«Մեր կառավարությունը դրսից է գնում, իսկ Սինգապուրը՝ մեզանից». Վահագն Պողոսյան
«Digitec-Expo2015»-ի շրջանակներում «Ինստիգեյթ Ռոբոտիքսը» ներկայացնում էր Սինգապուրի ոստիկանական ուժերի համար ստեղծված թռչող անօդաչու սարք: 168.am-ի հետ զրույցում «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը ներկայացրեց այն:
««Ինստիգեյթ Ռոբոտիքսի» այս տարվա հիմնական նորությունը Սինգապուրի ոստիկանական ուժերի համար ստեղծված լուծումն է, որով սահմանապահները կարող են իրենց նավահանգստի պաշտպանությունն իրականացնել: Այնտեղ նախնական զննման խնդիր կա. երբ նավերը մոտենում են նավահանգստին, ավտոմատացված ռոբոտ-մոտորանավակները մոտենում են դրանց և նախնական զննման համար անհրաժեշտ սարքերով նկարահանումներ են անում: Հետո ամբողջ ինֆորմացիան փոխանցվում է ծովափնյա սիտուացիոն կենտրոն, որտեղ մեծ էկրանի վրա այդ ամենը պատկերվում է: Այժմ իրենք ցանկանում են դա համալրել նաև օդից արված նկարահանումներով: Այդ մոտորանավակների վրա դրվելու են անօդաչու թռչող սարքեր, որոնք բարձրանալու են ու վերևից նկարահանեն: Սարքն իր սնուցումը լարով ստանում է մոտորանավակից, որ թույլ է տալիս իրեն ոչ թե՝ 15 րոպե օդում գտնվել, այլ՝ որքան ցանկանան: Որքան մեծ մարտկոց դնեն մոտորանավակի վրա, այնքան երկար սարքը կմնա օդում: Դա բարդ ինժեներական լուծում է: Այս նախագիծն իրականացրել ենք Հայաստանի ներքին ուժերով»,- պատմեց նա:
Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց Սինգապուրի համար ստեղծվեց այդ լուծումը, այլ ոչ մեր երկրի, Վ. Պողոսյանը պատասխանեց.
«Որովհետև պատվերն այնտեղից է: Մեր կառավարությունը, հայաստանյան պատվիրատուները դրսից են դա գնում, իսկ Սինգապուրը՝ մեզանից: Մենք սա արել ենք Կապի ինստիտուտի հետ միասին: Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ հայկական մի քանի արտադրողներ միավորվում ու միացյալ արտադրական նախագծման շնորհիվ կարողանում են լիարժեք լուծում տալ: Մեր հիմնական խնդիրն այն է, որ բոլորս բաղադրիչներն արտադրում ենք, ինտեգրված լուծում ենք, իսկ որը վերջնական պրոդուկտ է՝ չունենք: Այդ պատճառով՝ մեր Պաշտպանության նախարարությունը մեզ հետ չի աշխատում, որովհետև իրենք չգիտեն՝ ինչպե՞ս աշխատել բաղադրիչների հետ: Մեր Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) լրիվ անգրագետ է, իրենք խանութ գնացող, խանութից բան գնողներ են, իրենց միայն լրիվ լուծում է պետք: Իսկ քանի որ հայկական ընկերությունները չեն միավորվում՝ միասին լրիվ լուծում տան, մենք չունենք այն ու չենք կարողանում տալ մեր անգրագետ ՊՆ-ին: Մեր բանակը խելացի ղեկավարություն պետք է ունենա, որ ինտեգրատիվ կազմակերպությունների հետ աշխատեն առանձին, բաղադրիչ արտադրողների հետ՝ առանձին, և այնքան կառավարչական հմտություն ունենան, որ ամբողջը կոորդինացնեն, որ բաղադրիչները գան ինտեգրվեն, լուծում տան: Բայց քանի որ այդ շնորհքը չկա մեր բանակում ու մեր՝ արտադրողներիս մեջ, մենք այդ լուծումը չենք ստանում: Բաղադրիչների գինն ընդհանուր լուծման 30 տոկոսն է կազմում, իսկ մեր բանակը դրսից է դա գնում»:
Հարցին՝ եթե ՊՆ-ի կողմից առաջարկ լինի, պատրա՞ստ են համագործակցել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այլևս ոչ, որովհետև մենք իրենց հետ աշխատում էինք 2011թ.-ից, բայց այդպես էլ չկարողացանք բացատրել՝ ի՞նչ է նշանակում՝ պետական մտածելակերպ, ֆունդամենտալ ներդրումներ, ի՞նչ է նշանակում՝ ամբողջ արտադրական կոմպլեքս ունենալ, ինտեգրատոր ֆիրմա ունենալ, իրենք նույնիսկ չեն հասկանում ինտեգրատոր ֆիրմայի ու բաղադրիչ արտադրող ֆիրմայի տարբերությունը, կամ, որ ավելի վատ է ու արդեն անբարոյականություն, չեն ուզում հասկանալ: Ես ենթադրում եմ, որ իրենք անբարոյական չեն, ուղղակի տգետ են, այսինքն՝ չեն հասկանում»: