Բաժիններ՝

Պատժամիջոցների վերացումը չի փրկի. իրանցի գործարարներին չի գոհացնում հայաստանյան ներդրումային դաշտը

Ապրիլի 2-ին Լոզանում Իրանի ու «Վեցնյակի» միջև կնքված համաձայնությունից հետո, որով նախատեսվում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում` միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց, Հայաստանում ակտիվ քննարկումներ սկսվեցին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող նոր հնարավորությունների մասին։

Ինչպես այս հարաբերություններին լավատեղյակ պաշտոնյաներն ու գործարարներն են պնդում, չնայած պատմական ընդհանուր անցյալին, մշակութային սերտ կապերին և քաղաքական բարենպաստ մթնոլորտին` տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված զգալի ներուժ, ինչը որոշ փորձագետներ բացատրում են Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, ոմանք` քաղաքական կամքի բացակայությամբ, իսկ ոմանք` Ռուսաստանի սահմանափակող գործոնով։

Երեկ Երևանում անցկացվեց Հայ-իրանական գործարար համաժողով, որի ընթացքում Հայաստանի Զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները փորձեցին իրանցի գործարարներին բացատրել, թե ինչպիսին է Հայաստանի ներդրումային դաշտը, և ինչպես կարելի է կազմակերպություն գրանցել ու առևտուր սկսել Հայաստանում։ Նրանք իրանցի գործարարներին ներկայացրին արտոնությունների մի ամբողջ շարք Հայաստանի գրավչության մասին։ Մինչդեռ, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի ներդրումային ծավալները տարեցտարի նվազում են։

Մեզ հետ զրույցում Հայաստանի Զարգացման հիմնադրամի առաջատար մասնագետ Պարույր Ջանգուլյանը փորձեց բացատրել այդ հակասությունը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ ներդրումների նվազման հարցում չպետք է անտեսել արտաքին ազդակների գործոնը։ «Չէի ասի, որ ներդրումների ծավալները նվազում են այս տարի։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներդրումների ծավալները նվազում են 2011-2012 թթ. սկսած, և այստեղ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների հետ խնդիր ունենք, նաև արտաքին ազդակներն այս հարցում առյուծի բաժին ունեն»,- ասաց նա։ Ըստ Ջանգուլյանի` իրենց խնդիրը ՀՀ կառավարության կողմից տրվող բարենպաստ պայմանները` հարկային արտոնությունները, ներդրումային համապատասխան բարենպաստ օրենսդրությունը, առանձնահատկությունները, որոնք ՀՀ-ն ունի այս պահի դրությամբ, ազատ առևտրի գոտիները, ներկայացնելն է, իսկ որոշումներն իրանցիները պետք է կայացնեն։ Ըստ նրա` Հայաստանը բաց է դեպի արտահանումն ուղղված իր արդյունաբերական քաղաքականությամբ բոլոր ոլորտներում համագործակցության համար։ «ՀՀ տնտեսությունը զարգանում է և՛ բիոտեխնոլոգիաների, և՛ դեղագործության ոլորտում, այսինքն` այն առաջնահերթությունները, որոնք ուղղված են դեպի արդյունաբերական քաղաքականություն։ Ունենք որակյալ աշխատուժ, ազատական հարկային օրենսդրություն, ունենք ազատ առևտրի գոտիներ, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունն ապահովող համապատասխան օրենսդրություն, ավանդույթներ, որոնք դարերով են գալիս»,- նշեց Ջանգուլյանը։

Սակայն մեզ հետ զրույցում իրանցի գործարարներն այլ տպավորությամբ կիսվեցին, ոլորտում առկա որոշ խնդիրների մասին խոսեց նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչը։

«168 Ժամի» հետ զրույցում դեսպանատան առևտրային ատաշե Հմայակ Ավետիսյանը նախ` անդրադառնալով պատժամիջոցներին, ասաց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ուժեղացել էր պատժամիջոցների ազդեցությունը, և դրա հետևանքով Իրանի տնտեսությունը լուրջ դժվարությունների առջև էր կանգնել, ինչը ենթադրում է, որ որոշակի դժվարություններ և սահմանափակումներ կային նաև արտաքին առևտրի ոլորտում։ Ավետիսյանը լիահույս է, որ ապագա մի քանի ամիսների ընթացքում դանդաղ առաջընթաց կարձանագրվի։

«Պատժամիջոցները պատճառ դարձան, որ գործարարները հայտնվեցին նեղ իրավիճակում, սկսելով իրենց գլխի ճարը տեսնել` կարիքները հոգալու ուղիներ փնտրել, արտահանել, ներմուծել, այսինքն` այդ սահմանափակումներն Իրանին դրական արդյունք տվեցին ինչ-որ իմաստով, որովհետև ժողովուրդը սկսեց ստեղծագործել։ Ներուժ կա Իրանում, և չեմ կարծում, որ որևիցե բնագավառ կգտնեք Իրանում, որը հետամնաց է։ Դրական զարգացումներ կան Իրանի շուրջ, որոնք կարող են Հայաստանի համար ևս դրական լինել։ Այլ բան ասեմ, որ Թուրքիայի վիճակը գնալով վատթարանում է և տարանցման տեսանկյունից պակաս գրավիչ դառնում, այնինչ Թուրքիան, որպես տարանցիկ երկիր, այս տարիների ընթացքում բավականին լուրջ օգուտներ է քաղել, բայց այդ ճանապարհն այսօր փակվել է, մեքենաները թեքվել են դեպի Հայաստան և Ադրբեջան։ Վերջին ամսվա ընթացում մեծ քանակությամբ մեքենաներ են գալիս Հայաստան և Հայաստանից անցնում դեպի Վրաստան, ապա` դեպի Եվրոպա։

Այսինքն` ՀՀ-ի համար լավ հնարավորություն է ստեղծվել, բայց, ցավոք սրտի, այդ տարանցման տուրքը ՀՀ-ում բարձր է, որի պատճառով վարորդները, գործարարները նախընտրում են ադրբեջանական ուղին։ Կցանկանայի, որպեսզի ՀՀ կառավարությունն այս հարցի վրա ուշադրություն դարձներ, կարգավորեր տուրքը մեքենաների անցման համար, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի համեմատ` այդ տուրքը բարձր է»,- ասաց Ավետիսյանը։ Վերջինիս խոսքով` հայ-իրանական առևտրային հարաբերություններում առկա խնդիրների մի մասը եղել է պատժամիջոցների հետևանք, մյուս մասը` համաձայնագրերի խնդիր։

Դեսպանատան ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ մի համաձայնագրի առաջարկ են ներկայացրել Հայաստանին` որպես ԵՏՄ անդամ, որ մաքսատուրքերը փոխադարձաբար իջեցվեն, այսինքն` արտոնյալ մաքսատուրքեր գործեն։

«Քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, պետք է ԵՏՄ-ից թույլտվություն ստացվի, կարծում եմ, որ ռուսները կցանկանան, որպեսզի արտոնյալ առևտրի համաձայնագիրը շուտով կնքվի։ Հայաստանը հատկապես իր մաքսային ընթացակարգը պետք է դյուրացնի, փոքր-ինչ մատչելի և էժան դարձնի, դժվարությունները դյուրացնի։

Վստահ քաղաքական կամք կա երկկողմանիորեն։ Մեր փոխադարձ հարաբերություններում կա մտերմություն քաղաքական դաշտում, ցավոք սրտի, տնտեսականում չկա, և մենք ջանում ենք, որպեսզի տնտեսականը հավասարվի քաղաքականին։

Հույս ունեմ, որ դա կհաջողվի։ Եթե դիտարկենք վիճակագրական տվյալները, ապա ՀՀ տնտեսությունն անցյալ ամիսներին լուրջ անկում է ունեցել արտաքին առևտրի ոլորտում` նույնիսկ իր հիմնական առևտրային գործընկերների հետ, բայց, բարեբախտաբար, Իրանի հետ անկում դեռ չի ունեցել։ Հայաստանի գործարարները Հայաստանից գնում են Վրաստան, ապա` Թուրքիա, և ապրանք են բերում, բայց այդ նույն ապրանքն ավելի էժան կարելի է Իրանից ստանալ։ Մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք կբարձրացնեն տեղեկացվածության մակարդակը»,- ասաց Հմայակ Ավետիսյանը։

Հարցին, թե Իրանն ինչ հնարավորություններ է տալիս գործարարներին, նա պատասխանեց, որ ամենակարևորը` հայ գործարարները կարող են Իրանի ազատ առևտրի գոտիներում արտոնյալ հնարավորություններով աշխատել։ Նրա խոսքով` Իրանում բազմաթիվ ազատ առևտրի գոտիներ կան, Իրանը 10-15 հարևան ունի, և այդ սահմանների վրա հիմնականում կան ազատ առևտրի գոտիներ, և դրանք շատ լավ հնարավորություններ են տալիս ներդրողներին, տուրքերից են ազատում, Իրանում էժան է վառելիքը։ «Հայաստանում տուրքերը բարձր են, գործարարները դժվարանում են գալ, մտածում են` ներդրումների անապահովություն կա, մենք փորձում ենք քաջալերել»,- նկատեց նա։

«Սինա առևտրային ընկերության» գործադիր տնօրեն Նաջմե Բոմոդան մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած ընկերությունը, որը զբաղվում է կերակրի բաղադրամասերի, շինանյութերի արտահանմամբ, ցանկանում է աշխատել Հայաստանի հետ։ «Հանդիպումներ ենք ունեցել, ուսումնասիրել ենք հայկական շուկան և կարծում ենք, որ ՀՀ-ում աշխատելու լայն հնարավորություն կա, սակայն Հայաստանը հնարավորություն է տալիս արտադրանք արտահանել նաև ՌԴ, ինչը ևս կարևոր է, և պետք է աշխատենք այս ուղղությամբ ևս»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։

Վերջինիս կարծիքով` հայաստանյան ներդրումային դաշտի խնդիրներից մեկը բարձր մաքսատուրքերն են։ Ըստ նրա` դրանք պետք է ցածր լինեն, որպեսզի իրենք կարողանան արտոնյալ պայմաններով արտահանել իրենց արտադրանքը։ Նույն խնդիրների մասին ահազանգեց նաև Պոլիեսթեր մանվածքի արտադրության ղեկավարը։ «168 Ժամի» հետ զրույցում Ալիաֆ Գոստար Յազդն ասաց, որ պատժամիջոցները հայ-իրանական գործարար կապերի զարգացման ճանապարհին խոչընդոտ չեն եղել, բայց գալով Հայաստան` հասկացել են, որ կոնկրետ իրենց արտադրանքի համար ՀՀ-ում խնդիր կա, քանի որ Հայաստանում չկան կազմակերպություններ, որոնք կարող են օղակ դառնալ իրենց և վերջնական սպառողի միջև։

«Շատ փոքր կազմակերպություններ կան, որոնք պոլիեսթեր են արտադրում, ուստի համապատասխան գործունեության դաշտ չկա։ Գուցե այդ կազմակերպությունների միջոցով կարողանանք ռուսական շուկա դուրս գալ։ Հայաստանում աշխատելու դաշտ չենք տեսնում, որովհետև չկան գործընկեր կազմակերպություններ, որ միջնորդ օղակ լինեն։ ՀՀ-ն օղակ է, որը կօգնի համագործակցել ՌԴ-ի հետ, քանի որ կա այդ պահանջարկը։ Ներմուծման հնարավորությունները Հայաստանում զրոյական են»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս