Բաժիններ՝

«Չպետք է թողնել, որ Ադրբեջանը մարսի իր արածները՝ այն իմաստով, որ Բաքվում կմեկնաբանեն, որ անգամ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում որևէ կերպ չի փոխում իրավիճակը, որևէ ձևով Հայաստանին ավելի պաշտպանված չի դարձնում»

Երբ Հայաստանը որոշեց անդամակցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), մեզ ներկայացվում էր, որ դա անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանը միայնակ չի կարող ապահովել իր ռազմական անվտանգությունը՝ դիմակայել իր հզոր, բայց թշնամական հարևաններին. հիմա բավականին լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ փորձարկելու ՀԱՊԿ-ի նշանակությունն իր ռազմաքաղաքական անվտանգության առումով:

Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱՊԿ վերջին նիստին, որտեղ Հայաստանի նախագահը խոսել էր Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման մասին , նկատեց, որ ՀԱՊԿ-ն ավանդաբար դիտարկվել է ավելի շատ՝ որպես թղթի վրա գործող կազմակերպություն, քան՝ դաշինք:

«Անցյալ տարի, երբ Հայաստանի սահմանները բավականին թեժացան, ՀԱՊԿ-ի պահվածքը բավական տարօրինակ էր՝ այն իմաստով, որ Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը դասական առումով տեղավորվում էր ՀԱՊԿ-ի համապատասխան հոդվածի շրջանակներում, այն է՝ ռազմական սպառնալիք, վտանգ դաշինքի անդամներից մեկի նկատմամբ, ինչն առնվազն պահանջում էր, որ այդ կառույցը պետք է ոչ միայն՝ քննարկի իր դաշնակցի նկատմամբ նախապատրաստվող ոտնձգությունը, այլև՝ կոլեկտիվ արձագանք տա»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Նրա գնահատմամբ՝ այս շրջանը շատ կարևոր է՝ նկատի ունենալով այդպես էլ Հայաստանի սահմաններին ուղղված չթուլացող ռազմական վտանգը. «Թերևս, Հայաստանի իշխանությունների համար, ովքեր մեզ միշտ հավաստիացումներ էին տալիս այդ դաշինքի կենսունակության մասին, այժմ դաշինքի կենսունակության փորձարկման շրջանն է, և, բնականաբար, Հայաստանը պետք է ոչ միայն ապավինի սեփական միջոցներով կասեցնելու կամ լռեցնելու հակառակորդին, այլև դաշինքի խնդիրը դնի»:

Ս. Սաֆարյանի կարծիքով՝ սա քաղաքական նշանակություն ունեցող հարց է՝ այն իմաստով, որ Հայաստանը պետք է անցում կատարի ոչ միայն՝ սահմանի վրա հակառակորդին պատժելու գործողություններին, այլև, ընդհանուր առմամբ, միջազգային հարթակներում և կառույցների միջոցով՝ Ադրբեջանին մեկուսացնելու և զսպելու քաղաքականությանը: Ըստ բանախոսի՝ ՀԱՊԿ-ն այդ հարթակներից մեկը պետք է դառնա:

«Եթե մենք բաց թողնենք այդ առիթը, ապա ստեղծված իներցիան շարունակվելու է, և Ադրբեջանն իր համապատասխան հետևություններն է անելու Հայաստանի պաշտպանվածության վերաբերյալ: Ադրբեջանն այնքան էլ հիմար չէ, նա մշտապես իր գործողությունները նախաձեռնել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ նաև ինքն է նպատակ ունեցել հասկանալու, թե այս կամ այն կառույցին Հայաստանի անդամակցությունն ինչպես է փոխում նրա պաշտպանվածության մակարդակը»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող էր հետևություն անել, որ Հայաստանի միացումը ԵՏՄ-ին, կամ Հայաստանի շարունակվող անդամակցումը ՀԱՊԿ-ին որևէ ձևով չեն ավելացրել նրա անվտանգությունը, և ինքը կարող է ոտնձգություն իրականացնել. «Չպետք է թողնել, որ Ադրբեջանը մարսի իր արածները՝ այն իմաստով, որ Բաքվում կմեկնաբանեն, որ անգամ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում որևէ կերպ չի փոխում իրավիճակը, որևէ ձևով Հայաստանին ավելի պաշտպանված չի դարձնում: Ես կարծում եմ՝ Հայաստանը պետք է այս խնդիրը դնի ՀԱՊԿ-ի շրջանակներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս