Ինչ ուղերձներ կային Սերժ Սարգսյանի ելույթում
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին` Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես` ՀՀ, այնպես էլ` ԼՂՀ սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Նա ասել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում, Հայաստանին այլ ընտրություն չի մնում, քան իրականացնել անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագահի ելույթում արտացոլվեց այն, ինչ որ պետք է ասվեր, բնականաբար, և միջազգային հանրությանն էր հիմնականում կոչ արվում, որ ևս մեկ անգամ հավասարություն չդրվի և գնահատականները ճիշտ դրվեն, թե որ կողմն է հիմնականում շահագրգռված ագրեսիայում: Ըստ նրա՝ Ադրբեջանի գործողություններին կարելի է նաև ավելի խիստ գնահատական տալ՝ տեռորիստական, հաշվի առնելով այս վերջին օրերին խաղաղ բնակչության դեմ կատարված գործողությունները. «Ինձ թվում է, որ և՛ միջազգային հանրությունը, և՛ Մինսկի խմբի համանախագահները պետք է հետևություններ անեն: Սպասենք արձագանքին: Ինձ թվում է՝ ամեն ինչ ասված է տեղին և հասկանալի: Եվս մեկ անգամ մենք ցանկանում էինք, որ իրողությունը կարողանանք մատուցել, և այն տրամաբանական շարանը, որ նախագահը ներկայացրեց, պետք է նաև հետևել տրամաբանությանը»:
Վ.Բաղդասարյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Վեհաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանը նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ պետք է ունենա, կան նաև հանդիպումներ, որ մամուլով չեն հրապարակվել, և ավելի հստակ կարելի կլինի խոսել նախագահի վերադարձից հետո:
Իսկ ի՞նչ գործնական քայլեր կարող են հետևել հայտարարություններին: Ըստ Վ.Բաղդասարյանի՝ և՛ Ռուսաստանի արտգործնախարարի, և՛ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահի հայտարարությունների մեջ կային դիտարկումներ, որ ղարաբաղյան հարցում կլինեն նոր մոտեցումներ. «Կսպասենք նաև, թե երկու արտգործնախարարների հանդիպման արդյունքում ՄԽ համանախագահներն ինչ արձագանքներ կտան»:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ չի կարելի ասել, որ Ս.Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Վեհաժողովում ինչ-որ մի կարևորագույն արժեք կներկայացնի, ինչ-որ մի բան է բնորոշում, քանի որ կա անցած տարիների փորձը, որը շատ ավելի խոսուն է, քան ցանկացած ելույթ՝ ցանկացած բարձր ամբիոնից. «ՄԱԿ-ի համապատասխան նստաշրջանն էր, համապատասխան ելույթներ էին ունենում, նախագահն էլ, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, իր ելույթն ունեցել է»:
Ա.Բադալյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի կապակցությամբ բացարձակ ոչ մի արձագանք չի կարելի սպասել. «Այդ իրավիճակը նրանից չէ, որ նախագահը ելույթ չէր ունեցել, կամ բոլորը սպասում էին, թե ինչ ելույթ պետք է ունենա, որ սահմանային լարվածությունը վերանա: Սահմանային լարվածությունը նրանից է, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, իսկ ԼՂ խնդիրը ելույթներով չի որոշվում: Դա գործողություններով է որոշվում»:
Ա. Բադալյանը նշեց, որ միջազգային մակարդակով հարց լուծողների համար այսօր թիվ մեկ խնդիրը, ինչպես ցույց տվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների ելույթները, հանդիսանում է Սիրիան և անգամ Ուկրաինան, որտեղ վերջերս շատ կատաղի մարտեր էին ընթանում, այլևս առաջնային չէ. «ԼՂ խնդրով հետաքրքրված են Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, որի հյուսիսային սահմանն է, Մինսկի խմբի եռանախագահներն են աշխատում այդ ուղղությամբ, և նրանք չեն էլ կարող իրենց ուշադրությունը շեղել այդ հարցերից, բայց սա թիվ մեկ խնդիր չի կարող դառնալ՝ նախագահի ելույթով պայմանավորված: Դա կոնյունկտուրային բնույթ կրող խնդիր է, այսինքն՝ կախված զուտ նրա խաղացողներից, Ադրբեջանի և Հայաստանի հարցեր լուծել չկարողանալու կամ չցանկանալու խնդիր է, և համաշխարհային քաղաքականության մեջ շատ վաղուց առաջին տեղը չի զբաղեցնում»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանի ելույթի արդյունք կամ հետևանք կարող է լինել միայն ու միայն հետագա հետևողական աշխատանքի շնորհիվ: Ըստ նրա՝ ելույթը շատ ճիշտ կառուցվածք ուներ, ամենասկզբից անդրադարձ կատարվեց ընդհանուր մարդկության բոլոր հիմնական խնդիրներին, ապա Ս.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, բարձրաձայնեց ԼՂ խնդրի հետ կապված այսօրվա իրավիճակը: Թ.Պողոսյանի կարծիքով՝ այս իմաստով բոլոր հայկական մարտահրավերները, շահերը ներկայացվել են, խնդիրը մնում է, թե դրանից հետո ինչպես անենք, որ բոլոր այս պատկերացումները ճիշտ ընկալում ունենան աշխարհի բոլոր կողմերում: Նրա խոսքով՝ այստեղ պետք է աշխատի ՀՀ դիվանագիտությունը, նաև՝ խորհրդարանական, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչպես նաև` մամուլը. «Կկարողանա՞նք տեղ հասցնել, կկարողանա՞նք այնպես անել, որ այս ընկալումները ճիշտ լինեն ներկայացված, ուրեմն նաև անպայման կունենանք և՛ հետևանքներ, և՛ արդյունքներ: Չե՞նք անի, ուրեմն մենք մեզ պետք է մեղադրենք մեր անգործության մեջ»:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի գնահատականով՝ նախագահի ելույթում շատ կարևոր և հաճելի էր այն, որ չկար Եվրասիական տնտեսական միության մասին խոսակցություն, որ նախագահի ելույթը կառուցված էր համամարդկային արժեքներին բավականին մոտ, պաշտպանության խնդրի մասին էր, և այլն, այսինքն՝ հարցեր, որոնք ընկալելի են ՄԱԿ-ում: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Սերժ Սարգսյանի ելույթը չեզոք և դրական էր:
Ա. Ենոքյանի խոսքով՝ Ս.Սարգսյանի ելույթը չպետք է անդրադառնար այս օրերին տիրող սահմանային լարված իրավիճակի հետ կապված ձեռնարկվելիք գործնական քայլերին: Նա նշեց, որ հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է կուլուարային ակտիվ աշխատել, և դա կարող է ազդել սահմանային իրավիճակի վրա:
Մեր հարցին, թե հայկական կողմի հակահարձակ գործողությունները կզսպե՞ն Ադրբեջանին, Ա. Ենոքյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե այդ գործողությունները որքան ինտենսիվ և ռազմատեխնիկական առումով որքան գրագետ կլինեն. «Այսինքն, ըստ նրա՝ մեր գործողություններով վախեցնելը կարծես արդյունքի չի բերում: Պետք է տեսնենք այդ գործողությունները, և որքանով համարժեք ու ավելի կլինեն ադրբեջանական գործողություններից, դրանով կորոշվի հետագա իրողությունը: Դրանք հարցեր են, որոնց վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվում, փակ ինֆորմացիա է»: