Բաժիններ՝

Ինչպես հպարտանալ Հայաստանի թույլ կողմերով

Միջազգային կառույցները հերթական անգամ ՀՀ իշխանություններին հպարտանալու տեղիք են տվել։ Խոսքը վերաբերում է Համաշխարհային տնտեսական ֆորումին, որն օրերս հրապարակեց Մրցունակության գլոբալ վարկանիշը` 2015-2016թթ. համար։ Հայաստանն այդ վարկանիշում առաջադիմել է 3 հորիզոնականով և 140 երկրների շարքում զբաղեցրել 82-րդ տեղը։

Հաշվի առնելով մեր իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը նման զեկույցների նկատմամբ` անսպասելի չէր, որ կառավարության հինգշաբթի օրվա նիստում էկոնոմիկայի նախարարն առանձին անդրադարձավ այդ զեկույցին։ Նիստի ավարտին Կ. Ճշմարիտյանը հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց զեկույցի 2015-2016 թթ. արդյունքները։ Իհարկե, հատուկ ընդգծվեց, որ 3 կետով առաջընթաց ենք գրանցել։

«Ընդ որում, նախորդ տարվա համեմատ` առաջընթաց է գրանցվել 7 հենասյուների գծով, մասնավորապես, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման, ապրանքների, աշխատուժի շուկայի արդյունավետության, ֆինանսական շուկաների զարգացման գծով։ Որոշակի փոփոխություններ են եղել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության և գործարարության կատարելագործվածության աստիճանով։

Ըստ այդմ, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ինչը հետագայում նաև որոշակի ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա»,- ասվում է նախարարի հայտարարության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Չէ, իհարկե, լավ է, որ առաջադիմել ենք։ Բայց… Նախ` սկսենք նրանից, որ նախորդ տարի վարկանիշում 144 երկրներ էին, այս տարի` 140։ Այնպես որ, «առաջընթաց» ասվածը խիստ հարաբերական է։ Երկրորդ` 140 երկրների շարքում 82-րդ տեղն ամենևին հպարտանալու բան չէ։ Ու վերջապես` զեկույցն իրականում ավելի շատ մեր թույլ կողմերի մասին է, քան ուժեղ։ Սակայն մերոնք թույլ կողմերից հիշատակեցին միայն «նորարարություն» ուղղությունը, իսկ մյուս «մանրուքներն» անուշադրության մատնեցին։

Այդ մանրուքներին դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ փոքր-ինչ պարզաբանենք` ինչպես է կազմվում այդ վարկանիշը։ Այն հիմնվում է, այսպես ասած, 12 հիմնասյուների վրա (ենթակառուցվածքներ, ապրանքների ու աշխատանքի շուկայի արդյունավետություն, կրթության ու առողջապահության որակ, մակրոտնտեսական իրավիճակը, և այլն), որոնցից յուրաքանչյուրն իր հերթին` ներառում է բազում այլ ցուցանիշներ։
Կոնկրետ «Նորարարություն» հիմնասյան գնահատականով մենք 101-րդ տեղում ենք։

Եթե ավելի խորանանք այս ուղղությամբ, պատկերն այսպիսին է. նորարարական կարողությունների առումով Հայաստանը 87-րդ տեղում է, գիտահետազոտական ինստիտուտների որակով` 105-րդ տեղում, մասնավոր ընկերությունների կողմից գիտական հետազոտությունների ուղղությամբ կատարված ծախսերի գծով` 109-րդ տեղում։ 109-րդ տեղում ենք նաև պետության կողմից բարձր տեխնոլոգիական արտադրանքի գնումների չափանիշով։ Հետազոտությունների և զարգացման (R&D) ոլորտում ինստիտուտների և ընկերությունների համագործակցությունը նույնպես թույլ է` 140 երկրների շարքում 111-րդն ենք։

Սա նշանակում է, որ մեզանում բիզնեսը կտրված է գիտությունից, և գիտական արտադրանքը կիրառական նշանակություն չի ունենում։ Ահա սրանք են մեր հիմնական թույլ կետերը նորարարության մասով։
Հայաստանի մյուս դիրքերը նույնպես վատն են, բայց ոչ այնքան, որքան նորարարությունը։

Սակայն մյուս հիմնասյուների դեպքում էլ կան առանձին ցուցանիշներ, որտեղ պատկերը խայտառակ է։

Օրինակ` հենց առաջին հենասյան մեջ, որը կոչվում է «ինստիտուտներ», ունենք այդպիսի մի քանի օրինակ։ Դատական համակարգի անկախությամբ` 106-րդ տեղում ենք, փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանության հարցում` 108-րդ։ Օտարերկրյա ներդրողների տեսանկյունից, սրանք, թերևս, ամենակարևոր գործոններն են։
Բավականին խոսուն և ցավոտ ցուցանիշներ կան նաև «Աշխատանքի շուկայի արդյունավետություն» կոչվող հիմնասյան բացվածքում։

Bab

Օրինակ` սեփական տաղանդներին պահպանելու կարողության չափանիշով մեր երկիրը 119-րդ տեղում է, իսկ տաղանդներ ներգրավելու կարողությամբ` 111-րդ տեղում։ Սա նշանակում է` մենք ոչ կարողանում ենք սեփական ուղեղներին պահել երկրում և օգտագործել նրանց պոտենցիալը, ոչ էլ հնարավորություն ունենք դրսի տաղանդների ունակություններն օգտագործելու։

Սակայն սա դեռ ամենը չէ։

Բացի այս հիմնասյուներից` WEF-ի զեկույցը յուրաքանչյուր երկրի համար ներկայացնում է բիզնեսի 16 ամենախնդրահարույց գործոնները։ Հայաստանի պարագայում ամենակարևոր խոչընդոտ համարվել է ֆինանսական միջոցների անմատչելիությունը։ Սա առաջին հերթին` վերաբերում է բիզնես վարկերի տոկոսադրույքներին և պայմաններին։ Երկրորդ խոչընդոտը բյուրոկրատիան է, երրորդը` փոխարժեքը։ Խոչընդոտների թվում գործարարները նշել են նաև կոռուպցիան, ենթակառուցվածքների ոչ բավարար մակարդակը, հարկային դրույքաչափերը, և այլն։

Մի խոսքով` Գլոբալ մրցունակության զեկույցում կարելի է գտնել մեր տնտեսության թույլ կողմերը, որոնք բավականին շատ են։ Սակայն մեր պատասխանատուները, բնականաբար, սրանք չնկատելու են տալիս և կենտրոնանում մեկի վրա։ Իհարկե, նախարարն իր զբաղվածության պատճառով` հնարավոր է` մանրամասն չի ուսումնասիրել զեկույցը (թեպետ Հայաստանի մասն ընդամենը 2 էջ է)։

Առավել հավանական է, որ նրա համար ուսումնասիրել են և «կարևոր շեշտադրումները» դուրս են բերել իր ենթակաները։ Սակայն ուսումնասիրելու դեպքում էլ չենք կարծում, որ Կ.Ճշմարիտյանը մեծ հաճույքով կխոսեր, ասենք, իր կառավարության բյուրոկրատական գործելաոճի մասին։

Ի դեպ, երբ խոսում ենք մրցունակության զեկույցի մասին` ավելի ճիշտ կլիներ, եթե մեր ցուցանիշները համադրեինք գոնե մեր հարևանների հետ։ Սակայն կառավարության տեսանկյունից դա նույնպես այնքան էլ նախընտրելի տարբերակ չէ։ Տարածաշրջանի բոլոր երկրները մեզանից առաջ են այդ ցանկում. Ադրբեջանը 40-րդ տեղում է, Թուրքիան` 51-րդ, Վրաստանը` 66-րդ, Իրանը` 74-րդ, Ռուսաստանը` 45-րդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս