«Մոտավորապես 2 միլիոն 700 հազար հոգի Shadowmatic է խաղում». Բագրատ Դաբաղյանը՝ հայկական արտադրության հայտնի խաղի մասին

Այսօր The Loft-ում տեղի ունեցավ հանդիպում Shadowmatic հայտնի խաղի համահիմնադիր Բագրատ Դաբաղյանի հետ: Նա ներկայացրեց խաղի ստեղծման նախապատմությունը, գրանցած հաջողությունները և խոսեց Apple-ի հետ համագործակցության մասին:

«Տրիադան գոյություն ունի 1993թ.-ից և մենք վերջին տասը տարիների ընթացքում ուզում էինք խաղերի հետ կապված պրոյեկտներ սկսել: Միշտ ինչ-որ բարդ նշաձող էինք դնում մեր առաջ, որը չէինք կարողանում հաղթահարել: Այդ ժամանակ մասնագետներն էլ էին քիչ:

3-4 տարի առաջ որոշեցինք էքսպերիմենտ անել ավելի մինիմալիստիկ պրոյեկտում՝ մոբայլ խաղերի ոլորտում: Ու ինչ-որ մի պահ, երբ ես զբաղվում էի գրաֆիկական շարժիչի ծրագրավորումով, մոտս ինչ-որ հետաքրքիր բարձր որակ ստացվես ios սարքերի տակ, որտեղ ստվերները շատ որակով էին, շատ էին տարբերվում շուկայում եղած խաղերի լուսավորությունից, գրաֆիկայից ու ստվերների որակից:

Խոսեցի կոլեգաներիս հետ (մեր լոկալ թիմը, որը զբաղվում էր խաղով, 4 հոգուց է բաղկացած), առաջարկեցի այսպիսի խաղ ստեղծել, որտեղ ստվերները կարևոր են, քանի որ ստվերների որակը մեզ մոտ տեխնիկապես բարձր էր: Իդեան մի քանի վայրկյանում արագ ծագեց, հետո զարգացավ ավելի բարդ ուղղությամբ: Դա էքսպերիմենտալ պրոյեկտ էր, այսինքն՝ մենք մտածում էինք 3-4 ամսում էքսպերիմենտ անել, տեսնել՝ ինչպես է լինում սկզբից մինչև վերջ խաղ պատրաստելն իր բիզնես մոդելով ու ամեն ինչով ստացվում: Բայց Տրիադայի բծախնդրության պատճառով՝ 3 ամիսը դարձավ 3 տարի, որովհետև 3 ամսից ինչ-որ մի բան ստացանք, բայց զգացինք, որ կարելի է ավելի լավը ստեղծել ու դա տևեց 3 տարի: 2015թ, հունվարի 14-ին խաղն արդեն թողարկվեց»:

Խաղի համահեղինակը նշեց, որ ըստ Game center-ի տվյալների՝ մոտավորապես 2 միլիոն 700 հազար հոգի Shadowmatic է խաղում. «Այսինքն՝ դրանք այն մարդիկ են, որոնք ռեալ խաղում են, ինչ-որ միավորներ ունեն և այլն: Վերջին 2 միլիոն թիվը ավելացել է նախորդ շաբաթ, երբ խաղը սարքեցինք անվճար: Ճիշտն ասած՝ սպասում էի, որ որոշ երկրներից շատ ներբեռնումներ կլինեն, երբ որ անվճար դառնա, բայց չէի սպասում, որ ԱՄՆ-ից ու այն երկրներից, որոնք մեր խաղի հիմնական սպառողներն են, օրվա ընթացքում հարյուր հազարներով կսկսեն ներբեռնել:

Խաղն անվճար է դառնում նրա համար, որ մեծ ներբեռնումներ ունենա , այսինքն՝ մեկը տեսնում է՝ ընկերը խաղում է, ուզում է ներբեռնել, թեկուզ արդեն անվճար չի լինում խաղը: Խաղն արժե 2,99 դոլար: Apple-ն էլ ամեն խաղին 1 անգամ է այդ հնարավորությունը տալիս. խաղը դառնում է շաբաթվա անվճար խաղը: Դա վերջին մի շաբաթում օգնեց, որ խաղն արագ տարածվի: 40 տոկոսով ներբեռնել են Միացյալ նահանգներից, շատ են ներբեռնում նաև Չինաստանից: Հայաստանում ներբեռնողների թիվը մի քանի հազար է»:

Բանախոսը նաև նշեց, որ թեև խաղը Adnroid-ների համար հասանելի չէ, բայց դա Apple-ը չի արգելել և ապագայում հնարավոր է՝ հասանելի լինի: Իսկ նոր նախագծեր ունեցողներին տվեց հետևյալ խորհուրդները. «Նախ կարևոր է իմանալ, թե ում հետ ես աշխատում. ընտրեք ձեր ամենամտերիմ ընկերներին ու նրանց հետ աշխատեք: Ցանկացած իդեա կարող է լավը լինել, եթե լավ իրականացվի, այսինքն ՝ իդեան այդքան կարևոր չէ, ինչքան դրա իրականացումը: Իրականացման ձևն ու որակը կարող են ապացուցել, որ ցանկացած իդեա լավն է»:

Խաղի մասին մանրամասներն՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս