Բաժիններ՝

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը սեպտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ:

ՍՊԾ գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Սեպտեմբերի 13-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) տեղի ունեցած սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Մարտունի քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք:

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ, որոնցից հինգը` Թուրքիայի տարածքում: Սեպտեմբերի 9-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է տեղի ունեցել Ալաշկերտ քաղաքից 28 կմ դեպի հարավ-արևմուտք:

Նույն օրը և սեպտեմբերի 14-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4 և 2.6) երկու սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հորասան քաղաքից 12 կմ դեպի արևմուտք և 39 կմ դեպի հարավ-արևելք: Սեպտեմբերի 11-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է տեղի ունեցել Դողուբայազեթ քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նույն օրը նույն ուժգնությամբ գրանցված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Վան քաղաքից 29 կմ դեպի հյուսիս: Սեպտեմբերի 16-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 47 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.2) երկրաշարժ:

Տարածաշրջանից դուրս սեպտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 8 երկրաշարժ: Սեպտեմբերի 13-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայի ծոցում՝ մեքսիկական Տոպոլոբամփո քաղաքից 59 կմ դեպի հարավ-արևմուտք: Սեպտեմբերի 16-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից 154 կմ դեպի հյուսիս-արևելք: Վերոնշյալ երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Սեպտեմբերի 17-ին 8.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի 22816 մարդ բնակչություն ունեցող Իլլապել քաղաքից 40 կմ դեպի արևմուտք:

Այդ երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 30 կմ խորության վրա: Հիմնական ցնցմանը հաջորդած M≥5.0 մագնիտուդով 26 հենցնցումներից ամենաուժեղը գրանցվել է 23 րոպե հետո` M=7.0: Չիլին տարածականորեն գտնվում է իր սեյսմսաակտիվությամբ առաջինը համարվող խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (Հրե օղակ), որը հայտնի է մոլորակի վրա տեղի ունեցող ամենաուժեղ և ամենաավերիչ երկրաշարժերով: 1960 թվականի M=9.5 մագնիտուդով երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Չիլիում:

Ըստ նախնական տեղեկությունների, երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել` 15-ը, վնասվել են տասնյակ շինություններ, կան բազմաթիվ ավերածություններ, քանդվել են ճանապարհներ և կամուրջներ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Չիլիի մի շարք քաղաքներում, Բրազիլիայում և Չիլիից 1100 կմ հեռավորության վրա գտնվող Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է հնարավոր ցունամիի վտանգի մասին, ափամերձ տարածքներից տարհանվել է մեկ միլիոն մարդ:

Ցունամիի ալիքը Չիլիում հասել է 4,5 մետրի` հարվածելով Կոկիմբո քաղաքին: Հնարավոր ցունամիի վտանգի մասին հայտարարվել է նաև Ճապոնիայում, Ռուսատանում, Կալիֆորնիայում և Հավայան կղզիներում: Ցունամիի հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Սեպտեմբերի 17-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 2010 թվականի փետրվարի 27-ին Չիլիում տեղի ունեցած M=8.8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնից 500 կմ դեպի հյուսիս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս