Ռուսական քարոզչությունը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններն ունեն նաև քարոզչական բնույթ: Խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից սեփական հանրության համար իրականացվող քարոզչության մասին է: Քարոզչության բաղադրիչներ առկա են նաև հայկական կողմում: Բայց եթե ադրբեջանական՝ ներքին լսարանին ուղղված քարոզչությունը երկրում ստեղծված իրավիճակն արդարացնելու հերթական անիմաստ փորձն է, ապա հայկական կողմում քարոզչությունը կարծես թե այլ նպատակ ունի և արդարացնում է, առաջին հերթին, մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանին, որն արդեն տևական ժամանակ դարձել է Ադրբեջանին զենքի «ռազմական մատակարարը»:
Մինչ հայ հանրության ու փորձագիտական շրջանակներում ավելի ու ավելի շատ է քննարկվում հարցը, թե դեռ որքա՞ն պետք է Ռուսաստանն Ադրբեջանին զենք մատակարարի, ու դեռ քանի՞ հայ զինվոր ու խաղաղ բնակիչ պետք է սպանվի այդ զենքից, մեր համապատասխան կառույցները հաջողացնում են «համոզել», որ Հայաստանի ու Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանը կրակում է ոչ ռուսական զենքից:
Օրինակ, այսօր ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասն նկարագրել է, թե ինչ զինատեսակներից է անցած գիշեր ադրբեջանական կողմը խախտել հրադադարի ռեժիմը՝ հատուկ շեշտելով, որ «հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 /12 արկ/տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ»:
Այն, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են կիրառել և կիրառում են թուրքական արտադրության զինատեսակներ՝ ամենևին նորություն չէ, և ոչ էլ դրա հիշատակումը որևէ բան է փոխելու թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին հայ հասարակության տրամադրություններում: Խնդիրը, սակայն, այն է, որ շեշտելով «թուրքական արտադրությունը»՝ փորձ է արվում ցույց տալ, թե Ադրբեջանը հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանում է ոչ ռուսական զենքով: Այս քարոզչական հնարքի արդյունավետությունը, իհարկե, մեղմ ասած, կասկածելի է, սակայն ակնհայտ է, որ այսպիսով հայկական կողմը շարունակում է ծառայել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն ընդամենը որպես բիզնես ներկայացնելու քարոզչությանը:
Դեռևս այս տարվա ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը խնդիր է, և այդ խնդիրը պետք է լուծվի, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը հոգեբանորեն մտածում է, որ իրեն կարող են սպանել այդ զենքով: Անցած ամիսները ցույց տվեցին, որ այդ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև ավելի է խորացել, ինչի վկայությունն էր սեպտեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցը, որի ընթացքում նա Ադրբեջանին առաջարկում էր գնել ռուսական զենքի հերթական խմբաքանակը: