
«Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքները փոփոխության կենթարկվեն

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները:
Ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կկանոնակարգվի քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2016 և 2017 թվականներին ՀՀ պետբյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները:
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: