Բաժիններ՝

Մեկնարկեց ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 11-րդ ուսումնական տարին

Այսօր հայտարարվեց Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը: Այս տարի ՔԴԵԴ-ն իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց իր 11-րդ դասարանի մասնակիցներին: ՔԴԵԴ-ի նոր ուսումնական տարվա սաներին ողջունեցին ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Մայր Աթոռի միաբան, ՔԴԵԴ շրջանավարտ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը:

ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանը ողջունելով ներկաներին՝ ասաց, որ անցած տարիների փորձառությունը ցույց է տալիս, որ ՔԴԵԴ-ում համախմբվում է երիտասարդ ինտելեկտուալների մի ստվար բազմություն, որոնք արդեն հասել են բանիմացության ու որակյալ մասնագետի համբավ ձեռք բերել իրենց գործունեությամբ:

«Դպրոցն իր նախորդ տասը տարիների առաքելությամբ փաստել է, որ դարձել է մի ասպարեզ, որտեղ հնարավոր է բաց, ինտելեկտուալ ու խորքային քննարկումներ իրականացնել: Դպրոցը գոյություն ունի այն պատճառով, որ Հայաստանը հայտարարել է իր՝ եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու նպատակադրման մասին: Մենք շատ ուրախ ենք, որ այն ցանցի մաս ենք, որը միավորում է 21 դպրոցներ ողջ Եվրոպայում և նույնիսկ Աֆրիկայի հյուսիսում: Այդ ցանցը մեզ տալիս է առաջին ձեռքից եվրոպական քաղաքականության իրական դրսևորումներին ծանոթանալու հնարավորություն»,- հայտարարեց Արմեն Զաքարյանը:

ՔԴԵԴ-ի տնօրենի խոսքով՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը հայաստանյան ամենակենսունակ ծրագրերից մեկն է, որն իրականացվում է եվրոպական կառույցների կողմից: ՔԴԵԴ-ն իր գործունեության ընթացքում միշտ կարողացել է բարեհաջող իրականացնել այն խնդիրները, որ դրել է իր առաջ, այսինքն՝ հնարավորություն տալ Հայաստանի ապագայով մտահոգ ինտելեկտուալ-երիտասարդական շրջանակներին նստել կողք կողքի, քննարկել արիական քաղաքականության խնդիրները, լսել մասնագետների ու այդ ամբողջի մասին ունենալ որոշակի պատկերացում, որը նրանց կօգնի՝ հետագայում ավելի գրագետ մոտեցումներ որդեգրել խնդիրների նկատմամբ:

Կարդացեք նաև

Իր հերթին, Պյոտր Սվիտալսկին, ողջունելով ներկաներին ու իր խոսքում կարևորելով ՔԴԵԴ-ի գործունեությունը՝ նշեց, որ երևանյան դպրոցը «հրաշալի արժեք է եվրոպական շարժման առումով»: Նրա խոսքով՝ Եվրոպան վերազգային ինքնության գործընթաց է, ավելի մեծ, քան Եվրոպական միությունն է, Եվրոպան մտածողություն է, իսկ որ Հայաստանն այդ Եվրոպայի անբաժանելի մի մասն է ու օրրանը, վկայում է փաստը, որ Հայաստանն առաջինն է դարձել քրիստոնեական երկիր: «Դուք պետք է հպարտ լինեք ձեր ինքնությամբ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

«Սա է, որ ՔԴԵԴ-ն իր 10 տարիների գործունեության արդյունքում փորձել է իրականացնել՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ երիտասարդները կարողանան արդիական քաղաքականության խնդիրները որակյալ քննության ենթարկել»,- ասաց Արմեն Զաքարյանը: Տարբեր տարիներին ՔԴԵԴ շրջանավարտներ են եղել ՀՀ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Շիրակ Թորոսյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, Վայոց Ձորի նախկին մարզպետ, ներկայում՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը, լրագրողներ Պետրոս Ղազարյանը, Արտակ Ալեքսանյանը և այլք:

ԵԽ հովանու ներքո գործող դպրոցը բացվել է 2005 թվականին: Քաղաքական դասընթացների 21 դպրոցներից երևանյանն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս