Սահմանվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում հնարավոր է ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Որոշման համաձայն՝ սահմանվել է այն հիվանդությունների ցանկը, որոնցով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում կուտակային բաղադրիչի մասնակիցը, ՀՀ առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա, կարող է դիմել ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

Օրենքի 56-րդ հոդվածով սահմանված են այն պայմանները, որոնցից գոնե մեկի առկայության դեպքում մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ: Այդ պահանջը մասնակիցը կարող է ներկայացնել ինչպես նախքան կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը, այնպես էլ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը (կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝ անուիտետները, ծրագրային վճարները, միանվագ վճարները):

Նույն հոդվածով սահմանված պայմաններից է ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալը (վիճակներում գտնվելը): Այս դեպքում մասնակիցն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի իրավունքը ձեռք է բերում ՀՀ առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա:

Կուտակային բաղադրիչի մասնակցի դիմումը և համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը մարում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը և համապատասխան միջոցները միանվագ վճարում մասնակցին:

Սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս