Դուք բոլորդ լիսկա եք
Երեկ, ինչպես և սպասվում էր, ազատ արձակվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ ԵԿՄ (Երկրապահ կամավորական միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության) մեդալակիր Տիգրան Խաչատրյանը:
Ոչ միայն նա ազատվեց կալանքից, այլ նաև իրավապահ համակարգն ազատվեց «գլխացավանքից»՝ դադարեցնելով Տիգրանի նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանրապես: Արդարությունը, ինչպես արդարացիորեն գնահատել է նույն Սուրեն Խաչատրյանը, հաղթանակեց:
Արդարության հաղթանակը հենց այնպես չի տրվում և դրա համար Տիգրան Խաչատրյանն անարդարացիորեն վճարեց ամբողջ երկու ամսվա ազատությամբ, իսկ գործով տուժողը՝ Սդղի գյոլ տարածքում, փաստորեն, առանց Տիգրան Խաչատրյանի առնչակցության տեղի ունեցած վիճաբանության արդյունքում տուժած Հարություն Զաքարյանը՝ մի աչքի տեսողությամբ: Բայց Քննչական կոմիտեի միջորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը դադարեցնելու վերաբերյալ ու Գլխավոր դատախազության գերօպերատիվ, ընդամենը ժամեր տևած արձագանքը վկայում են, որ իրավապահ մարմինները «գիտակցել» են իրենց մեղավորությունը Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, խոստովանել են, որ հանիրավի երիտասարդի բազմազբաղ ու հայրենանվեր կյանքից խլել են ամբողջ երկու և մի փոքր էլ ավելի ամիսներ:
Կպահանջի՞ արդյոք Տիգրան Խաչատրյանը բարոյական վնասի փոխհատուցում իրավապահ մարմիններից, Հայաստանի Հանրապետությունից ընդհանրապես, կախված է բացառապես Սուրեն և Տիգրան Խաչատրյանների բարոյականությունից, որը նրանց մոտ ամենաբարձր մակարդակում գտնվող հատկանիշներից է: Ինչպիսի՞ն կարող է լինել մարդկանց բարոյականությունը, որոնցից գրեթե ուղղակիորեն կախված է մի ամբողջ մարզի կայունությունն ու խաղաղությունը՝ ընդհանրապես, և մարզի առանձին բնակիչների կյանքը՝ մասնավորապես:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած հերթական միջադեպն ու իրավապահ մարմինների, Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից նրա հանդեպ «արդարամտության» ցուցաբերման հերթական օպերացիան՝ արտահայտելով Հայաստանի քաղաքական-իշխանական համակարգի դեգրադացվածությունը, միաժամանակ ցույց է տալիս գրեթե նույն իրավիճակը հասարակության շրջանում:
Զաքարյանների ընտանիքը մի քանի ամիս շարունակ դարձել էր հանրության ուշադրության ու հիացմունքի առարկան, որովհետև համարձակվել էր դեմ դուրս գալ բդեշխի կարգավիճակով մարզպետի պաշտոնը զբաղեցնողի ընտանիքի դեմ ու հայտարարում էր, որ պայքարելու է մինչև վերջ, հայտարարում էր, որ կորցնելու բան չունի, քանի որ որդին կորցրել է ամենաթանկ բանը՝ տեսողությունը: Բայց այդ հայտարարությունները դարձան առոչինչ, երբ հայտնի դարձավ, որ «հետախուզման» արդյունքում հայտնաբերված Խաչատրյանների ազգականի հետ առերեսման ժամանակ վերջինս ասել է, որ ինքն է հարվածել Հարությունի աչքին, նա էլ պատասխանել է, որ չի հիշում, և միգուցե հենց այդպես էլ եղել է:
Վերջ: Պատմությունը փակված է: Մարդիկ, ովքեր կորցնելու ոչինչ չունեին, ըստ ամենայնի, ստացան այն, ինչը կարող են կորցնել կամ հանուն ինչի արժեր կորցնել առողջությունը: Նրանք ստացան կորցնելիքը, Տիգրան Խաչատրյանն էլ՝ ազատությունը՝ նորանոր «կորուստների» հաղթարշավը շարունակելու համար:
Մոտավորապես այնպես, ինչպես ԲՀԿ երբեմնի նախագահ Գագիկ Ծառուկյանն էր հայտարարում, որ կորցնելու ոչինչ չունի, բացի սեփական խոսքից ու արժանապատվությունից: Հայտարարում էր, բայց կորցրեց՝ ստանալով իրեն դրանից զրկած Սերժ Սարգսյանի կողքին լուսանկարվելու լեգիտիմ իրավունք: Ու նույն այս տրամաբանությամբ Զաքարյաններն այլևս կարող են պատվավոր տեղ զբաղեցնել Լիսկայի շքախմբում, անգամ մասնակցել Տիգրան Խաչատրյանի՝ ապագայում կատարելիք քաջագործություններին, որպիսիք վստահաբար լինելու են: Չէ՞ որ նա ԵԿՄ մեդալ է ստացել անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանից: Ամեն բան շատ ճիշտ է, ամեն ինչ շատ հայաստանյան է: Մնում է միայն, որ Զաքարյանները, ովքեր այլևս արժանի տեղ զբաղեցրեցին հայկական արդարադատության պատմության մեջ, ուղղակի հայտարարեն՝ «մենք բոլորս Լիսկա ենք»: Այդպես ավելի արդար կլինի: