Էյֆորիան անցնելուց հետո Մարտիրոսյանի և նրա կնոջ կյանքը Ադրբեջանում իսկական դժոխք կդառնա. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Եվ այսպես, Երեւանից Ադրբեջան փախած եւ որպես «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար ներկայացող Վահան Մարտիրոսյանը երեկ Բաքվում ասուլիս է տվել եւ իրեն ներկայացրել որպես Սերժ Սարգսյանի արյունարբու իշխանության զոհ, որին քաղաքացիական ակտիվությունների համար ենթարկել են հետապնդումների, բռնությունների, կտտանքների։

Այս հայտարարությունները կարող էին հասկանաք եւ ընկալելի լինել հայ հանրության համար, պայմանով՝ եթե հնչեին Երեւանի որեւէ մամուլի ակումբում, սոցիալական ցանցի էջում, ընդհուպ մի որեւէ ժողովրդավարական երկրի մայրաքաղաքում։ Բայց Իլհամ Ալիեւի ղեկավարած Ադրբեջանի մայրաքաղաքում այսպիսի խոսքեր հնչեցնելը առնվազն հարցեր է առաջացնում։ Մասնավորապես արդյո՞ք Իլհամ Ալիեւի ռեժիմը պակաս արյունարբու է, քան Սերժ Սարգսյանինը։ Բոլորը հիմքերը կան պնդելու, եւ դա ակնհայտ է, որ Ալիեւի ռեժիմը եթե առավել արյունարբու չէ, առնվազն պակաս արյունարբու չէ, քան Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Հետևաբար՝ ի՞նչ նպատակ կարող է ունենալ արյունարբու ռեժիմներից մեկի թեւի տակ պատսպարված մյուս արյունարբու ռեժիմին քննադատելը։ Սա կարելի է անել միայն մի դեպքում, եթե դու այդ արյունարբու ռեժիմներից որեւէ մեկի հավաքագրված գործակալն ես։ Որեւէ այլ բացատրության լինել չի կարոդ։

Հակառակ դեպքում, եթե մղումներդ ազնիվ են, ինչո՞ւ նույն հաջողությամբ չես քննադատում քեզ ապաստան տված արյունարբու ռեժիմին եւ նրա առաջնորդ Իլհամ Ալիեւին։ Ի վերջո, միջազգայնորեն ապացուցված է, որ Ալիեւի ռեժիմը կտտանքների, բռնությունների, հետապնդումների է ենթարկում քաղաքական հակառակորդներին, ակտիվիստներին, իրավապաշտպաններին եւ լրագրողներին ու դա անում է Սերժ Սարգսյանի ռեժիմից առնվազն ոչ պակաս փութաջանությամբ։ Հիմա Մարտիրոսյանը Ալիեւի ռեժիմի կողմից իրականացվող հետապնդումներն ու կտտանքները դատապարտու՞մ է, թե ոչ։ Եթե դատապարտում է, ինչո՞ւ այդ մասին բարձրաձայն չի հայտարարում, եթե չի դատապարտում ուրիշների նկատմամբ գործադրվող կտտանքներն ու ապօրինի բռնությունները, ինչո՞ւ է դատապարտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումները։ Դրանք իր նկատմամբ են կիրառվում, դրա՞ համար։ Եթե այդպես է, ուրեմն նա ոչ թե հալածյալ է, այլ մորթապաշտ ու հացկատակ։

Հաջորդ պահին ադրբեջանցիները կսկսեն կասկածել, որ Մարտիրոսյանն ուղղակի Հայաստանի հատուկ ծառայությունների մտածված սուպերկուլբիտային օպերացիայի արգասիք է, որ Ադրբեջան է ուղարկվել հատուկ, գաղտնի առաքելությամբ։ Ու երբ ադրբեջանցիները սա կասկածեն, իսկ էյֆորիան անցնելուց հետո անպայման կկասկածեն, ահա այդ պահից Մարտիրոսյանի եւ նրա կնոջ կյանքը Ադրբեջանում իսկական դժոխք կդառնա։ Հույս ունենք՝ Մարտիրոսյանը, նրա կինն ու երեխան Ադրբեջանից կկարողանան փախչել նույնպիսի հաջողությամբ, ինչպես կարողացան փախչել Շտիրլիցը, Կեյտը եւ երկու նորածինները ֆաշիստական Գերմանիայից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս