Ինչո՞ւ են Հայաստան այցելող զբոսաշրջիկների գերակշռող մասը մեծահասակներ
Զբոսաշրջության համաշխարհային օրվան ընդառաջ՝ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց Հայաստանում ներգնա և արտագնա զբոսաշրջության պատկերը:
«Համաշխարհային վիճակագրության տվյալներով՝ նախորդ տարի մոտ 1 մլրդ 150 մլն մարդ եղել է զբոսաշրջիկ. դուրս է եկել իր երկրից և այցելել այլ երկիր: Որոշ երկրների համար (խոսքը փոքր կղզային, կուրորտային երկրների մասին չէ) զբոսաշրջությունը եկամուտների համար բավականին լուրջ նշանակություն ունեցող ոլորտ է: Անցած տարի Ֆրանսիա է այցելել 85 մլն մարդ, եթե ամեն մեկը գոնե 1000 դոլար այնտեղ ծախսած լինի (տոմսի գումարը չհաշված), ապա նշանակում է՝ 85 մլրդ դոլար են աշխատել զբոսաշրջությունից: Նույնը վերաբերում է ԱՄՆ-ին, Չինաստանին, որոնք նույնպես ռեկորդակիր են զբոսաշրջիկների քանակով»:
Սոցիոլոգը նշեց, որ տուրիզմի զարգացումը պահանջում է ներդրումներ և պետական հովանավորություն, քաղաքականություն: Ըստ նրա՝ առանց դրանց՝ տուրիզմը երբեք չի կարող զարգանալ.
«Օրինակ՝ Վրաստանում ամեն ինչ անում են, որպեսզի հանգիստը մատչելի լինի: Այնտեղ այցելած 1 մլն 200 հազար զբոսաշրջիկների կեսն ադրբեջանցի է, մյուս կեսը թուրքերն ու հայերն են: Մոտ 150 հազար հայ ամեն տարի այցելում է Վրաստան: Գինն այնքան էժան է, որ Սևան գնալն ավելի թանկ է նստում, քան Բաթումում հանգստանալը: Սա հատուկ քաղաքականություն է»:
Ա. Ադիբեկյանն ընդգծեց՝ Հայաստան անցած տարի այցելել է մոտ 1 մլն մարդ, որից վիզայով են երկիր մտել ընդամենը 140 հազար մարդ, մնացած 860 հազարը հայկական անձնագրերով մեր հայրենակիցներն են, որոնք տարբեր երկրներում աշխատում են ու ամառվա ամիսներին վերադառնում են հայրենիք.
«Նրանք ապրում են կամ իրենց դատարկ մնացած տներում, ազգականների մոտ, կամ տուն են վարձում, բայց հյուրանոց երբեք չեն գնում: «Հիլթոնը», «Մարիոթը» և նման հյուրանոցային ցանցեր իրենց հյուրանոցն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իրենց ծառայություններից օգտվողների համար ունեն զեղչեր, զեղչվում է նաև ինքնաթիռի տոմսը, ինչը դառնում է զբոսաշրջիկներ ներգրավելու լավ միջոց»:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են Հայաստան այցելող զբոսաշրջիկների գերակշռող մասը մեծահասակներ, սոցիոլոգը պատասխանեց. «Մեծահասակներն առանձին են ապրում և թոշակ են ստանում, որը կուտակում են ու ամառվա հանգստի սեզոնին որոշ գումար են ունենում: Թոշակառուն այցելում է տուրիստական գործակալություն, և քանի որ նրանք աշխարհ տեսած են, այնպիսի երկիր են ուզում տեսնել, որն իրենց կհետաքրքրի:
Տուրիստական գործակալությունում նրան առաջարկում են այցելել Հայաստան: Ստեղծվում է խումբ, որի համար 30 տոկոսով զեղչվում է ավիատոմսերի, տուրիստական ծառայությունների գները: Արտասահմանում ինքնաթիռի տոմսը եթե 30 տոկոսով է սպառված, արդեն եկամտաբեր է, մնացած 60 տոկոսը զեղչերի տեղերն են: Դրա համար իրենց համար դա էժան է: Մեծահասակների համար Հայաստանը հետաքրքիր է: Երիտասարդը գա Հայաստան՝ ի՞նչ անի: Չունենք զարգացած սեքս-տուրիզմ, հատուկ փառատոներ, որ աստղերը գան և իրենց հետ բերեն երկրպագուների բանակ, չունենք ակումբային ցանց, գա ի՞նչ անի: Օպերային կից սրճարանում նստի սուրճ խմի՞, դա կարող է իր երկրում էլ անել»: