Ֆրանսիական «La Croix» պարբերականի անդրադարձը Լեռնային Ղարաբաղին

Ֆրանսիական «La Croix» պարբերականը սեպտեմբերի 29-ին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում թեմային:

Լեռնային Ղարաբաղում՝ պատերազմի և խաղաղության միջև

Ստեփանակերտ

Չնայած միջազգային ճանաչման բացակայությանը՝ Ադրբեջանի Հանրապետության նախկին ինքնավար մարզը հետզհետե վերածվում է Պետության:

Գիշեր թե ցերեկ, դասակի հրամանատար Էդուարդը և նրա զինվորները` բոլորը Լեռնային Ղարաբաղի հայեր, ադրբեջանական հարթավայրի նկատմամբ բարձրադիր դիրքում գտնվող իրենց բունկերի նեղ ճեղքից հետևում են թշնամուն: Հեռադիտակով մոտ 100 մետր ներքևում նկատվում են ադրբեջանցի զինվորների թաքստոցները: «Անցած գիշեր ադրբեջանցիները կրակել են մեր ուղղությամբ»,- հավաստում է զինվորներից մեկը: Հայերի կողմից վերահսկվող և Ադրբեջանի կողմից պահանջվող Լեռնային Ղարաբաղի սարերում զենքերը կարող են հնչել ցանկացած պահի:

Դասակի հրամանատար Էդուարդը հսկողություն է իրականացնում փշալարերով և ականապատված դաշտով պաշտպանված առաջնագծային մի դիրքում, որտեղ տեղադրված են կրակակետեր և հրանոթների համար նախատեսված տարածքներ:

Լեռնային Ղարաբաղի արևելյան սահմանին տեղակայված այս դիրքը կառուցվել է ինքնավար մարզի հայ բնակչության կողմից Բաքվի իշխանությունների դեմ Երևանի օժանդակությամբ մղած անջատողական պատերազմի տարիներին: 1991-1994 թթ. մահացու հակամարտությունից հետո, որում հաղթել են հայերը, երկու բանակները տասնյակ կիլոմետր երկարությամբ պաշտպանություն են կառուցել շփման գծի ամբողջ երկայնքով:

«Մենք մեծ ջանքեր ենք գործի դնում ժողովրդավար Պետություն կառուցելու համար»

Պատերազմի և խաղաղության միջև, խրամատներում օրերը հաջորդում են միմյանց՝ առանց հակամարտության խաղաղ կարգավորման որևէ հեռանկարի: Բանակցություններում առաջընթաց չկա: Ադրբեջանն առաջ է քաշում Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, որը երաշխավորվում է ՄԱԿ-ի կողմից: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը մատնացույց են անում ազգերի ինքնորոշման իրավունքը, որը նույնպես իր տեղն ունի ՄԱԿ-ի Խարտիայում և հիշեցնում են, որ մարզը Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությանն է տվել Ստալինը 1921թ.՝ առանց խորհրդակցելու ճնշող մեծամասնությամբ հայերից բաղկացած բնակչության հետ:

Պատերազմական գործողությունների ավարտից քսան տարի անց ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բակո Սահակյանը 150000 բնակչություն ունեցող և թղթի վրա գոյություն չունեցող այս Պետության նախագահն է: «Իհարկե, միջազգային ճանաչումը զգալի կերպով կազդեր մեր կյանքի, մեր տնտեսության և զարգացման վրա», – մեկնաբանում է նախկին այս ազատամարտիկը, ով մեզ ընդունում է անձնական բնույթ չկրող իր աշխատասենյակում՝ առանց որևէ ձևականությունների: «Սակայն մենք մեծ ջանքեր ենք գործի դնում ժողովրդավար Պետություն կառուցելու համար&r aquo;, – շարունակում է նա:

«Երեխաներ ունենալ նշանակում է պաշտպանել հայրենիքը»

Նախկին ռուսական կայսրության հարավային ծայրամասում գտնվող Լեռնային Ղարաբաղը իր դաշտերով, սարերով և վայրի անտառներով՝ ֆրանսիական գյուղատնտեսական մի տարածքի է նման: Չնայած իր անորոշ ապագային և ադրբեջանցի թշնամու և հայաստանցի մեծ եղբոր միջև շրջափակված լինելու հանգամանքին՝ երկիրը դանդաղորեն մոդեռնիզացվում է: Այստեղ կառուցում են ճանապարհներ, դպրոցներ, բուժկետեր, ջրագծեր՝ չմոռանալով տեղադրել սփյուռքահայ բարերարների անուններով ցուցանակներ: Ժամանակը հետզհետե ջնջում է ադրբեջանցիների ներկայության հետքերը: Տարածքում մի ժամանակ ապրած ադրբեջանցիների դատարկ տները խաղահրապարակ են դարձել երեխաների համար: Դեպի ետ վերադարձը անհնարին դարձնելու համար իշխանությունները խրախուսում են սփյուռքից նոր քաղաքացիների հաստատումը, կազմակերպում ամուսնություններ և խթանում բնակչության աճը՝ ծննդյան նպաստների միջոցով: «Երեխաներ ունենալ նշանակում է պաշտպանել հայրենիքը»,- ասում է լեյտենանտ Գրիգորը, ով իր ամուսնության օրը 600 եվրո է ստացել օտարերկրյա մի հովանավորից:

«Լեռնային Ղարաբաղը սոցիալապես առավել հավասարակշռված է»

Իր մաքուր շենքերով և ծառապատ փողոցներով մայրաքաղաք Ստեփանակերտը կարծես վարչական շրջկենտրոն լինի: Ազգային ժողովին կից ռեստորանում կարելի է հանդիպել հայ առաքելական եկեղեցու մի քահանայի՝ նստած վարչապետի, քաղաքապետի, նախագահի կամ մի գեներալի հետ՝ անտարբեր անցորդների աչքի առաջ՝ Երևանի օլիգարխների աչքի զարնող ճոխությունից հեռու: «Լեռնային Ղարաբաղը սոցիալապես առավել հավասարակշռված է, այստեղ կաշառակերությունը պակաս է, իսկ երկիրն ավելի լավ է ղեկավարվում, քան մեզ մոտ», – նշում է մի հայաստանցի լրագրող:

Երևանյան բազմաթիվ լրատվամիջոցներ այս օրերին եկել են մասնակցելու ֆրանսախոսության կենտրոն Պոլ Էլուարի տան խորհրդանշական հիմնարկեքին: Արարողությունը տեղի է ունենում ֆրանսիական խորհրդարանականներից, քաղաքապետերից, համայնքային խորհրդականներից, ֆրանսահայ միությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության ներկայությամբ՝ Ֆրանսիական օրեր Արցախում առաջին փառատոնի շրջանակներում: Ֆրանսիայի վեց համայնքներ ստորագրել են Բարեկամության հռչակագրեր անջատողական այս հանրապետության քաղաքների հետ՝ չնայած ֆրանսիական իշխանությունների նախազգուշացումներին:

«Հայաստանի հետ միավորվելու հարցը օրակարգում դրված չէ»

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար ֆրանսիական եռագույնով քաղաքական գործիչների խորհրդանշական այցը Ստեփանակերտ երկրի դիվանագիտական և տնտեսական մեկուսացումը խափանելու փորձ է: Հիմնականում գյուղատնտեսական այս երկիրը, որի առաջին գործատուն բանակն է, դժվար թե կարողանար գոյատևել առանց Երևանի աջակցության, որը ապահովում է երկրի գործունեության համար անհրաժեշտ բյուջեի մոտ կեսը, ինչպես նաև ռազմական ծախսերն ամբողջությամբ: «Հայաստանի հետ միավորվելու հարցը օրակարգում դրված չէ», – զգուշորեն ասում է Բակո Սահակյանը : Սակայն ի համաքաղաքացիների, ինչպես նաև աշխարհի բոլոր հայերի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղը ազգային հարց է: «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է», – հիշեցնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ծնունդով Ստեփանակերտից է:

Սեպտեմբերի 26-ին սահմանին ընդհարումների արդյունքում 4 զինվորի մահվանից հետո Երևանը սպառնում է Բաքվին, դրանից երկու օր անց՝ Ադրբեջանը հայտարարում էր իր 3 զինվորի մահվան մասին:

«Իշխանությունները շահագրգռված են պահպանել լարվածությունը»

Հրադադարի խախտման դեպքերի աճը, ինչպես նաև ծանր հրանոթային զենքերի գործածումը ոչ միայն շփման գծում այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի ուղղակի սահմանին՝ անհանգստացնում են օտարերկրյա դիվանագետներին: «Երկու երկրներում էլ իշխանությունները շահագրգռված են պահպանել լարվածությունը՝ ներքին խնդիրները՝ այդ թվում կաշառակերությունը թաքցնելու նպատակով», – ասում է Կովկասի մի մասնագետ:

Գազի և նավթի շնորհիվ հարստացած բռնատեր նախագահ Իլհամ Ալիևը չի հաշվում ադրբեջանական բանակը նորացնելու համար ծախսած գումարները՝ միաժամանակ շողոքորթելով հանրային կարծիքը, որը այդպես էլ չի մարսել ինքնիշխան նահանգի և դրան հարակից տարածքների կորուստը: «Մենք չունենք մեր հարևանի ֆինանսական հնարավորությունները, – հանգիստ նշում է Բակո Սահակյանը, – սակայն մենք պաշտպանում ենք մեր հողը և մեր գոյությունը»:

Հեղինակ՝ Օլիվիե Տալլես

Աղբյուրը՝ Artsakhpress.am:

Տեսանյութեր

Լրահոս