Երբ 22-23 տարեկանում քեզ մի զանգով հայտնում են, որ այլևս չես լինելու եթերում, թվում է, թե աշխարհի վերջն է. Աննա Ավանեսյան. Life.panorama.am
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավար Աննա Ավանեսյանը, ով «Առաջին ալիքի» նոր եթերաշրջանում ներկայացնում է «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» նախագիծը:
-Աննա շուտով կներկայանաք հետաքրքիր մի հաղորդաշարով, որը նախատեսում է օտար երկրներում ապրող մեր հայրենիակիցների հետ նոր ծանոթություններ եւ հանդիպումներ: Կպատմե՞ք, թե ումն էր գաղափարը նման հաղորդում ստեղծելու եւ ո՞րն է այդ հաղորդաշարի ամենակարեւոր նպատակը:
– Երկու տարի առաջ Հանրայինով սկսեցինք «Ճակատագրով՝ կին» հաղորդաշարը, որը ներկայացնում էր տարբեր մասնագիտության տեր ճանաչված հայուհիների պատմություններ՝ անձնական կյանքի և կարիերայի հետաքրքիր ու դրամատիկ դրվագներով: Նմանատիպ դիմանկարային հարցազրույց – ֆիլմաշար անելու փորձը և դրա ունեցած հաջողությունը մեզ բերեցին այն մտքին, որ նույնքան հետաքրիր կլինի ներկայացնել Հայաստանից դուրս ապրող հայտնի հայերին, ցույց տալ, թե ինչպես է դասավորվել նրանց ճակատագիրը էմիգրացիայից հետո, ինչով են զբաղվում այսօր: Այսպիսով, որոշում կայացվեց Առաջին ալիքի` աշնանը մեկնարկող նոր եթերաշրջանում ներկայացնել «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» նախագիծը, որի հերոսները ամերիկաբնակ մեր հայրենակիցներն են՝ արվեստի, սպորտի հայտնի գործիչներ:
-Այս հաղորդման միջոցով մինչ հեռուստադիտողին ծանոթացնելը հանրահայտ հայերի հետ, նախեւառաջ դուք ինքներդ եք նոր ծանոթություններ հաստատում, վստահաբար դրանք իրենց ներգործությունը կունենան Ձեզ վրա, կպատմե՞ք, թե այս առումով արդեն կայացած հանդիպումները ի՞նչ են տվել Ձեզ, եւ առհասարակ այդ առումով Ձեր զգացողությունների մասին:
– Մեր հերոսներից շատերն ապրում են ԱՄՆ-ում 20-30 տարի. Վիոլետ Գևորգյան, Լևոն Իշտոյան, Ալլա Թումանյան, Լևոն Շարաֆյան… Մեր սերնդի համար նրանք լեգենդ են, նրանց մասին պատմություններ շատ ենք լսել, բայց անձամբ շփվելու հնարավորություն չէր եղել: Կարողացա հարցազրույցների ընթացքում իրենց իսկ հուշերի միջոցով տեղափոխել նրանց կյանքի հիշարժան ժամանակահատվածներ, տեսնել նրանց հույզերը: Կարոտն ու նոստալգիան մեր զրույցների գերիշխող լեյտմոտիվն էին:
-Դրսում ապրող մեր հայրենակիցներից շատերը կարողացել են իրենց աշխատանքներով հայտնի դառնալ, հարգանք ձեռք բերել, դա մեզ՝ հայերիս, մեծ պատիվ է բերում, բայց չկա՞ ափսոսանք, որ նրանցից շատերը գուցե մեկ, երկու անգամ են եղել հայրենիքում, նկրահանումներից հետո նման զգացողություն չե՞ք ունեցել, արդյոք անկախ Ձեզանից չե՞ք բարկացել այդ երեւույթի վրա:
-Հայկական արմատներով մեծ հաջողությունների հասած անհատներից գերակշռող հատվածը Հայաստանում չեն ապրում, ի՞նչ եք կարծում նրանց հաջողության գրավականը օտար երկրում ապրելու եւ աշխատելու մե՞ջ է:
– Որևէ բնագավառում հաջողության հասնելու առաջին գրավականը, անշուշտ, տաղանդն է, բայց կարևոր է նաև միջավայրը: Այնտեղ, որտեղ կա մեծ շուկա, մրցակցություն և հեռանկար այդ տաղանդը կամ շնորհքը դրսևորվելու և գնահատվելու ավելի մեծ շանսեր ունի: Բնական է, որ տարբեր մասնագետներ փորձում են կարիերան կառուցել այդ մեծ շուկայում: Ժամանակակից աշխարհում սահմանները ջնջվել են, կարևոր չէ, թե որտեղ ես, կարևոր է, թե ինչ ես անում: Ուրախալի է, որ կան հայեր, ում հաջողվել է կայանալ ու ճանաչում ձեռք բերել տարբեր երկրներում:
-Աննա, Ձեզ հեռուստադիտողը ճանաչում է որպես շատ զուսպ, անասելի համեստ եւ սեփական հաջողությունները դրոշակ չդարձնող մարդու, ի վերջո, ինչպե՞ս կարելի է ձեւավորել մարդկային այդ տեսակը, երբ կան դրան հակադրող բազում դրդապատճառներ, կկիսվե՞ք Ձեր տեսակի գաղտնիքներով, չէ որ յուրքանչյուրս բացի ծնողներից ստացած դաստիարակությունից, նաեւ ինքնադաստիարակում ենք մեզ:
– Մեդիադաշտում աշխատելը և հայտնի լինելը բերում է իր հետ ինքնահավան ու եսասեր դառնալու գայթակղությունը: Իմ բանաձևը պարզ է. ես չեմ գերագնահատում իմ անձի և արած գործի դերն ու նշանակությունը, չնայած՝ երբեմն տուժում եմ դրանից սեփական անձի PR-ով ինքնամոռաց զբաղված մարդկանց ֆոնին: Ես պարզապես զբաղվում եմ մի գործով, որի անբաժան մասը ճանաչումն է, ուշադրության կենտրոնում լինելը, որին պետք է սովորել և հանգիստ վերաբերվել:
-Մի անգամ նշել եք, որ ընկերներին ինքներդ եք ընտրում, հետաքրքիր է, իսկ նրանց ընտրելու հարցում երկար ժամանա՞կ է Ձեզ հարկավոր:
– Ընկերներ չեմ ընտրում, պարզապես միշտ ունեմ շփվելու կամ չշփվելու ընտրություն: Ժամանակն ու կյանքի ընթացքը որոշ մարդկանց հեռացնում է, մյուսներին՝ դարձնում անփոխարինելի: Կան ընկերներ, ում բերել եմ հետս մանկությունից և հուսով եմ կտանեմ մինչ խոր ծերություն, բայց վերջին տարիներին էլ բացահայտել եմ ինձ համար նոր մարդկանց, ում ընկերությունն ու ներկայությունն իմ կյանքում շատ եմ գնահատում:
-Աննա, եթե մի պահ հետ նայեք, Ձեր կատարած բոլոր գործերը, աշխատանքում անցած ճանապարը ինչպե՞ս կգնահատեք. ափսոսանքնե՞րն են շատ, թե հակառակը:
– Աշխատանքը հեռուստատեսությունում և համերգային գործունեությունը առիթ են ստեղծել բազմաթիվ հանդիպումների, ծանոթությունների, ճամփորդությունների, որոնք արդեն դարձել են իմ կենսագրության մասը: Աշխատանքային գրաֆիկս շատ հագեցած է, հարուստ է հետաքրքիր իրադարձություններով, հետևաբար, ափսոսանք չկա, փոխարենը՝ բազմաթիվ հուշեր և մի փոքր հոգնածություն:
-Դուք նաեւ հոգեբան եք, իսկ հոգեբան պետք է լինել ոչ միայն մասնագիտությամբ, այլ նաեւ տեսակով, ինքներդ Ձեզ տեսակո՞վ, թե մասնագիտությամբ եք հոգեբան համարում, կարողանո՞ւմ եք մարդկանց հանել հոգեկան «ճահճից» եւ ինչպես եք դա անում:
– 19 տարեկանից հեռուստատեսությունում եմ, որպես հոգեբան երբևէ չեմ աշխատել: Դա բարդ ու անձնվեր աշխատանք է, որի մասին որոշակի սխալ պատկերացում կա մեր հասարակության մեջ: Հոգեթերապիայով նույնպես երբևէ չեմ զբաղվել, պարզապես ունեցածս գիտելիքների շնորհիվ կարող եմ «ճիշտ» շփվել մարդկանց հետ: Ինչ վերաբերում է տեսակին, ապա հաճախ եմ լսել, որ իմ ներկայությունը ինչ որ հանգստություն է բերում: Այդպես են ասում։
-Մի անգամ նշել եք, որ հեռուստատեսության ոլորտում մի քանի հարվածներ եք ստացել, բայց եւ անկոտրում եք մնացել, կկիսվե՞ք, թե ինչպես եք հաղթահարել այդ դժվարությունները, նաեւ Ձեր խորհուրդը խնդրեմ՝ դժվարությունները հաղթահարելու, եւ հիասթափություններին զոհ չգնալու վերաբեյալ:
– Երբ 22-23 տարեկանում քեզ մի զանգով հայտնում են, որ այլևս չես լինելու եթերում ու չեն տալիս որևէ ընկալելի բացատրություն, թվում է, թե աշխարհի վերջն է. ինձ հետ այդպես պատահել է: Հետո պարզվեց, որ հերթական ինտրիգների զոհ էի: Պարզապես պետք է ճիշտ գնահատել իրավիճակը և սեփական ուժերը: Հիասթափվել նշանակում է կորցնել ապագայի տեսլականը և ուժերը վատնել մեղավորներ և արդարացումներ փնտրելու վրա: Փոխարենը պետք է առաջ նայել, փնտրել նոր լուծումներ և այդ բարդ իրավիճակից դուրս գալ նոր փորձ և իմաստնություն ձեռք բերած: