Ինչո՞ւ Քոչարյանը զենքերը վայր դրեց. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սպասված «հարցազրույցը», որը դժվար է հարցազրույց համարել, վերջապես հրապարակվեց։ Որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, դա պարզ էր վաղուց եւ բոլորին։ Նրա արտահայտած դիրքորոշմանն արդեն տեւական ժամանակ հանրությունը ծանոթ է ՀԱԿ-ի, մի շարք քադաքագետ փորձագետների ու ԲՀԿ-ՀԱԿ դաշինքի գովքից սահուն դեպի Քոչարյանի քարոզչության անցում կատարած մի քանի կայքերի «վերլուծություններից»։ Տեւական ժամանակ է, ինչ մեր հանրությանն այս գծի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ԽԱՀՄ կարգերը կվերադառնան, եթե սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն։ Այսքանը պարզ է։ Լավ՝ զավեշտի ժանրից է փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է գալիս «չարիքի», «լճացման աղբյուրի», «արատավոր համակարգի վերարտադրման գործիքների», «մենաշնորհների», «մեկ կուսակցության գերակայության» մասին ձևակերպումներով։ Քոչարյանի հավանած Սահմանադրության պայմաններում նրա իշխանությունը իսկապես չարիք է եղել Հայաս¬տանի հասարակության համար, իսկ Քոչարյանի օրոք արված սահմանադրական փոփոխու¬թյուններն էլ իր իշխանավարման տարիներին չարիք էին գնահատվում այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից ու հիմնավորվում։

Որեւէ մեկը մեր օրերում չի կարող հավատալ, որ Քոչարյանն օր ու գիշեր սկսել է մտածել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, տնտեսական մենաշնորհների վերացման, մամուլի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին, որովհետեւ նա տասը տարի անընդմեջ ցույց է տվել, թե ինչպես է պայքարել այդ սկզբունքների դեմ. նախագահական երկու ընտրություններում կեղծիքներով իշխանության զավթում, Հոկտեմբերի 27, բարձրաստիճան պաշտոնյաների եւ Պողոս Պողոսյանի սպանություններ, մամուլի ղեմ ոտնձգություններ եւ վերջապես՝ Մարտի 1:

Քոչարյանի ներկայացրած տեքստից պարզ է դառնում, որ նա այս փուլում ակտիվ քաղաքական գործողությունների չի գնալու կամ ավելի ճիշտ՝ չի կարող գնալ, ինչը եւս բնական է։ Ո՞ր քաղաքական ուժերի ու անձանց վրա հիմնվելով պետք է Քոչարյանը դուրս գար հանրության աոջեւ ու կանգներ Ազատության հրապարակում. Վարդան Օսկանյանի գլխավորությամբ մի քանի բհկականների՞, Գառնիկ Իսագուլյանի՞, Արամ Հարությունյանի՞, Հմայակ Հովհաննիսյանի՞ հետ։ Կամ գուցե՝ ՀԱԿ-ի՞… Հաշվի առնելով Քոչարյանի վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ՝ ՀԱԿ-ի աջակցությանը Քոչարյանին բարդ է պատկերացնել, թեեւ ՀԱԿ-ի եւ Քոչարյանի պատկերացումները, դիրքորոշումը, սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու հիմնավորումները նույնական են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս