«Կան մարդիկ, որոնց մարմնի վրա երաժշտությունը հզոր ազդեցություն ունի». Տիգրան Համասյան
Դեռ մանուկ հասակից՝ երկու տարեկանից, Տիգրան Համասյանը շատ է սիրել երաժշտությունը: Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազային երաժշտության նկատմամբ։ Եվ նրա կարևորագույն զբաղմունքներից մեկը ջազ լսելն էր։
Դաշնակահար Տիգրան Համասյանին հանդիպեցինք օրեր առաջ՝ իր ընկեր, նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցահանդեսի փակմանն ընդառաջ կազմակերպված միջոցառման ընթացքում: Նա իր անակնկալ այցով և կատարմամբ մեծ հաճույք պատճառեց հանդիսատեսին: Իսկ երբ հանդիպման ավարտին նրան մոտեցան լրագրողներն ու փորձեցին զրուցել նրա հետ, նա անհետացավ նույնքան անակնկալ, որքան անակնկալ և հայտնվել էր: «Ներեցեք, բայց ինձ ներքևում սպասում են» խոսքերով նա դուրս եկավ սրահից: Քիչ անց մենք Տիգրանին հանդիպեցինք արդեն մեկ այլ, այս անգամ արդեն՝ բարեգործական միջոցառման մասնակցելիս: Ի վերջո, մեզ հաջողվեց մի քանի րոպե զրուցել Տիգրանի հետ:
– Տիգրան հաճա՞խ եք խուսափում լրագրողներից:
– Դե, չէ…Նայած, թե ինչ լրագրողից:
– Ձեր ներկայությունը ցուցահանդեսին հաճելի անակնկալ էր: Եվ ի՞նչ անելիքներ ունեք Հայաստանում:
– Արդեն 3 թե 4 տարի է, ինչ Հայաստան եմ գալիս-գնում: Այս պահին Հայաստանում եմ, քանի որ պետք է փորձեր անենք՝ Երևանի պետական կամերային երգչախմբի հետ: Մեր նոր ձայնասկավառակը պետք է ներկայացնենք հոկտեմբերին՝ Եվրոպայում: Մյուս շաբաթվանից սկսում ենք փորձերը: Ձայնասկավառակն արդեն լույս է տեսել, մենք ուղղակի պատրաստվում ենք շնորհանդեսին՝ եվրոպական երկրներում: Բացի այդ, հոկտեմբերի 4-ին համերգ է լինելու «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Սոլո համերգ է լինելու, որի ժամանակ երեք հյուր եմ ունենալու բեմում. երկուսը՝ Հայաստանից, մեկը՝ Նորվեգիայից:
– Բեմում շատ էմոցիոնալ եք: Միշտ հետաքրքրել է, թե այն ապրումներն ու էմոցիաները, որոնք արտահայտում եք Ձեր դեմքի յուրաքանչյուր մկանով, ձեռքերի շարժումներով, երբեմն էլ՝ ամբողջ մարմնով, որքանո՞վ են «անհրաժեշտ» Ձեզ՝ նվագելիս:
– Տարբեր մարդկանց մոտ յուրովի է արտահայտվում զգացմունքային դաշտը: Մարդ կա՝ նվագելիս ընդհանրապես չի շարժվում, բայց այնպիսի հզոր էմոցիաներ են դուրս գալիս նրա երաժշտությունից, որ զարմանում ես: Կան նաև մարդիկ, որոնց մարմնի վրա երաժշտությունը հզոր ազդեցություն ունի:
– Կյանքում ևս էմոցիոնա՞լ եք, թե՞ միայն նվագելիս: Հանգիստ, հավասարակշռված մարդու տպավորություն եք թողնում:
– Ընդհանրապես մարդ պետք է բալանսի մեջ լինի: Ինչ վերաբերում է նվագող մարդուն, ապա էմոցիան, միտքը և տեխնիկան պետք է բալանսի մեջ գտնվեն՝ նվագելիս: Երաժիշտը պետք է կարողանա այդ ամենը ճիշտ ձևաչափի մեջ մատուցել, ներկայացնել:
– Երաժշտական դպրոց հաճախող երեխաների հետ ուսուցչուհին մեծ ուշադրություն է հատկացնում նաև ճիշտ մատադրմանը, ճիշտ կեցվածքին… Ըստ Ձեզ՝ դա ճի՞շտ մեթոդ է:
– Ես չեմ կարող միանշանակ պատասխանել այդ հարցին: Կա մարդ, ով հենց այդ տեխնիկայով պետք է սովորի նվագել, քանի որ նրան այդ տարբերակն է անհրաժեշտ: Ես համամիտ եմ, որ երաժշտական դպրոցի աշակերտները պետք է դասական կրթություն ստանան: Ինչ գործիք էլ որ նվագեն, պետք է սովորեն ճիշտ տեխնիկայով նվագել: Մարդ կա՝ սկսում է դասական ոճով, իսկ հետո ընդհանրապես փոխում է նվագելու իր ոճը: Բայց հիմքը պետք է ամուր դրված լինի:
– Որպես մարդ, ով երաժշտության աշխարհում կարողացել է զբաղեցնել իր ուրույն տեղն ու դերը, ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն երեխաներին, ովքեր չեն ուզում հաճախել երաժշտական դպրոց, և բոլորն այն ծնողներին, ովքեր պարտադրաբար տանում են այդ երեխաներին երաժշտական դպրոց:
– Եթե երեխան չի ուզում գնալ երաժշտական դպրոց՝ միգուցե պետք չէ՞ նրան այնտեղ տանել: Բայց եթե Դուք զգում եք, որ երեխան տաղանդ ունի, նրա մոտ ստացվում է, բայց նա, միևնույն է, չի ուզում գնալ երաժշտական դպրոց, դա արդեն այլ հարց է: Միգուցե պարզապես կամակորությո՞ւն է: Ուսուցչից ևս շատ բան է կախված: Մեծ նշանակություն ունի այն կարևորագույն հանգամանքը, թե որքանով է ուսուցիչը կարողանում երեխայի մոտ սեր ներշնչել երաժշտության հանդեպ: