«Ինչո՞ւ էին հյուրանոցները փակել մեր առաջ». «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ

Սեպտեմբերի 25-ին սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը Գյումրիի թատերական հրապարակում անցկացնելու է հանրահավաք: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Արշակ Մուսախանյանը և Արմեն Գրիգորյանը:

Նրանք տեղեկացրեցին, որ նախատեսում են նաև հանրահավաքներ անցկացնել Երևանում, բայց դրա մասին ավելի մանրամասն առաջիկայում կխոսեն:

«Հանդիպում ենք բոլոր այն քաղաքական, քաղաքացիական ուժերի հետ, ովքեր միացել են «Ո՛չ»-ի ճակատի ստեղծմանը, և կազմակերպչական աշխատանքներ ենք քննարկում: Երեկ հանդիպել ենք «Ժառանգություն» կուսակցության հետ, մոտակա օրերին քննարկումներ կլինեն նաև մյուս քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ, թե նրանք ինչով կարող են օգնել»,- նշեց Ա. Գրիգորյանը:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ շարժումը կքաղաքականացվի, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ շարժումն ամբողջական քաղաքական է. «Այստեղ քաղաքական հարց է բարձրացված, չի կարող քաղաքական հարց բարձրացվել ու վախենալ դրա քաղաքականացվելուց»:

Ա. Մուսախանյանն էլ նշեց, որ շարժման հիմնական կազմակերպիչն իրենք են լինելու, իսկ քաղաքական ուժերն իրենց կաջակցեն. «Մենք կարծում ենք՝ պետք է համագործակցել քաղաքական ուժերի հետ, և մենք ցանկանում ենք, որ լավ քաղաքական դեմքերն անպայման մաս կազմեն մեր գործընթացին»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասում է՝ «Ո՛չ»-ի ճակատը վտանգ չի ներկայացնում, քանի որ միասնական չէ՝ մի կողմից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից՝ «Հիմնադիր խորհրդարանը», Ա. Մուսախանյանն այսպես պատասխանեց. «Շփվելով և՛ ՀԱԿ-ի, և՛ «Հիմնադիր խորհրդարանի» հետ, կարող եմ ասել, որ պառակտման վտանգ, տեսակետների տարբերություն այս պահին գոյություն չունի: Հանրապետականները եթե ասում են, որ պառակտված է «Ո՛չ»-ի ճակատը կամ իրենից ոչինչ չի ներկայացնում, շատ պարզ հարց կարող է առաջանալ, իսկ ինչո՞ւ էին հյուրանոցները փակել մեր առաջ: Մենք գնահատում ենք, որ նրանք անհանգստացած են բավականին, որովհետև, եթե մինչ մեր համաժողովը կար «այո»-ի ճակատ՝ Սերժ Սարգսյանի և քաղաքական գործիչների ֆոտոսեսիան, ամսի 12-ից հետո ձևավորվեց «Ո՛չ»-ի ճակատ, որը միասնական հայտարարություն տարածեց, ու ձևավորվեց երկրորդ բևեռը, և քաղաքական առումով՝ իշխանությունները բավականին անհանգստացած են»:

Տեսանյութեր

Լրահոս