«Ո՞ւմ է պետք այնպիսի դաշնակիցը, որը քեզ հետ շանտաժի լեզվով է խոսում». Մուշեղ Մկրտչյան

Հարցազրույց ՆԱՏՕ-ի քաղաքական կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ, դիվանագետ Մուշեղ Մկրտչյանի հետ:

– Սա պատերա՞զմ է, թե՞ ոչ: Ինչպե՞ս կարելի է բնութագրել իրավիճակը սահմանին:

– Իրավիճակը սահմանին կբնութագրեի՝ որպես սադրանք, որը նաև ռազմական հանցագործություն է, քանի որ նույնիսկ պատերազմական ժամանակներում խաղաղ բնակչության միտումնավոր գնդակոծումը համարվում է ռազմական հանցագործություն: Հուսով եմ՝ այդ սադրանքը պատերազմի չի վերածվի: Սակայն լարվածության աճի հետագա կանխման համար դիվանագիտական ջանքեր են պահանջվում, և, որ ամենակարևորն է՝ Հայաստանը պետք է դիմի նախ և առաջ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներին՝ դատապարտող հայտարարություն ընդունելու համար, որպեսզի հակառակորդը զգա Հայաստանի դաշնակիցների (եթե նրանք իսկապես դաշնակից են) ճնշումը և նոր միայն դիմի միջազգային հանրությանը՝ որպես լրացուցիչ քայլ, քանի որ միջազգային հանրությունն էլ իր հերթին՝ նման իրավիճակներում հետևում է, թե ինչպես են արձագանքում տվյալ երկրի դաշնակիցները և այն կառույցները, որի անդամ է այդ երկիրը:

– Կարծիքներ կան, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, ու իր վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ այդ հայտարարությունը: Այս պարագայում արդյո՞ք ՀԱՊԿ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա:

– Այդպիսի կարծիք, որ, եթե Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, և նրա վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ ՀԱՊԿ-ի դատապարտող հայտարարությունը, մի քիչ տարօրինակ է լսել, մանավանդ պաշտոնատար անձանց կողմից, ովքեր պետք է շատ լավ ծանոթ լինեին ՀԱՊԿ-ի կանոնադրությանը, որի անդամն է Հայաստանը, և ընդհանրապես միջազգային հարաբերություններին:

ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածում ասվում է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի՝ որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»:

Այսպիսով՝ եթե առաջին հերթին՝ ոչ ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի իր անդամ սուվերեն պետության տարածքի ռմբակոծությանը, ապա էլ ո՞վ: Բացի դրանից, դաշինքը հենց նրա համար է ստեղծվում, որ իր անդամներին պաշտպանի դաշինքի անդամ չհանդիսացող պետություններից: Օրինակ՝ եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ մի երկիր նման ինչ-որ սադրանքի է ենթարկվում, ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքում է, և, երբեք այդ հարցը չի առաջանում, որ այն երկիրը, որը ՆԱՏՕ-ի անդամին սադրանքի է ենթարկել՝ ՆԱՏՕ-ի անդա՞մ է, թե՞ ոչ, և՝ նրա վրա ազդեցություն կունենա՞, թե՞ չի ունենա: Հենց այդ կազմակերպության հեղինակությունն այն է, որ իր ամբողջ հեղինակությամբ միջոցներ ձեռնարկի, նախ և առաջ՝ հայտարարության տեսքով, հետո նաև այլ գործուն միջոցներով՝ իր անդամին պաշտպանելու համար: Նույնը կարելի է ասել և ՀԱՊԿ-ի դեպքում: Հայաստանը ՀԱՊԿ-ի բազմաթիվ հայտարարությունների է միացել, որոնք առնչություն են ունեցել ՀԱՊԿ-ի ոչ անդամ երկրներին: Այդ դեպքում ինչո՞ւ այդ հարցը չի առաջացել՝ արդյո՞ք ազդեցություն կունենա ՀԱՊԿ հայտարարությունը, եթե այն սուբյեկտը, որին ուղղված է դա, ՀԱՊԿ անդամ չէ:

– Իսկ այս կոնտեքստում ի՞նչ պետք է անի ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):

– Հիմա Հայաստանը հենց ՀԱՊԿ նախագահող երկիր է: Այսինքն՝ հենց տվյալ ժամանակահատվածում՝ հանդիսանալով ՀԱՊԿ նախագահող, առաջին հերթին՝ այդ լծակները պետք է օգտագործի, որպեսզի հնչի ՀԱՊԿ-ի ձայնը: Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, թե ինչո՞ւ դա չի արվում: Որովհետև որպես դաշինք՝ ՀԱՊԿ-ն ֆիկտիվ է և այլ նպատակներ է հետապնդում, քան հայտարարված է:

Հայաստանի ղեկավարությունը երևի շատ լավ գիտակցում է, որ ՀԱՊԿ-ն նման միջոցներ չի ձեռնարկի՝ հայտարարություններ չի անի, դրա համար փորձում են այդ հարցն ինչ-որ անտրամաբանական բացատրություններով հեռացնել իրենցից: Սակայն տրամաբանական առաջին քայլը հենց դա կլիներ, որ որպես նախագահող՝ Հայաստանը նիստ հրավիրեր, հայտարարության նախագիծ առաջարկեր:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, իհարկե, նաև բոլոր միջազգային կառույցներին, ներառյալ՝ ՄԱԿ-ին պետք է դիմել: Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա. Հայաստանի իշխանությունների հեղինակությունն ու վստահելիությունը միջազգային կառույցներում, որպեսզի հավատան Հայաստանի իշխանությունների խոսքին: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է տուժել Հայաստանի հեղինակությունը, ասենք, 4 տարի Եվրոպական Միության հետ բանակցելուց և մեկ գիշերվա ընթացքում քաղաքական կուրսը փոխելուց հետո: Նման պետության ղեկավարության հայտարարությունները որքանո՞վ վստահելի կլինեն միջազգային հանրության համար: Սակայն, այո, պետք է փորձել դիմել նաև միջազգային հանրությանը: Բայց կրկնում եմ՝ առաջին հերթին՝ այն կազմակերպությանը և այն դաշինքին, որի անդամն ես դու, և, եթե դրանից հետո ապացուցվում է, որ այդ դաշինքը միջոցներ չի ձեռնարկում, այդ դեպքում պետք է հարց առաջանա՝ ո՞րն է այդ դաշինքի կազմում մնալու նպատակը: Այստեղ է խնդիրը, որ հետևանքները կարող են շատ ավելի անսպասելի լինել Հայաստանի համար, եթե նա դիմի ՀԱՊԿ-ին և արձագանք չստանա, և դրանից է վախենում Հայաստանի իշխանությունը, որ բացահայտվի՝ դաշնակիցներն իրականում դաշնակիցներ չեն:

– Դուք նշեցիք, որ ՀԱՊԿ-ն այլ նպատակներ է հետապնդում, քան հայտարարված է. կմանրամասնե՞ք:

– Օրինակ՝ ՀԱՊԿ-ն սկսել է շատ մեծ ուշադրություն դարձնել իր անդամ պետությունների ներքաղաքական հարցերին: Բազմաթիվ որոշումներ են ընդունվել ՀԱՊԿ-ում, որ նա պետք է միջամտի, եթե տվյալ երկրում «գունավոր հեղափոխությունների» փորձ է կատարվում, ներքին կայունությանը վտանգ է սպառնում, և այլն: Չգիտես ինչո՞ւ՝ ՀԱՊԿ-ն այս համատեքստում շատ ավելի գործուն մեխանիզմներ է մշակում և շատ ավելի ակտիվ է, քան իր հիմնական գործում, որը պետք է լիներ իր անդամ երկրներին արտաքին ագրեսիայից պաշտպանելը:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ինչպե՞ս կվերընթերցեք դիվանագիտական լեզվով:

– Բավականին հավասարակշռված հայտարարություն է: Ես հասկանում եմ՝ բոլորիս ցանկությունը՝ այնտեղ հստակ նշվեր, որ հրադադարը խախտող կողմն Ադրբեջանն է, սակայն չմոռանանք, որ այդ կառույցը միջնորդական առաքելություն է իրականացնում: Միջնորդական առաքելության մանդատը պարտադրում է, որ քանի դեռ ընթանում է բանակցային գործընթաց, նա հավասարակշիռ մոտեցում ցուցաբերի և, այսպես ասած՝ մեղադրող չդառնա կողմերից որևէ մեկի համար, որովհետև այն պահից, երբ միջնորդը սկսի մեղադրել կոնկրետ մեկ կողմին, դա արդեն նշանակում է՝ հետագա բանակցությունների ձախողում:

– Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ այս սրացումներն ինչո՞վ են պայմանավորված, արդյո՞ք ռեգիոնալ քաղաքականությամբ կամ միջազգային կառույցների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժիչ տրամադրություններով:

– Այստեղ պետք է համաձայնեմ Ձեզ հետ. իհարկե, այդ ճնշումը կա միջազգային կառույցների կողմից, և Ադրբեջանին, իհարկե, ձեռնտու է այս պահին շեղել ուշադրությունը: Չմոռանանք, որ բոլոր բռնատիրական պետությունների համար արտաքին վտանգը, սպառնալիքն իր իսկ հանրության ուշադրությունը շեղելու միջոց է, և այժմ, երբ այդքան մեծ է ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, իհարկե, նա պետք է ցանկանար արտաքին թշնամու սպառնալիքով և հայրենասիրական ոգով իր ժողովրդի ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից:

Մեկ հանգամանքի վրա կուզեի ուշադրություն հրավիրել. վերջերս բուռն ընթացող ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական մերձեցումը: Դրա մեջ ներառվում է և՛ արդիական զենքի վաճառքն Ադրբեջանին, և՛ տնտեսական բանակցությունները, և՛, ինչպես բազմիցս նշվել է մամուլի հաղորդագրություններում, հենց այդ բանակցությունների ժամանակ արծարծված ղարաբաղյան խնդիրը:

Կարող եմ հղում կատարել հենց ռուսական աղբյուրներին և ասել, որ ռուս դիվանագետների կողմից բազմիցս հայտարարություններ են եղել, որ իրավիճակը պետք է փոփոխվի Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը, անշուշտ, ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը, ինչպես արդեն նշել են շատ հեղինակավոր միջազգային վերլուծական կենտրոններ: Չի բացառվում, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղարար ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ որպես լուծում, և այս համատեքստում արդեն հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ պետք է ստանա Ադրբեջանը՝ համաձայնելով ռուսական ուժերի տեղակայմանը: Պարզ տրամաբանությունը թելադրում է, որ Ադրբեջանի ուզածը, իհարկե, Հայաստանից զիջումներ կորզելն է: Եվ եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ենթադրում եմ, որ ազատագրված տարածքները կարող են սակարկման առարկա դառնալ: Ռուսաստանն իր բոլոր լծակներով ճնշում կբանեցնի Հայաստանի վրա, և, ի վերջո, ստանալով Հայաստանի համաձայնությունը, իր ուժերը կտեղակայի ռեգիոնում՝ ավելի մեծացնելով իր ազդեցությունը կովկասյան տարածաշրջանում, ինչը նրա ստրատեգիական նպատակների մեջ է մտնում:

Նման պարագայում ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի քայլերը:

– Հայաստանը ստիպված պետք է լինի վարել ինքնուրույն քաղաքականություն և հավասարակշռել ուժերի բալանսը տարածաշրջանում՝ համագործակցելով նաև մյուս համանախագահող երկրների, եվրոպական կառույցների, Արևելքի, Միացյալ Նահանգների հետ, և թույլ չտա իր համար անբարենպաստ որոշումներ, որի հետևանքները, իհարկե, լավ չեն լինի Հայաստանի համար:

– Այսինքն՝ Ռուսաստանի հետ դաշնակցությունն ընդհանրապես մեր շահերից չի՞ բխում:

– Ստացվել է այնպես, որ այդ դաշնակցությունը կա, փաստ է. պայմանագրերը կան, և, եթե այդ պայմանագրերը կատարվեին, ապա շատ խնդիրներ, որոնք այսօր առաջացել են, չէին առաջանա. նախ և առաջ՝ անվտանգության խնդիրները: Ո՛չ ՀԱՊԿ պայմանագիրն է գործում, ո՛չ 1997թ. կնքված Հայ-Ռուսական մեծ պայմանագիրը, որը, ի դեպ, նույնպես նախատեսում է, որ եթե Հայաստանի հանդեպ որևէ գործողություն լինի, Ռուսաստանը պարտավորվում է անմիջապես միջամտել Հայաստանի կողմից, և՝ հակառակը:

Այսինքն՝ նույնիսկ երկկողմ հարաբերությունների առումով այդպիսի պայմանագիր կա, որ Ռուսաստանն այդպիսի պարտավորություններ ունի: Խնդիրն այն է, որ կյանքն ապացուցում է՝ այդ պայմանագրերը չեն գործում, իսկ եթե դրանք չեն գործում, նշանակում է՝ դրանցով սահմանված անվտանգության երաշխիքները չկան, դրանք ֆիկտիվ են: Այդ դեպքում Հայաստանը պետք է փորձի վերանայել պայմանագրերը, և, եթե հարկ լինի, նույնիսկ դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, կամ վերանայել Հայ-Ռուսական պայմանագիրը, հարցի տակ դնել ռուսական ռազմաբազայի ներկայության անհրաժեշտությունը Հայաստանում: Այսինքն՝ Հայաստանը շատ լծակներ ունի Ռուսաստանի վրա ազդելու: Եթե Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու պատճառաբանությունն անվտանգությունն էր, իբր նա ապահովում է մեր անվտանգությունը, ապա այդ դեպքում Հայաստանը կարող է իրեն ազատ զգալ, չեղյալ հայտարարել ԵՏՄ անդամակցությունը, օգտվել Եվրոպական Միության հետ ասոցիացվելու ավելի բարենպաստ հեռանկարից:

– Բայց ասում են, որ մեր իշխանությունները վախենում են իրենց ավագ ընկերոջից, դրա համար են մտնում ԵՏՄ կազմի մեջ, այլ ոչ՝ ԵՄ:

– Կուզեմ ուղղակի հիշեցնել աղվեսի և կկվի հայտնի պատմությունը՝ դասական ստեղծագործություն, որը շատ արդիական է: Գուցե պետք չէ՞ այդքան վախենալ, ի վերջո, ո՞ւմ է պետք այնպիսի դաշնակիցը, որը քեզ հետ շանտաժի լեզվով է խոսում: Որքան շուտ ձերբազատվես այդպիսի դաշնակցից, այնքան լավ և այնքան ավելի անվտանգ:

Տեսանյութեր

Լրահոս