Աճը՝ չակերտներից դուրս

Ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է ներկայացնել ՀՀ տնտեսության փայլուն ձեռքբերումները։ Սեպտեմբերի 22-ին այս կառույցը հրապարակեց նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.9%-ով։

Իսկ մինչ այդ ԱՎԾ-ն հայտարարել էր, որ երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5.1%-ով, և կիսամյակի կտրվածքով` ունենք շուրջ 4% տնտեսական աճ։
Ամենազարմանալին այն է, որ տնտեսական բլոկի գրեթե բոլոր պատասխանատուներն անթաքույց հպարտանում են այս «աճերով», անկեղծորեն հավատում դրանց և սրտանց վիրավորվում, երբ ուրիշները կասկած են հայտնում այդ աճի կամ դրա իրական բնույթի կապակցությամբ։

Իսկ կասկածելու հիմքերը բազում են, երբ խորանում ենք այդ «աճի» մեջ ու հպանցիկ ուսումնասիրում այդ աճը հիմնավորող պաշտոնական ցուցանիշները։

Ուրեմն այսպես` ակնհայտ է, որ տնտեսական ակտիվության և ՀՆԱ-ի աճի ցուցանիշն ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության հաշվին։ Վիճակագիրները գյուղատնտեսական արտադրանքի 13.5% աճ են գրանցել, արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 505 մլրդ դրամ։ Ընդ որում, աճն ապահովել է առաջին հերթին` բուսաբուծությունը։ Ու հենց այստեղ փաստերը վերջանում են։ Այլևս ոչ մի տվյալ մենք չունենք։ Ճի՞շտ է այս թիվը, թե՞ ոչ այնքան։ Իրականում քանի՞ կգ ծիրան կամ խաղող է աճեցվել։ Դրա համար էլ գյուղատնտեսության վրա կանգ չենք առնի` սա մութ անտառ է, որից գլուխ են հանում միայն վիճակագիրները։
Մյուս ոլորտների դեպքում այլ է` դատողություններ անելու համար որոշ տվյալներ կան։

Օրինակ` արդյունաբերության ոլորտը։ Այստեղ գրանցվել է 4.4%-ի աճն, ինչը վատ ցուցանիշ չէ` համաշխարհային զարգացումների ֆոնին։ Սակայն ինչի՞ հաշվին է այդ աճը։ Հունվար-օգոստոսի մանրամասն տվյալները դեռ չկան, սակայն պատկերացում կարող ենք կազմել հունվար-հուլիսի տվյալներով։

Իսկ այդ տվյալները ցույց են տալիս, որ արդյունաբերության աճն ապահովվել է հանքարդյունաբերության հաշվին։ Հանքարդյունաբերական արտադրանքը, որը կազմում է մեր ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 18%-ը, աճել է 34.4%-ով։ Իսկ մշակող արդյունաբերությունն անկում է ապրել 3.1%-ով (այս տարվա հունվար-հուլիսին մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 460 մլրդ դրամ)։

Այդ թվում` ամենախոշոր ենթախումբը` սննդամթերքի արտադրությունը, կրճատվել է 9.6%-ով` հասնելով 156.8 մլրդ դրամի։ Երկրորդ խոշոր ապրանքախումբը խմիչքներն են, որոնց արտադրության ծավալը նվազել է 22.1%-ով։ Ընդհանուր առմամբ, մշակող արդյունաբերության 16 խոշորացված խմբերից 8-ի գծով անկում է գրանցվել։ Ընդ որում, մշակող արդյունաբերության ոլորտի անկումն ավելի խորը կարող էր լինել, եթե ծխախոտագործությունը կտրուկ աճ տված չլիներ. ծխախոտային արտադրատեսակների արտադրությունն այս տարվա հունվար-հուլիսին աճել է 52.1%-ով` հասնելով 49.8 մլրդ դրամի։ Մի խոսքով, արդյունաբերության աճ ասելով` պետք է նկատի ունենալ ավելի շատ պղինձ ու այլ մետաղներ արդյունահանելն ու վաճառելը։ Իսկ դրանով հպարտանալ, իհարկե, չի կարելի։

Անցնենք առաջ` ծառայությունների ոլորտ։ Հունվար-հուլիսին գրանցվել է 2.4% աճ, հունվար օգոստոսին` 2.2% աճ։ Տեմպը թույլ է, բայց կարևորը` դրական է։ Սակայն եկեք հասկանանք` ինչ է իրենից ներկայացնում ծառայությունների ոլորտի աճը։ Կրկին, հունվար-օգոստոսի ցուցանիշների բացակայության պատճառով կհիմնվենք հունվար-հուլիսի վրա։

Եվ այսպես, 2015թ. հունվար-հուլիսին ծառայությունների ծավալը կազմել է 641.8 մլրդ դրամ։ Խոշորագույն ենթախումբն այստեղ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է, որի ծավալը կազմել է 156.7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ` այս ճյուղը գրանցել է 10.6% աճ։ Սակայն ընդհանուր ծառայությունների աճին ավելի շատ նպաստել է ոչ թե սա, այլ մեկ այլ խումբ, որը կոչվում է «մշակույթ, զվարճություններ և հանգիստ»։ Վիճակագրության հետ առնչվող ցանկացած մեկին հարցրեք` ո՞ր օբյեկտները պետք է հասկանալ այս անվանման ներքո։ Ու կլսեք պատասխանը` առաջին հերթին` խաղատները։ Ու այս ճյուղը գրանցել է 62.3% աճ (ծավալը կազմել է 88.5 մլրդ դրամ)։ Այսինքն` ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է նախևառաջ` խաղատների շնորհիվ։

Ծառայությունների մնացած խմբերի մեծ մասում գրանցվել է անկում։ Այսպես, կրթական ծառայությունների ծավալը նվազել է 3.2%-ով, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկմանը` 5.7%-ով, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը` 5.4%-ով, տեղեկատվության և կապի ոլորտը` 2.5%-ով, տրանսպորտը` 26.3%-ով, և այլն։ Սա էլ ծառայությունների ոլորտի «աճը»։

Շինարարություն. այստեղ խոսելու բան էլ չկա. ոլորտը լճացած վիճակում է` ընդամենը 0.2% աճ։ Ընդ որում, այդ աճն ապահովվել է ոչ թե պետության կամ կազմակերպությունների, այլ բնակչության միջոցների հաշվին։

Մի քանի խոսք էլ արտաքին առևտրաշրջանառության մասին։ Նոր` ճշգրտված տվյալներով, ներմուծման ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նվազել է 26.3%-ով և կազմել 2 մլրդ 74.1 մլն դոլար, իսկ արտահանումն աճել է 0.5%-ով և կազմել 967.4 մլն դոլար։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ Նախ` արտահանման աճը թույլ է` դրանով ուրախանալու համար։ Բացի այդ` այն ապահովվել է գլխավորապես հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման հաշվին։ Իսկ ներմուծման կրճատմանը կարելի է երկու տեսանկյունից նայել։ Ներմուծման կրճատման արդյունքում մեր արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը փոքրացել է։ Սակայն մյուս կողմից` ներմուծման կրճատումը նվազեցնում է պետբյուջեի հարկային մուտքերը և անուղղակիորեն վկայում բնակչության գնողունակության անկման մասին։

Թերևս` այսքանը։ Ընդգծենք, որ վերը շարադրվածը հիմնված էր ամբողջությամբ պաշտոնական վիճակագրության տվյալների վրա։

Հիմա ինչ անել` ուրախանա՞լ այս ցուցանիշներով, թե՞ մտահոգվել։ Կառավարության պարագայում այս հարցի պատասխանը պարզ է` միանշանակ ուրախանալ, ոգևորվել և ոգևորությունը փոխանցել հասարակությանը։

Կենտրոնական բանկի տեսակետը ժամանակին փոքր-ինչ տարբերվում էր կառավարությունից. ԿԲ-ն այդքան լավատես չէր տնտեսական հեռանկարների հարցում։ Սակայն տարվա ընթացքում սկսեց մեղմացնել իր դիրքորոշումը և վերանայեց տնտեսական աճի կանխատեսումը։

Իսկ վերջին հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 22-ին և վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, Կենտրոնական բանկը նշում է. «Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը` մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը։

Համախառն առաջարկի և պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը` զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը։ ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումներն էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը»։

Ուզում էինք գրել` ճաշակի հարց է` ով ինչպես կգնահատի իրերի փաստացի դրությունը։ Սակայն զերծ կմնանք նման ձևակերպումից, որովհետև մեզ հաստատ կպատասխանեն` ի՞նչ ճաշակ, ամեն ինչ հիմնված է մասնագիտական վերլուծությունների վրա։

Տեսանյութեր

Լրահոս