Ինչպե՞ս կտուժի Հայաստանը Ռուսաստանի սիրիական տապալումից

Սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի նյույորքյան հանդիպմանն ու նրանց ելույթներին հաջորդեց ռուսական ռազմական գործողությունը Սիրիայում:

Թեև հանդիպումն Օբամայի հետ Պուտինն օգտակար և անկեղծ էր որակել, Reuters լրատվական գործակալության աղբյուրները նշել էին, որ երկու նախագահներին չի հաջողվել պայմանավորվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի շուրջ: Օբաման հերթական անգամ ասել էր, որ իրավիճակը Սիրիայում կարգավորելու հնարավորություն չկա, քանի դեռ Ասադը չի հեռացել, այնինչ ՌԴ նախագահը պնդում է, թե Ասադն օգնության խնդրանքով է դիմել, և պետք է պայքարել ահաբեկչության` ԻՊ-ի, դեմ:

Թեև, ինչպես պնդում են միջազգայնագետները, կան դրական ազդանշաններ ևս, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից: Քերին նշել է, թե սիրիական հակամարտությունը հնարավոր չէ լուծել՝ առանց քաղաքական կյանքում սուննիներին ներառելու, ինչի համար որոշակի ժամանակ կպահանջվի:

«Պետք է ապահովել իշխանության կարգավորված անցումը, այնպես, որ հաշվեհարդարի վախ չլինի, կյանքին սպառնացող վտանգ չլինի»,- ասել է Քերին՝ խոստովանելով, որ ԱՄՆ-ի նախկին մոտեցումը Սիրիայում իշխանափոխության հարցին անիրագործելի էր։ Պետքարտուղարը նաև ԱՄՆ-ի համար հնարավոր էր համարել Ռուսաստանի ներառումը սիրիական հակամարտության կարգավորման հարցում։ Միևնույն ժամանակ, Քերիի ասելով, եթե Մոսկվան շարունակի աջակցել Ասադի ալևիական իշխանություններին, Մերձավոր Արևելքի երկրների հետ խնդիրներ կունենա, քանի որ նրանց բնակչության մեծ մասը սուննիներն են կազմում։

«Դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս կարող է ջիհադականների թիրախ դառնալ»,- նախազգուշացրել էր Պետդեպի ղեկավարը։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի կողմից առաջին ավիահարվածը ստացավ սիրիական Հոմս քաղաքը և, ինչպես պնդում են վերլուծաբանները, ուշագրավն այն է, որ Հոմսում հաստատված են Ասադին ընդդիմադիր ուժերը, և ստացվում է, որ Ռուսաստանը ԻՊ-ի անվան տակ վերացնում է սիրիական ընդդիմությանը` Ասադին մեկ այլ ղեկավարով փոխելու հնարավորությունը ոչնչացնելով: Այլ կարծիքների համաձայն՝ Ռուսաստանը փորձում է վերականգնել Ուկրաինայում կորցրած իր հեղինակությունը` փոքրիկ գործարք առաջարկելով Արևմուտքին:

«Սա մեռած կայսրության «կարապի երգն» է, և նրանք փորձում են Մերձավոր Արևելքում իրենց ներկայությունը փոխել Ուկրաինայի հետ»,- գրել էր վերլուծաբան Իգոր Մուրադյանն իր հեղինակած հոդվածում` հավելելով, որ ռուսական ռազմական միջամտությունը Սիրիայում դատապարտված է տապալման, քանի որ Ռուսաստանը, ի թիվս այլ դժվարությունների, Մերձավոր Արևելքում չունի անհրաժեշտ օպերատիվ տարածություն:
«168 Ժամի» հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը փորձեց պարզաբանել, թե հաջողության ի՞նչ հնարավորություններ ունի Ռուսաստանը Սիրիայում:

Նա վերահաստատեց մի շարք այլ փորձագետների արտահայտած այն կարծիքը, որ ՌԴ-ն նպատակ ունի պահպանել Ասադի կառավարությունը: Ըստ նրա` վերջին մի քանի օրերի ընթացքում ՌԴ ռազմական գործողությունները Սիրիայում ապացուցում են, որ ՌԴ-ի թիրախն ԻՊ-ը չէ, այլ այն ուժերը, որոնք Ասադին կարող են տապալման հասցնել: «Ճակատամարտերը տեղի են ունենում Լաթաքիայի շրջանում, Հոմս նահանգի հյուսիսային շրջաններում, որտեղ հաստատված են ընդդիմադիր ռազմական խմբավորումներ, ինչպես «Ալ Նուսրան» կամ, ավելի մեղմ` Ազատ բանակի ջոկատները:

Վերջին ամիսներին սիրիական պաշտոնական բանակը մեծ պարտություններ կրեց, այս միջամտությամբ փորձ է արվում հակադարձել նաև այդ ալիքին: Չգիտեմ, թե որքանով այս հարցում Ռուսաստանը կհաջողի, բայց սա շատ բարդ հակամարտություն է: Հակամարտություններին կարելի է միջամտել ինչ-ինչ նպատակներով, սակայն արդյունքները կարող են այլ լինել: Վերջին տասնամյակների ընթացքում ականատեսն ենք եղել, որ նման միջամտությունները դրական ավարտ չեն ունեցել:

Հիշենք սովետական միջամտությունն Աֆղանստանում, որտեղ ԽՍՀՄ-ը փորձեց պաշտպանել շատ փխրուն պրոկոմունիստական ռեժիմին Աֆղանստանում, բայց դա շատ մեծ վնասներ հասցրեց Սովետական Միությանը՝ թե՛ նյութական, թե՛ բարոյական առումով: Հստակ է, որ Սիրիայում զարգացող հակամարտությունը կարճաժամկետ չէ, սա մի հակամարտություն չէ, որտեղ մի քանի ռազմական օդանավ ուղարկելով՝ կարելի է հարցեր լուծել»,- մեկնաբանեց Չետերյանը՝ շարունակելով,- եթե սիրիական միջամտությունը նպատակ ունի ուկրաինական հակամարտության բացասական երևույթները ծածկել, ապա պետք է հիշել, որ ուկրաինական հակամարտությունը 3-4 հազար մարդու կյանք է խլել, իսկ սիրիական հակամարտությունը` 250 հազար, այսինքն` եթե փախուստի են դիմում փոքր չարիքից, ապա սիրիական չարիքը շատ ավելի հսկայական է, և այնտեղ վտանգները շատ-շատ ավելի մեծ են և վտանգավոր:

Անդրադառնալով այս հարցում ՌԴ-Արևմուտք, ՌԴ-Թուրքիա տարաձայնություններին` վերլուծաբանն ասաց, թե չի կարծում, որ դրանք մեծ ծավալների հասնեն: Նրա վստահեցմամբ` Սիրիայում լուրջ բախում չի լինի Արևմուտքի հետ: «Պուտինը գոնե այս կարճաժամկետ կտրվածքով ցույց տվեց, որ հզոր քաղաքական գործիչ է, քանի որ կարողացավ անակնկալի բերել միջազգային հանրությանն ու հանրային կարծիքին՝ իր ռազմական միջամտությամբ: Կարճ կտրվածքով սա շատ մեծ հաջողություն էր Պուտինի համար, բայց ես կասկածներ ունեմ, որ հաջողություն երկարաժամկետ ապագայում լինի: Կա ռուս-թուրքական տարաձայնություն, քանի որ ռուսական միջամտությունը Սիրիայում հստակորեն ուղղված է Թուրքիայի կողմից զինվող, պաշտպանվող ջոկատների դեմ: Դժվար է ասել` մինչև ուր կզարգանա այս հակասությունը, բայց վստահ եմ, որ կան ընդհանուր շահեր, և բացեիբաց իրար դեմ դուրս չեն գա այս երկու երկրները, կարող են հակասական քաղաքականություն վարել, բայց շատ ավելի լուրջ տնտեսական շահեր ունեն: Ուստի չեմ կարծում, որ հակադրությունը Սիրիայում հասնի վտանգավոր մասշտաբների»,- ասաց Չետերյանը:

Շվեյցարաբնակ հայ վերլուծաբանը տեսնում է որոշակի վտանգներ Հայաստանի համար: Նրա կարծիքով` եթե Ռուսաստանն այս հակամարտության մեջ մխրճվի և վնասով դուրս գա, իսկ դրա հավանականությունը բարձր է, ապա դա բացասաբար կանդրադառնա նաև Հայաստանի վրա: «Ռուսաստանի դիրքերը նույնիսկ Անդրկովկասում թուլանան, ինչ-ինչ առումներով սա բացասաբար կանդրադառնա նաև Հայաստանի վրա, որը բացարձակ կախվածության մեջ է Ռուսաստանից, որով և փխրուն ու խոցելի է:

«Ի վերջո, ՌԴ-ն դուրս է եկել հսկայական երկրաշարժից, որն էր Սովետական Միության փլուզումը, որի հետևանքները դեռ հաղթահարված չեն: Մյուս վտանգը ևս տեսնում եմ: Սիրիայի հայ բնակչությունը մեծ համակրանք ունի սիրիական վարչակազմի հանդեպ, առավել ևս, այսօր կարող է դիտարկվել հակամարտության կողմ և ոչ չեզոք բնակչություն, ինչը կենսական է Սիրիայում բնակվող հայ համայնքի համար»,- պարզաբանեց Չետերյանը:

Իր հերթին՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» («Россия в глобальной политике») պարբերականի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆեոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում տեղին չհամարեց Ռուսաստանի միջամտությունը Սիրիայում, Աֆղանստանում ԽՍՀՄ միջամտության հետ համեմատելու փորձերը: Նրա համոզմամբ` «աֆղանական սինդրոմն» անցյալում է, թեև այն երկար ժամանակ հետապնդել է Ռուսաստանին: Լուկիանովը կարծում է, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի այս նախաձեռնությունը կարող է ՌԴ-Արևմուտք բեղմնավոր գործունեության սկիզբը դնել:
«Այս դեպքում Մոսկվայի դերը նման է այն դերին, որը ստանձնեց ՆԱՏՕ կոալիցիան Լիբիայում 2011թ.: Պարզապես տարբերությունն այն է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ի օգուտ կարող և պատրաստված բանակի, որի հետ գործակցությունն ավելի արդյունավետ կարող է լինել, քան լիբիական աշխարհազորայինների հետ գործակցությունը: Սա ռուսական հարվածներն ավելի հզոր է դարձնում»,- ընդգծեց Ֆեոդոր Լուկիանովը:

Նա նաև չի բացառում օպերացիայի տապալումը: Սակայն վստահ է նաև, որ օպերացիայի տապալումը լուրջ բացասական հետևանքներ չի ունենա Ռուսաստանի և Ռուսաստանի բարեկամների համար: Նրա վստահեցմամբ` Ուկրաինան ռուսական գործունեության համար այնքան էլ հարմար թատերաբեմ չէր: Իսկ Մերձավոր Արևելքը, նրա խոսքով, ՌԴ-ին լայն և ավելի արդյունավետ գործունեության, հեղինակությունը վերականգնելու հնարավորություն է տալիս: «Իսկ Վլադիմիր Պուտինը կարողանում է պահերը ճիշտ զգալ և հոտառությունն օգտագործել»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս