Կտրվի՞ Հայաստանին երկրորդ շանսը

«Սահարայից մինչև Կովկաս բարեկամ պետությունների գոտի ձևավորելու՝ Եվրամիության երազանքը վերածվեց մղձավանջի»,- օրերս հրապարակված վերլուծական հոդվածում գրում է Reuters գործակալությունը՝ անդրադառնալով Եվրամիության «Արևելյան գործընկերության» և «Հարավային հարևանության» ծրագրերին։ Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, Եվրամիության կողմից 2003 թվականին հռչակված «Եվրոպական հարևանության» ողջ ծրագիրը հեղինակավոր գործակալությունը համարում է «շռնդալից ձախողում»` մեջբերելով Շվեդիայի նախկին արտաքին գործերի նախարար և վարչապետ Կարլ Բիլդտի   անկեղծ խոստովանությունը.

«Դիտարկելով այսօրվա իրադրությունը՝ դժվար է չհանգել եզրակացության, որ իրականում Եվրամիությունը շրջապատված է ոչ թե բարեկամների, այլ կրակե օղակով»: Հոդվածում Reuters-ի թղթակիցները ներկայացրել են «Արևելյան գործընկերության» ծրագրի իրականացմանը ներգրավված միջին օղակի եվրոպացի դիվանագետների կարծիքները: «Գաղափարը շատ պարզ էր` մենք ցանկանում էինք բարեկամների շրջանակ ստեղծել մեր շուրջը, ինտեգրվել նրանց հետ՝ առանց այդ պետություններին Եվրամիության անդամություն առաջարկելու,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բաժնի վարիչ Քրիստիան Դանիելսոնը` նշելով,- Մեզ թվում էր, որ այդ երկրները ցանկանում են մեզ նմանվել»:

«Պարզ է, որ Բաքվից մինչև Մինսկ, Կահիրեից մինչև Ալժիր` բոլոր ավտորիտար ղեկավարներն ու տեղական օլիգարխներն այս ամենը բնազդաբար պետք է ընկալեին՝ որպես իրենց ուղղված լուրջ սպառնալիք,- նշում են հրապարակման հեղինակները՝ ամփոփելով,- «Եվրամիության հարևանության» ծրագիրն այժմ հիմնարար վերարժևորման փուլում է: Ավելի ճկուն, չափավոր և տարբերակված ռազմավարությունը կներկայացվի նոյեմբերի 17-ին»:

Այս հրապարակման մեջ ներկայացված մոտեցումները չափազանց կարևոր են նաև Հայաստանի համար, որն այս ծրագրերն «ամենաբարեհաջող» տապալած երկրներից մեկն է, եթե ոչ՝ ամենաառաջինը: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իհարկե, կարող են սա ներկայացնել՝ որպես արդարարացում՝ եվրոպացիներն իրենք են խոստովանում, որ ձախողվել են, մեզանից ի՞նչ եք ուզում:

Այո, եվրոպացիների մեղքը շատ մեծ է նույն Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և Եվրասիական միությանն անդամակցելու հարցում, թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանին որևէ առարկայական երաշխիք չտրամադրեցին անվտանգության ոլորտում՝ առաջին հերթին՝ Ռուսաստանի հակազդեցության ու Ռուսաստանի դրդմամբ ադրբեջանաթուրքական սպառնալիքների առումով:

Իհարկե, միարժեք չէ նաև այն, թե որքանով է հայկական դիվանագիտությունը հետևողական եղել այդ հարցում և դա դիտարկել՝ որպես Ասոցացման համաձայնագրի բանակցություններում սկզբունքային տարր: Բայց ավելի գլոբալ առումով հետաքրքիր է եվրոպացի պաշտոնյայի արտահայտած միտքը.

«Մեզ թվում էր, որ այդ երկրները ցանկանում են մեզ նմանվել»: Հայաստանի պարագայում այս արտահայտությունը և տեղին է, և բազմանշանակ: Արդյո՞ք իրականում Հայաստանի իշխանությունը, լայն իմաստով՝ տնտեսական ու քաղաքական հենարաններով ցանկանում էր ինտեգրվել Եվրամիությանը: Մինչև 2003 թվականի սեպտեմբերի 3-ը հնչած հայտարարությունների մակարդակում դա բոլորի մանկության երազանքն էր: Իրականում, սակայն, Հայաստանի քաղաքական ու տնտեսական էլիտայի ներկայացուցիչները, չնչին բացառություններով, կիլոմետրերով հեռու են եվրոպական արժեքներից և ամբողջությամբ համապատասխանում են եվրասիականությանը:

Մարդու իրավունքները, ազատ խոսքը, ազատ մրցակցությունն ու եվրոպական արժեհամակարգի հիմքում ընկած մյուս սկզբունքները Հայաստանում՝ հարգվում, իսկ, որ ավելի ճիշտ է, հանդուրժվում են այն պատճառով, որ չհանդուրժելու ռեսուրս իշխանությունը չունի: Սա եվրոպացիները պետք է որ լավ իմանային ասոցիացման գործընթացը սկսելուց առաջ, և նրանց հուսախաբությունն ինչ-որ տեղ զարմանալի է:

Բայց Ասոցացման ծրագիրն արդեն անցյալում է, և այսօր շատ կարևոր է այն, ինչը տեղի է ունենալու առաջիկայում: ««Եվրամիության հարևանության» ծրագիրն այժմ հիմնարար վերարժևորման փուլում է: Ավելի ճկուն, չափավոր և տարբերակված ռազմավարությունը կներկայացվի նոյեմբերի 17-ին»,- գրում են Reuters-ի վերլուծաբանները: Այն, որ եվրոպացիները վերարժևորելու էին ծրագիրը, պարզ է:

Հարցն այն է, թե որքանով են այդ ծրագրի մասնակից երկրների, տվյալ դեպքում՝ Հայաստանի իշխանությունը վերարժևորել տեղի ունեցածը: Արդյո՞ք երկրորդ անգամ Հայաստանը կկարողանա «քցել» Եվրոպային, թե՞ նոր ծրագիրը կօգտագործի՝ որպես հնարավորություն՝ Եվրասիական ճահճից դուրս գալու համար: Սա է կարևոր հարցը, որի պատասխանից շատ բան է կախված:

Տեսանյութեր

Լրահոս