«Վարդապետի լռությունը». Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմը
Հայաստանի ազգային կինոկենտրոնը, մասնակցությամբ «Շարմ Հոլդինգի», մոտ ժամանակներս հանդիսատեսի դատին կներկայացնի Վիգեն Չալդրանյանի խաղարկային լիամետրաժ ֆիլմը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին: Սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, որին իր մասնակցությունն է ունեցել նաև Ռուբեն Հովսեփյանը: Ըստ կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմը ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը եղերական 1915 թվականից հետո…
Հարցին, թե ո՞րն է այս ֆիլմի ուղերձը, Վ. Չալդրանյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ Կոմիտասը տիեզերքից էր տրված՝ որպես «ազգի խիղճ», այսօր մենք խնդիր ունենք վերադարձնելու այդ խիղճը, վերադառնալու դեպի Կոմիտասը: Ինձ համար Կոմիտասը մշակութային փրկիչ էր: Կոմիտասի լռության հետ աշխարհն էլ լռեց: Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ասում է. «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի, և այսօր աշխարհը խոսում է… »:
Դիտարկմանը, որ մեր օրերում հասարակության պահանջարկը բավարարում են ամենևին ոչ այս կարգի արժեքներ կրող ֆիլմերը, և հարցին, թե ո՞ւմ համար է այս ֆիլմը, Վ. Չալդրանյանը պատասխանել է. «Ֆիլմ նախաձեռնելիս երբեք չեմ մտածում՝ որ խավի համար է այն: Իմ ֆիլմերի հասցեատերը մարդն է: Առհասարակ ես ֆիլմ եմ ստեղծում, որովհետև պարզապես չեմ կարող չստեղծել: Արվեստագետի հոգում և մտքում կուտակումները պետք է հրաբխի պես ժայթքեն, իսկ եթե հետո արարումը դառնում է հանդիսատեսի սեփականությունը, դա ստեղծագործական բերկրանք է»:
Նշենք, որ ֆիլմի նկարահանումները մեկնարկել են դեռևս 2014 թ. աշնանը: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան): Ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին:
Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: