
Շիրակի մարզում կկառուցվի անասնաբուժական սպասարկման կենտրոն

Շիրակի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Փանիկի համայնքին պատկանող հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշում: Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:
Գործադիրն «Էրեբունի» պետական արգելոցի պահպանության բնականոն գործընթացն ապահովելու համար հաստատել է արգելոցի սահմանների նկարագիրն ու տարածքի չափը: Անհրաժեշտություն է առաջացել արգելոցի տարածքներն ընդլայնել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 24,87 հա անտառային ֆոնդի և 6.6434 հա գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին` փոխելով դրանք հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի:
Կառավարությունն ընդունել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպման մասին» որոշում, որի նպատակն է հանրությանն ընձեռել լողափից անարգել օգտվելու և հանգիստը կազմակերպելու հնարավորություն: Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում նախատեսվում է ստեղծել հերթական հանրային լողափ: