Պահպանողականի հայացքով. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Սադամի, Քադաֆիի, Ասադի ռեժիմները բռնապետական էին: Իսկապես բռնապետական՝ առանց այլընտրանքային քաղաքական հոսանքների եւ լրատվամիջոցների, մարդկանց «անհետացումներով» եւ զանգվածային խոշտանգումներով: Բայց այդ ռեժիմների տապալումից հետո ի՞նչ է տեղի ունենում այդ երկրներում. մի՞թե անիշխանությունն ու քաոսը երջանկացրեցին բնակիչներին, մի՞թե հիմա այնտեղ մի քանի տասնյակ անգամ ավելի շատ մարդ չի զոհվում, քան բռնապետության ժամանակ:
Դրանից, իհարկե, պետք չէ եզրակացություն անել, որ բռնապետությունը լավ եւ հանդուրժելի բան է, պարզապես, եթե հետեւենք, թե ինչպես, ինչ եղանակով են այդ ռեժիմները տապալվել, մարդկային ինչ սարսափելի տառապանքների է դա բերել, մտածում ես՝ գուցե ավելի լավ է՝ բռնապետություն մնար: Հայաստանում (Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, ինչպես նաեւ, օրինակ, Վենեսուելայում, Բոլիվիայում եւ տասնյակ այլ երկրներում) ռեժիմը բռնապետական չէ, բայց, իհարկե, նաեւ ժողովրդավարական չէ:
Եղել են եւ շարունակվում են փորձերը՝ կտրուկ փոփոխություններ իրականացնել այս կամ այն «ակցիայի» միջոցով՝ սկսած 88-ին մարդկանց «Զվարթնոց» օդանավակայան ուղարկելուց (որի պատճառով մի երիտասարդ մահացավ), ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը ջարդելուց, շարունակած 96-ին ԱԺՄ-ականների՝ Ազգային ժողով ներխուժելով եւ վերջացրած օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելով: Գիտեմ, որ ամեն մեկն ունի իր արդարացումը, իրադարձությունների իր մեկնաբանությունը եւ այլն: Բայց իմ ընկալմամբ՝ որքան էլ համակրելի լինեն հեղափոխականները, որքան էլ նրանք «արդար» լինեն իրենց պայքարում, ցանկացած նման ակցիա իրականում մեզ առաջ չի տանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: