«Մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին». Գալուստ Սահակյան
«Սահմանադրական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն իշխանությունների համար, սակայն դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, հասարակության և քաղաքական ապագայի տեսանկյունից, և խոսքը վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճության գերի ընկնելով պնդում են քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ: Երբեք ոչ մեկը չպետք է երկրի, պետության Սահմանադրությունը շփոթի սեփական Սահմանադրության հետ: Ինչպես ասում են՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար՝ ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ ներկայումս դրանում առաջարկվող փոփոխությունները ո՛չ որևէ մեկի սեփականություն է, ո՛չ որևէ մեկի համար են, ո՛չ էլ որևէ մեկի դեմ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ բնական համարելով, որ այս փոփոխությունները պետք է ուղեկցվեին բուռն գրոծընթացով:
Ըստ նրա՝ դրանք ուղղված չեն քաղաքական մի ուժի կողմից իշխանության պահպանությանը, այլ պետք է ապահովի կայուն ընթացքը դեպի զարգացում, և դրանից ելնեով էլ սահմանադրական հանձնաժողովը ներկայացված առաջարկությունները քննարկում է անկախ նրանց հեղինակների քաղաքական դիրքորոշումից և կուսակցական պատկանելությունից: Նա շնորհակալություն հատնեց բոլոր այն անհատներին ու խմբերին, ովքեր իրենց մասնակցությունն են բերում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, ինչը ենթադրում է նաև բացասական անդրադարձ, մերժում ու քննադատություն.
«Այս տեսանկյունից հասկանալի է դեմ կողմերի դիրքորոշումը, որոնք փորձում են ինչ-որ անվանումով շարժում ձևավորել: Սա էլ է տեղավորվում սահմանադրական փոփոխությունների շրջանակներում ազատությունների ու ժողովրդավարության շրջանակներում»:
«Մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին, այո, մենք «ոչ» ենք ասում պոպուլիզմին, «ոչ» ենք ասում քաղաքացիական ներուժը ժամանակավրեպ ակցիաներով վատնողներին, անհետացող ու պահ առ պահ վերակենդանացող գործիչների կողմից ժողովրդի զգացումների վրա խաղացող ու թատերախաղով զբաղվողներին, բայց «այո» ենք ասում քաղաքացիական ակտիվությանը, Սահմանադրության շրջանակներում տեղավորվող ցանկացած գործողության»,- ասաց Գ.Սահակյանը՝ հիշեցնելով կարդինալ Ռեշիլյեի խոսքը, թե «տվեք ինձ ամենազանիվ մարդու կողմից գրված 6 տող և ես դրանում կգտնեմ մի բան, որի համար կարելի է կախել նրան»:
Գ.Սահակյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները նշանակում են, որ իշխանությունը շահագրգիռ է ունենալ առավել կատարելագործված փաստաթուղթ. «Եթե որևէ քաղաքական ուժ կամ գործիչ նշված փաստաթուղթը պատկերացնում է որևէ թատերական թղթախաղ, իրեն գլխավոր դեր չի հատկացնում, ապա մեր ժողովուրդը բավարար իմաստուն է, որ ընտրությունների ժամանակ նրան համապատասխան վերաբերմունքի արժանացնի»: Նա ցանկություն հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունները դիտարկվի որպես կարևոր գործընթաց, որն ուղղված է ժողովրդվար պետության կառուցման, մարդու իրավունքների, իշխանության ճիշտ բաժանման, քաղաքական ու տնտեսական կայուն զարգացման համար իրավական հիմքի ձևավորման համար: