Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը՝ Աբովյանի ծննդատանը տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

Վերջին օրերին Աբովյանի ծննդատանը տեղի ունեցած դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում զանազան մեկնաբանություններ են տրվում։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին ծննդատուն է ընդունվել 28-ամյա կին՝ հղիություն 39-40 շաբաթական, խառը հետույքային առաջադրություն, ծննդաբերության առաջին շրջան ախտորոշմամբ։ Ժամը 23.10-ին նորածինը դուրս է բերվել առանց կենդանածնության նշանների, պարանոցի շուրջը պորտալարի պինդ փաթաթումով: Ըստ որոշ լրատվամիջոցների իբր մահացած նորածինը դրվել է ծննդկանի կրծքին։ Տեղեկացնում ենք, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ինչը փաստում է տվյալ պահին ծնարանում գտնվող ողջ անձնակազմը:

Ներկա են եղել մանկաբարձական բաժնի վարիչը, հերթապահ մանկաբարձ գինեկոլոգը, կնոջ հղիության ողջ ընթացքը հսկող տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, հերթապահ մանկաբարձուհին և հերթապահ նեոնատոլոգը, ով ելնելով այն հանգամանքից, որ դեռևս ծննդաբերությունից 10-15 րոպե առաջ պտղի սրտի զարկերը հատուկենտ են լսվել, անմիջապես ամբողջ ծավալով իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ։

Հետևաբար նորածինը չէր կարող գտնվել մոր կրծքի վրա: Մարզպետարանը և ծննդատան ողջ անձնակազմը ցավակցում են ծննդկանին և հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են բժշկական բոլոր փաստաթղթերը: Բոլորին խնդրում և հորդորում ենք սպասել քննության արդյունքներին և առանց հիմնավորումների գնահատականներ չտալ։

Կոտայքի մարզպետարանի հաղորդագրություն

Տեսանյութեր

Լրահոս