
Կենսաթոշակառուների բեռը կթեթևանա՞

Իրավական ակտերի պարզեցման, տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրություն է անցկացնում սոցիալական, մասնավորապես, կենսաթոշակային ոլորտում: Մասնավորապես, գործող կարգի համաձայն, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու կամ բանկը փոխելու ցանկության դեպքում, կենսաթոշակառուից պահանջվում է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին: Մինչդեռ, նույն կարգի համապատասխան ենթակետով պահանջվում է բանկում բացված բանկային հաշիվը: Սա նշանակում է, որ կենսաթոշակառուն մինչև կենսաթոշակ նշանակող մարմին գնալը պետք է դիմի միանգամից բանկ՝ բանկային հաշիվ բացելու և կենսաթոշակային պլաստիկ քարտ ստանալու նպատակով: Պահանջը հանելու կամ հստակեցնելու պարագայում կկրճատվի գործընթացի մեկ քայլ, ուստի նպատակահարմար է, որ պահանջվող փաստաթղթերի ցանկը բանկերը տեղադրեն իրենց պաշտոնական կայքերում, ինչը կթեթևացնի նաև բանկի՝ հաճախորդների վրա ծախսվող ժամանակը: Առաջարկված օրենսդրական կարգավորմամբ կկրճատվի վարչարարությամբ կենսաթոշակառուի վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները: Արդյունքում՝ կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսերից և քաշքշուկներից:
ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև իրավապահ մարմինների ոլորտի կարգավորումները և ներկայացրել առաջարկություններ: Ըստ այդմ առաջարկվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրամադրել անժամկետ, ինչը կնպաստի ձևական բնույթ կրող գործընթացների կրճատմանը: