարմար կլինի»,- ասաց Գ.Մակարյանը:
Սակայն, ըստ նրա, սրա հետ մեկտեղ կա մի խնդիր, որ հնարավոր չէ, որ փոքր բիզնեսը կարողանա այս օրենսգիրքը լուրջ տիրապետել: Գ.Մակարյանի խոսքով՝ 2 տարի անցումային ժամանակաշրջան է տրված, ինչպես Աշխատանքային օրենսգրքի դեպքում էր, որ ընդունվեց 2004թ., ուժի մեջ մտավ 2005-ին, իսկ նախքան այդ 2 տարի անցումային ժամանակ էին սահմանել ու ամիսներ շարունակ փաստաթուղթը քննարկվում էր մասնավոր կառույցների տարբեր ներկայացուցիչների հետ. «Այս փաստաթուղթն այդ ճանապարհը դեռ չի անցել, պետք է մինչև կիրառության մեջ մտնելը հասցնեն բիզնեսները կարդալ, ուսումնասիրել, որը խնդրահարույց է»:
Գ.Մակարյանը նշեց, որ ենթադրվում է արտոնությունները վերացնել և հարկային օրենսդրության միացյալ համակարգ ունենալ, դասակարգված տարբերակները հանել, և նախատեսվում է սուբսիդիաների սխեմաներ կիրառել. «Դա որոշակի ճկունություն է տալիս, թե որ դեպքում սուբսիդիա տալ՝ ոլորտին, կամ մարզին, բայց միացյալությունը ևս կարող է խնդիր ստեղծել, որ մի կողմից բոլորը նույն կարգի փաստաթղթերով կաշխատեն և թափանցիկցության խնդիր կառաջանա, բայց մյուս կողմից էլ, բիզնեսի վիճակը հաշվի առնելով, ես չեմ կարծում՝ հեշտ կլինի, որ բոլորը նույն հարկային բեռի տակ մտնեն միաժամանակ»:
Ըստ Գ.Մակարյանի՝ այլ խնդիր է, որ օրենսդրոթյան հոդվածների հետ կապված փոփոխությունները նախկին մոդելներով չգնան, այսինքն, օրինակ՝ Աշխատանքային օրենսգիրքը փոխվեց 2012թ., երկրորդ անգամ փոփոխվեց այս տարի. «Այսինքն, եթե Հարկային օրենսգիրքը լինի ոչ կատարյալ ու հաճախակի սկսենք փոփոխել այդ հսկա ծավալի փաստաթուղթը, դա շատ բարդ կլինի: Պետք է թողնել այն աշխատի ու կիրառությունը որոշակի մեղմացուցիչ հնարավորություններ պետք է ունենա, որ չոր ու պատժելի մեթոդներով չաշխատեն: Նաև կարևոր է մյուս օրենքների հետ ներդաշնակեցումը, որ ներդրումների և մյուս օրենքների հետ ճիշտ աշխատեցվի»:
Միության նախագահը նշեց, որ այս օրենսգիրքը մի առավելություն էլ ունի՝ բիզնեսի համար սահմանված վճարումների մաս է մտցվում՝ ճանապարհային և այլն. «Այսինքն՝ այն դառնում է մի հանրագիտարան, որի մեջ ամեն ինչ կա և կարող է գործարարի սեղանի գիրք լինել: Բայց ծավալի առումով շատ բարդ է, որովհետև սկսնակները պետք է կարողանան այդ ամբողջը տիրապետել, միչդեռ նախկինում փոքր բիզնեսմենը մասնակի՝ իր բիզնեսի մասով կարող էր տեղեկացված լինել, իսկ հիմա ամբողջ փաթեթը պետք է ուսումնասիրի»: