«Եթե ունես ինչ-որ փամփուշտներ՝ պետք է փորձես դրանք օդ չկրակել». Կարեն Բեքարյան

ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին օրերի քայլերը մի քանի հասցեատերեր ունեն՝ արևմտյան կառույցներ, եվրոպական, ամերիկյան գործիչներ, ադրբեջանցի ժողովուրդ, և ունեն սեփական խնդիրներից ուշադրությունը շեղելու խնդիր:

– Պարոն Բեքարյան, Ադրբեջանի վերջին քայլերին ի՞նչ որակում կարելի է տալ: Ինչո՞ւ սկսեցին խաղաղ բնակչության վրա նման տեխնիկա կիրառել:

– Շատ ծանր որակումներ, այսինքն՝ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած «ալիևյան կլանը» ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային կյանքն իր համար արժեք չունի: «Մարդկային կյանքն» ասում եմ լայն համատեքստում, չեմ առանձնացնում ազգությունը: Շատ մեծ խելք ու տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, որ, եթե դու փոխում ես կիրառվող զինատեսակները, ապա քո դեմ էլ կփոխեն, երբ դու սկսում ես հարված հասցնել թիկունքին, ապա քո թիկունքին էլ կհարվածեն, երբ անցնում ես խաղաղ բնակչության ռմբահարմանը, նույնը քեզ էլ կանեն, եթե դիմում ես սադրանքի՝ մարդկային կյանքերի վրայով անցնելով, նույնը քեզ կանեն: Ընդհանրապես չդնելով ազգային պատկանելության խնդիր՝ նա ցույց է տալիս մի պարզ բան. արդեն հասել է այն աստիճանին, որ իր համար մարդկային կյանքը՝ որպես արժեք, չի գործում: Իրականում այստեղ միջազգային հանրությունը շատ մեծ մտածելիք ունի, որովհետև, երբ նա այդ մարդկային կյանքերի միջև եղած ազատություններն ու իրավունքներն էր սահմանափակում, վերջը դա պետք է բերեր-հասցներ այսպիսի բանի: Ախորժակն ուտելիս է բացվում, բացվում-բացվում է, ու կամաց-կամաց այդ ցինիզմն ու լկտիությունը հասցնում է նրան, ինչ որ մենք այսօր ունենք:

– Այս քայլերով Ալիևն ո՞ւմ է մեսիջ հղում: Կարծիքներ կան, որ Արևմուտքին՝ կապված իր դեմ կիրառվող պատժամիջոցների հետ: Նաև ասում են, որ սա ներքին լսարանի ուշադրությունը շեղելու համար է արվում:

Կարդացեք նաև

– Ես այս դեպքերում միշտ ասում եմ, որ չի կարելի մի կողմն առանձնացված դիտարկել, որովհետև սա գործոնների խումբ է: Խնդիր համար մեկ. շեղել սեփական հասարակության ուշադրությունը մի քանի խնդիրներից: Առաջինը՝ սոցիալ-տնտեսական իրավիճակն Ադրբեջանում, մանաթի անկումը, տնտեսական բացասական միտումները ցույց են տալիս, որ ադրբեջանական տնտեսական հոզորության մասին այդ ամբողջ պատրանքը միֆ է, և սեփական հանրությունը սկսում է դրան արդեն ուրիշ աչքերով նայել: Երկրորդ էական հանգամանքը՝ շեղել սեփական հանրության ուշադրությունը երկրի ներսում տիրող դեպրեսիաներից: Տեսեք քաղբանտարկյալների քանակը, տեսեք՝ ինչպես է ուղղակի «սրբած» ընդդիմադիր դաշտը, և դա արդեն ոչ թե՝ քաղաքական կուսակցությունների մակարդակով, այլ մինչև անհատ բլոգերներ կամ սոցցանցերի ակտիվիստներ, ուր մնաց՝ վերլուծաբան, լրագրող, քաղաքական գործիչ և այլն: Այդ «սրբած» դաշտով պետք է գնա ընտրությունների: Այսինքն՝ կա ուշադրությունը շեղելու խնդիր: Երրորդ էական հանգամանքը՝ վերջապես ինչ-որ արևմտյան կառույցներ, եվրոպական, ամերիկյան գործիչներ և այլն, բավականին երկար «համեստաբար» լռությունից հետո, սկսեցին իրերն իրենց անունով կոչել՝ ժողովրդավարական գործընթացի հետ կապված: Դրա վառ օրինակներից էր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հրաժարվելն ընտրական գործընթացին մասնակցելուց: Հիմա սա էլ է, չէ՞, աճում. այս աղմուկը մեծանում է, սրանից էլ ուշադրություն շեղելու խնդիր կա: Ո՞ւր շեղեր այդ ուշադրությունը. դեպի արտաքին գործոն, դեպի արտաքին հակամարտություն, որպեսզի հետո օգտագործեր իր կողմից բազմիցս տարբեր ժամանակներ օգտագործված պատրվակը՝ ով մեր դեմ խոսում է, մենք պատերազմի մեջ ենք, ազգի դավաճան է, որպեսզի դրանով ընտրությունների փուլը սահուն անցնի:

Խնդիր համար երկու, որը դարձյալ դեպի սեփական հանրություն մեսիջ է պարունակում: Այսինքն՝ երբ դու տասնամյակներ կողոպտել ես քո սեփական հանրությանը և այդ կողոպտելու տարբերակը տեսել ես նրանում, որ զինվում ես, որպեսզի ունենաս այնպիսի գերակշռում, որ կարողանաս պատերազմը հաղթել հարկ եղած դեպքում, և, եթե բանակցություններն արդյունք չեն տալիս, պատերազմով վերականգնել, և այլն, հանրությունը սկսել է չհավատալ դրան: Առաջին հերթին՝ սրա հետ եմ կապում նաև այդ զինատեսակների փոփոխումը: Ցույց են տալիս, թե, տեսեք՝ հզորացել ենք, տեսեք՝ նրանց կենդանի ուժին ինչ վնասներ ենք տալիս, ինչ հարվածներ ենք հասցնում, և այլն: Իրենց էլ փորձել են պայմանականորեն ապահովագրել՝ փակելով սոցհարթակները, մեդիահարթակները, ու փորձում են ստացած կորուստներն ամեն կերպ փակ պահել:

Հանքահումքային ռեսուրսների հաշվին, եթե նա պետք է լինի ավելի հարուստ, քան մենք, Վրաստանը և մի քանի ավելի փոքր պետություններ, ո՞րն է դրա պարզ արտահայտումը. պրոյեկտումը հանրության վրա: Շարքային ադրբեջանցին պետք է ապրի մեզնից յուրաքանյուրին ու վրացուն իրար գումարած՝ ավելի լավ, ապրո՞ւմ է, չէ: Այսինքն՝ սեփական հանրությանդ ինչքան էլ ճնշես, ինչքան էլ փորձես բռունցքի քաղաքականություն վարել, և այլն, և այլն, բաց աշխարհ է, նա տեսնում, հասկանում է, ինֆորմացիան ստանում է: Այսինքն՝ այս տրամադրություններն ունեն էական առաջմղման, հանրության մեջ տարածման խնդիր: Այս ամենը միասին բերում են նրան, ինչին որ մենք ականատես ենք լինում: Մի հատ էլ ձեռքի հետ փորձ՝ կարո՞ղ է միջազգային հանրությունն այնքան թույլ և անատամ գտնվել, որ սրա ներքո փորձի ինչ-ինչ դիվիդենտներ քաղել:

– ՀՀ իշխանություններն Ադրբեջանի կողմից կիրառվող զինատեսակներից հատկապես նշում են միայն թուրքականը, իսկ մյուս երկրներից գնվածն ինչո՞ւ չեն նշում. ինչ-որ բա՞ն են կոծկում:

– Ինձ թվում է՝ սա իր մեջ ավելի շատ տեխնիկական էլեմենտ ունի: Մնացած զինատեսակների մասին քանի որ ժամանակին շատ է գրվել ու ասվել, սա նոր ի հայտ եկած զինատեսակ է, ավելի մեծ ուշադրության է արժանանում: Մյուս կողմից՝ սրանով նաև Թուրքիայի ապակառուցողական վիճակը, որ միշտ հայտարարություններն ուրիշ են, բայց իրականում զինատեսակների մեջ նրա որոշակի առկայությունը կա, և այդ զինատեսակների տակ միայն ֆիզիկական առկայությունը չէ, այլ ինստրուկտորների էլեմենտներ էլ կան: Դրա համար այդ սևեռվող էլեմենտը մենք տեսնում ենք:

– Ռուսաստանը՝ որպես ռազմական դաշնակից, որքանո՞վ է կատարում իր պարտականությունները՝ հաշվի առնելով ոչ միայն ՀԱՊԿ կառույցը, այլև 1997-ի Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որը նույնպես նախատեսում է, որ, եթե Հայաստանի հանդեպ որևէ գործողություն լինի, Ռուսաստանը պարտավորվում է անմիջապես միջամտել Հայաստանի կողմից, և՝ հակառակը:

– Մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք և, բնականաբար, եթե դիմենք ՀԱՊԿ-ին՝ ասելով, թե կա ագրեսիա, աշխատեցրեք ձեր ինստիտուտները, գոնե իրավապայմանագրային դաշտով ՀԱՊԿ-ն դա պետք է անի: Բայց մենք դիմե՞լ ենք՝ ո՛չ: Անմիջական որևէ գործողություն անելու, կազմակերպելու համար՝ պետք է լինի քո հայտը: ՀՀ-ն այդ հայտը չի տալիս: Կարող է՝ մեր քաղաքացիներից լինեն մարդիկ, որ ասեն՝ ինչո՞ւ չի տալիս, կարող է՝ լինեն մարդիկ՝ ասեն՝ ճիշտ է անում, որ չի տալիս, բայց դեռևս մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համարում է, որ կարողանում է իրավիճակին ինքնուրույն տիրապետել այնքան, որ գործընկերների և դաշնակիցների՝ պրոցես մուտք գործելու կարիքը դեռևս չկա: Կարելի է վիճել՝ ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սխալ, բայց այս հարցն իր տակ բավականին փակ խողովակներ ունի: Այսինքն՝ քաղաքական այնպիսի ենթատեքստեր ունի, որ ես ուղղակի կցանկանամ արտահայտել հետևյալ միտքը. եթե ՀԱՊԿ-ին չենք դիմում, դա լավ հաշվարկված է, ու խնդիրն այն չէ, որ մենք կդիմենք ու կմերժվենք, այլ՝ ամեն ինչ՝ իր ժամանակին: Փորձը ցույց է տալիս, որ մենք գոնե հիմա չենք տեսնում տենդենց, որ գործընթացը գնում է դեպի ավելի ապառազմականացում: Հետևաբար՝ եթե ունես ինչ-որ փամփուշտներ, պետք է փորձես դրանք օդ չկրակել:

– Այդ դեպքում նախագահի հայտարարությունն ո՞ւմ էր ուղղված, երբ ասում էր. «Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրն այս հանցագործությունները կատարողների նկատմամբ: Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհն ավելի գործուն մեխանիզմներ չի կարողանում գտնել»:

– Սա չեմ համարում ՀԱՊԿ-ին ուղղված, սա ավելի շատ Մինսկի խմբի համանախագահությանն էր ուղղված, որովհետև, եթե խրոնոլոգիայով նայենք, հաջորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական համահարթեցված, լղոզված հայտարարությանը, այն էլ՝ այն պարագայում, որ էսկալացիան բավականին կարևոր փուլ է մտած՝ թե՛ զենքերի տեսակների առումով, թե՛ արդեն բնակավայրեր խփելու առումով, և սա ավելի շատ արձագանք է դրան: Ես սա չեմ դիտարկում ՀԱՊԿ-ի կոնտեքստում:

Եթե մանդատ ունեցող միջազգային կառույցը՝ ԵԱՀԿ-ն, ի դեմս Մինսկի խմբի համանախագահության, ոչ թե փորձում է իրերն իրենց անունով կոչել, այլ՝ իր մշտական գործելաոճով շարժվել՝ անընդհատ ամեն ինչը համահարթեցնելու, հետևաբար՝ ստացվում է, որ մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, ինչպես միշտ արել ենք, իսկ հիմա դրա մասին բարձրաձայնում ենք: Սա ավելի շատ սթափեցնող կոչ էր և իր տակ պարունակում էր շատ էական էլեմենտ՝ աչքի առաջ ունեցեք, որ եթե վաղն ավելի մեծ սրացումներ լինեն, պատասխանատվությունն ո՞ւմ վրա պետք է լինի: Սադրանքն արվեց, սադրանքը շարունակվում է, այն համարժեք արձագանքների չի բերում, ու ի՞նչ պետք է անենք: Ես հայտարարությունն այս կոնտեքստում եմ դիտում:

– Իսկ ի՞նչ քայլերի պետք է դիմենք:

– Զսպիչ գործողությունների, ինչի մասին մի շարք անգամ հայտարարվել է նույն Պաշտպանության նախարարության կողմից, որի հետ կապված՝ նախագահն էլ որոշակի ասելիք ունեցավ դեռ մինչև Նյու Յորք մեկնելը: Այսինքն ՝ մենք կանգնած ենք այն իրավիճակի առաջ, որ այդ նույն՝ զինադադար պարտադրելու գործողությունների մեջ առկա կլինեն նաև կանխարգելիչ գործողություններ:

– Սա կարո՞ղ է վերաճել ռազմական լայնածավալ գործողությունների:

– Այդ հավանականությունը երբեք զրո չի եղել: Մենք պատերազմի հավանականությունը 1994-ից սկսած միշտ ունենք: Ինչ-որ փուլերի հետ այդ հավանականությունն աճում է: Հիմա այդ հավանականությունը սովորական միջինից ավելի բարձր է:

 

Տեսանյութեր

Լրահոս