Մյուս շաբաթ Հայաստան կժամանի Իրանի առաջին փոխնախագահը

Հայաստան կժամանի Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: 168.am-ի տեղեկություններով` Ջահանգիրին Հայաստանում կլինի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 15-ին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ջահանգիրին Երևան կժամանի բավականին լայն և ներկայացուցչական պատվիրակությամբ` բաղկացած 50-60 պաշտոնյաներից և գործարարներից: Ի թիվս մի շարք պաշտոնական հանդիպումների, մեր տեղեկությունների համաձայն, Իրանի փոխանախագահը ՀՀ վարչապետի հետ կմասնակցի Հայ-իրանական ֆորումին: Թեև, ըստ նույն տեղեկությունների, չի բացառվում, որ այցի հետ կապված փոփոխություններ ևս լինեն, քանի որ այն վերջնականապես հաստատված չէ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Մոհամմադ Ռեիսին, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԻԻՀ կատարած այցին ի պատասխան է Իրանի փոխանախագահը ժամանելու Երևան։

«Այդ այցը, իհարկե, կարևոր նշանակություն կունենա երկու երկրների հարաբերությունների բարելավման համար: Իրանի փոխնախագահ Ջահանգիրիի այցի ընթացքում նախ և առաջ քննարկվելու է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման հարցը: Այդ նախագիծը բավական լուրջ ներդրումների կարիք ունի:

Թերևս տեղյակ եք, որ Իրանի ֆինանսական կարողությունները դեռևս սառեցված են, և ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ գումարները ամբողջովին ապասառեցվեն: Իրանի նպատակն է կյանքի կոչել այն նախագծերը, որոնք ստորագրվել են Հայաստանի հետ», – ասել էր Ռեիսին` կարևորելով այցը հայ-իրանական հարաբերությունների համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնության ֆոնին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս