«Ֆրենչայզինգի համար հայաստանյան բիզնես միջավայրը թեև բավական բարենպաստ է, սակայն կան խնդիրներ». Տիգրան Ջրբաշյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակն «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության հետ համատեղ, այսօր անցկացնում են գործարար համաժողով՝ նվիրված ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:
Ֆրենչայզինգի համար Հայաստանի բիզնես միջավայրը բավական բարենպաստ է, և այստեղ բոլոր հիմնական ուղղություններով կատարվում են ֆրենչայզինգային գործարքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:
Վերջինիս խոսքերով՝ ֆրենչայզինգային ներդրումն իր էությամբ ոչ միայն կապիտալի ներհոսք է, նման գործարքները հնարավորություն են տալիս ներդրումներ կատարել տեխնոլոգիաների, բիզնես պրոդուկտների, ինչպես նաև՝ այլ ծառայությունների մեջ:
«Կապիտալ չի ներդնում, այդ իսկ պատճառով ֆրենչայզինգային գործարքն աշխարհում առաջին ներդրումային տեսակն է համարվում, որի դեպքում կապիտալի ռիսկը նվազում է՝ հասնելով զրոյի: Այսինքն՝ ֆրենչայզինգային ձևաչափն ամենաքիչ ռիսկային տարբերակն է, որը հնարավորություն է ընձեռում արտասահմանյան ընկերություններին՝ մուտք գործել հայկական շուկա և հասկանալ դրա առանձնահատկությունները, իսկ տեղական ներդրողներին՝ ներգրավել կայացած և հաջողակ բիզնես տեխնոլոգիաներ»,- ասաց Տիգրան Ջրբաշյանը՝ ավելացնելով, որ նման գործարքները հնարավորություն կտան ներմուծել այն բոլոր տեխնոլոգիաները, բրենդերը, բիզնես պրոցեսները, որոնք այսօր կան համաշխարհային տնտեսության մեջ: Ըստ նրա՝ երկրում տնտեսական իրավիճակն ու միջազգային շուկայում ներկայացվածությունը նպաստում է գործարքների քանակին ու խորությանը, և սա այն խնդիրն է, որ Հայաստանը պետք է լուծի:
Տ. Ջրբաշյանն ասաց, որ ֆրենչայզինգի համար Հայաստանի բիզնես միջավայրը բավական բարենպաստ է, սակայն ոչ բոլոր նախագծերը, բրենդերը կարող են Հայաստանում աշխատել, այդ պատճառով ֆրենչայզերները պետք է խոր ուսումնասիրություն անցկացնեն, հասկանան տվյալ բրենդի համար ձեռնտու ոլորտը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում ԱՄՆ ընկերությունները հայկական շուկայում ավելի ակտիվ գործունեություն կծավալեն:
Ֆրենչայզինգի համար կարևոր է, թե տվյալ շուկայում որքանով են պաշտպանված ինտելեկտուալ սեփականության իրավունքները: Հայաստանում այդ իմաստով խնդիրներ կան:
«Դժվար է իրականացնել գործարք, երբ նույն անվան տակ, առանց ֆրենչայզինգային գործարքի, կարող է խանութ բացվել: Կարծում եմ՝ Հայաստանում ինտելեկտուալ սեփականության պաշտպանության ոլորտը որոշակի բարեփոխումներից հետո հասել է այն մակարդակի, որը թույլ է տալիս ֆրենչայզինգային ոլորտի ընկերություններին հետաքրքրվել երկրի շուկայով», – ասաց Ջրբաշյանը: