«Միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն հաջողության հասնելու համար». Գերմանիայի դեսպանը՝ «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի մասին
Մերձեցումը կամ հաշտեցումը կարող է արդյունք տալ, երբ երկու երկրների հանրությունները ներգրավված են դրանում: Այս կարծիքին է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սեպտեմբերի 13-ին մեկնարկած «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի առաջին փուլի արդյունքների մասին՝ նշեց, որ ծրագրի շրջանակներում այնպես են արել, որպեսզի երկու հասարակությունների երիտասարդները հանդիպեն ու զրուցեն պատմության «դժվար» դրվագների մասին:
Նշենք, որ այդ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «Դի Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից:
«Ինչպես հայտնի է, 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական գործընթաց սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների մասով, բայց նաև ձեզ հայտնի պատճառներով՝ գործընթացը կասեցվեց, բայց մենք գտնում ենք, որ կարևոր է հարաբերությունների պահպանումը: Համոզված եմ նաև, որ միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն հաջողության հասնելու համար: Մենք բոլորս գիտենք, որ զգացմունքայնությունն այս հարցերում շատ դժվար կարող է դարձնել երկու հասարակությունների միջև շփման հնարավորությունը և հեռանկարները»,- նշեց դեսպանը:
Նրա խոսքով՝ պատմությունը զգալ և վերապրել հնարավոր է միայն անձնավորված մակարդակի վրա, ոչ թե դասագրքային: Նա կարևորում է մարդկանց մեջ կապերի, փոխհարաբերությունների հաստատումը, որպեսզի երիտասարդները հասկանան, թե ինչ են մարդիկ զգում, երբ նման բաներ են կատարվում:
«Ծրագիրը բազմաշերտ է, բայց նրա հիմնական նպատակը երիտասարդների մերձեցման ուղին է Հայաստանում և Թուրքիայում: Երկու կողմից 10-ական երիտասարդներ ենք ընտրել, և նրանք արդեն ճանապարհորդել են Գյումրիով, Թալինով, Էջմիածնով և Երևանով: Այս ամենը տեղի է ունեցել ամսի 13-ից մինչև այսօր: Ծրագրի հաջորդ հատվածը տեղի կունենա հաջորդ տարի»,- նշեց դեսպանը: