«Որոշակի փուլում ԼՂ իշխանությունները պետք է դառնան բանակցային գործընթացի ամբողջական կողմ». Ջոն Էվանս

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամլո ասուլիսում ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և վերջին շրջանում սահմանային իրավիճակի լարվածությանը, հայտարարել է. «Ոչ միայն հրադադարի խախտումների հանգամանքը, այլ նաև այն փաստն է արդեն անհանգստացնող, որ այդ բռնությունները տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին` Տավուշի և Նախիջևանի հատվածներում»:

Նրա խոսքով՝ լայնածավալ պատերազմի վերաճման հավանականությունը միշտ էլ կա և այն կարող է ավելի կործանիչ հետևանքներ ունենալ, քան 90-ականների սկզբում էր: Սակայն, դիվանագետի խոսքով, ոչ ոք չի ուզում դա` առավել ևս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:

Նա հայտարարել է, որ Մինսկի խմբի ֆորմատին այլընտրանք չկա, թեև կարգավորման հարցում հաջողության հասնելը կախված է առավելապես հակամարտության կողմերից:

«Բանակցային գործընթացում առաջընթացի դանդաղությունը հիասթափությունների պատճառ է դառնում շատերի համար, բայց պետք է ընդունել, որ դիվանագիտությունը ժամանակատար գործընթաց է: Երկու կողմերն էլ փոխհամաձայնության գալու անհրաժեշտություն ունեն, և որևէ կողմ չի կարող ստանալ այն ամենը, ինչ ինքը ցանկանում է: Որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է մտնեն բանակցային գործընաց` որպես ամբողջական կողմ»,- նշել է Ջ. Էվանսը:

Տեսանյութեր

Լրահոս