
Բոլոր առումներով՝ իրար արժանի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Օբաման եւ Պուտինը «երկխոսեցին» Նյու Յորքում: Օբաման ասաց, որ Սիրիայի նախագահ Ասադը բռնապետ է, իսկ Ռուսաստանը զավթել է Ղրիմը, եւ նրան հասնում են պատժամիջոցներ, Պուտինն էլ ասաց, որ Միացյալ Նահանգները խառնել է ամբողջ Միջին Արեւելքը, փաստորեն զինել են «Իսլամական պետությանը» եւ զինված հեղաշրջում են կազմակերպել Ուկրաինայում: Ինչպես ասում են՝ իրար արժանի են, եւ նման դեպքերում երկու կողմերի մեղադրանքներում կան ճշմարտության տարրեր: Ինձ համար, ճիշտն ասած, փոքր-ինչ զարմանալի է այդ «մենամարտին» զուգահեռ ընթացող հայաստանյան բանավեճը, որի մասնակիցները «թռնում են իրար դեմքի»՝ պաշտպանելով իրենց կուռքերին: Իհարկե՝ շատ նորմալ է, որ քննարկվում են համաշխարհային լիդերների ելույթները:
Բայց ամբողջ ցավն այն է, որ դրանք քննարկվում են ոչ թե մեր՝ Հայաստանի շահերից, այլ այն տեսանկյունից, թե ո՞ր գերտերությունն է ավելի լավը, ճիշտը, արդարը: Վստահ եմ, որ այդ հարցադրումն ընդհանրապես սխալ է, իսկ գերտերությունների պարագայում՝ կրկնակի սխալ: Այստեղ, ի հեճուկս բոլոր գեղեցիկ խոսքերի, գործում է միայն մի իրավունք՝ ուժեղի իրավունքը: 21-րդ դարում այդ «ուժը» չափվում է նախեւառաջ տնտեսական հնարավորություններով:
ԱՄՆ-ը տնտեսական ներուժով այս պահին մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանին, եւ ամերիկացիները կարող են անել իրենց ուզածը Երկրագնդի շատ ավելի մեծ տարածքներում, քան Ռուսաստանը: Վերջինիս «ցանել-վարելու» համար մնացել են մի քանի երկրներ, այդ թվում նաեւ՝ մերը: Նույն՝ տնտեական տարբերությունների պատճառով Միացյալ Նահանգները ոչ մի մոտիվացիա չունի գնալու «նոր Յալթայի», ինչպես որ դա կցանկանար Ռուսաստանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: